Ու՞մ է անհանգստացում Արցախի կայունությունը

Ու՞մ է անհանգստացում Արցախի կայունությունը

Նոր իրավիճակում, երբ ուրվագծվում է կարգավորման բանակցություններին Արցախի լիարժեք ներգրավման հնարավորություն, տրամաբանական կլիներ, որ իրենց հայրենասեր եւ արցախափրկիչ անվանող շրջանակները ձեռնպահ մնային Հայաստանի վարչապետի հետ դիմակայությունից կամ գոնե այն ներարցախյան դաշտ տեղափոխելու գայթակղությունից: Պարզվում է, մեր պատկերացումները նրանց մասին չափազանց լավատեսական են:

Վերջին օրերին նրանք նախ Արցախում դիմակայություն հրահրելու փորձ կատարեցին ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի միջոցով, իսկ երբ ցանկալի արդյունք չունեցան, անցել են բացահայտ խարդավանքների: Լրատվամիջոցներից մեկը «խորիմաստ» վերլուծություն է արել եւ տպավորություն փոխանցել, որ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սամվել Բաբայանն սպասում է հարմար պահի, որպեսզի հեռանցնի նախագահ Արայիկ Հարությունյանին եւ տիրանա ամբողջական իշխանությանը: Եւ, իբր, այդ հեռանկարին տեղյակ է նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ համակերպվել է: 

Ինչ-որ մեկին Արցախի ներքին կայունությունը եւ զարգացման հեռանկարն ակնհայտորեն անհանգստացնում են: Այլապես նա տեղեկատվական տիրույթ չէր նետի այս խարդավանքը, որը նախ նախագահ Արայիկ Հարությունյան-ԱԽ քարտուղար Սամվել Բաբայան, ապա եւ՝ Արցախ - Հայաստան հարաբերություններում կասկածամտություն սերմանելու, պառակտում մտցնելու, դիմակայություն հրահրելու եւ խառնակության հողի վրա իշխանություն յուրացնելու ծրագրի կոդավորում  է: Եւ ամենանողկալին՝ Արկադի Ղուկասյան-Սամվել Բաբայան՝ քսանամյա վաղեմության հակասությունների հիշեցումը:

Մի՞թե երկու տասնամյակ առաջ նույն ձեռքն է գործել: Բայց դա անցած-ավարտված փուլ է: Ներկայումս մեր ժողովրդի եւ պետականության առջեւ փոփոխվող աշխարհում ձեռքբերումները պահելու, մեր ինքնությունը զորացնելու եւ տարածաշրջանում ռազմա-քաղաքական օրակարգ թելադրելու գերխնդիրն է կանգնած: Այդ նպատակին հասնելու համար անձնական-խմբակային հավակնությունները պետք է մի կողմ թողնել: Երեւում է, ոմանք սեփական ռեինկառնացիան ավելի առաջնահերթ են համարում, քան՝ միասնական հայրենիքի անվտանգությունը: Ցավալի անկում է: Կամ, ավելի ճիշտ՝ խարդավանքներով ստեղծված կենսագրության վերջին անփառունակ էջ: Որովհետեւ նրանք Արցախում ոչ միայն աջակից, արդեն համակիր էլ չունեն: