Ու՞ր ենք գնում, կամ ուղղակի՝ նրանցը մեր ինչի՞ն է պետք...

Ու՞ր ենք գնում, կամ ուղղակի՝ նրանցը մեր ինչի՞ն է պետք...

Ճշմարտությունից հեռու, թե ճշմարտությանը մոտ՝ մեկ է, մշուշուտ է մեր ապագան: Օտարների շահերը սպասարկող քաղաքական դերակատարների ՀԱՅԱՄԵՏ լինելը չէր փրկությունը ազգի: Երկրից օտարված նրանց հայացքները վաղուց էին շրջանցել մեզ: Նախընտրական շրջանն ինձ համար եղել է «փրկիչների» հայտնություն: Նրանք գալիս են, ներկայանում իրենց ազգափրկիչ ծրագրային դրույթներով, սակայն, հետընտրական շրջանում մոռանում են փրկության ճաապարհը, քանի որ օտար քամիների մեջ գերեվարված հոգիները չեն կարող բերել փրկությունն ազգի կամ կրել փրկությունն իրենց մեջ...

Յուրաքանչյուր երկիր ունի իր մշակույթն ու ավանդույթները: Որպես հայ՝ չեմ կարող գերմանացուն ոչ ստիպելով, ոչ էլ համոզելով, խնդրելով հրամցնել իմ հրաշք ազգային արժեքները...

Մեր ժամանակներում հսկայական մեծ ռեսուրսներով են ոչնչացնում ազգային արժեքները՝ պաշարելով, իրենց մեջ առնելով անմեղ հասարակությունները: Ցավոք «ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ» քողի տակ մեծ վտանգ եմ տեսնում: Մեզ մատուցում են մի ուրիշ, մի այլ մշակույթ, որի նիստուկացը մերը չէ: Բաց հասարակության, իհարկե, կարելի է հասնել, բայց ազգային արժեքները չոտնահարելով, չշրջանցելով: Բաց հասարակությունը տղամարդկանց կին դարձնելով չեն ստեղծում:

Չմոռանանք, որ այդ տեսակով չէ մեր սահմանների անառիկությունն այսօր պայմանավորված: Բնության օրենքները շրջանցելով` նորություն չես ստեղծի... Ու առահարասարակ ինչով ենք մենք վատը, որ մեզ այսքան ջանասիրությամբ ուզում են փոխել... Օրինակ՝ գրականությամբ հզոր ենք:

Լորկայի մեծությամբ որքան էլ տարված լինեմ, մեկ է, նրա տողերը Չարենցի «Նավզիկե»-ի, Թումանյանի «Էսպես չի մնա»-ի կամ քառյակների հետ չեմ փոխի: Որքան էլ Ֆոլքներն իր անմահ, հզոր գրով գրավի մոլորակը, մեկ է, ինձ Նար-Դոսն ու Մաթևոսյանը լավ հասկացան: Հիմա Թումանյանին, իրոք, տեղին է հիշել. լավ էր ասում՝ չգիտենք՝ ինչի՛ հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք, տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ...

Հ.Գ Գնահատենք, պահպանենք մեր ունեցածը, որ օտարները չգան ու քաղաքակիրթ ձևով մեզ վրա մատ թափ չտան՝ պարտադրելով մեզ համար այդքան օտար իրենցը...

Վաչագան ՄԱՆՈՒԿՅԱՆ