Մաքիավելու «լույսի» ներքո

Մաքիավելու «լույսի» ներքո

2018-ին կատարված իշխանափոխությունը մինչեւ հիմա ավելի շատ առ անցյալ է գաղափարական հղումներ արել, քան առ ներկա, ավելի շատ աղերսներ ունի անցյալի հետ, քան՝ ներկայի: Քաղաքագիտական ոչ մի նորագույն ուսումնասիրություն դեռ չի տվել այն հարցի պատասխանը, թե ի՛նչ է ձեւավորել Նիկոլ Փաշինյանն իր երկամյա կառավարման ընթացքում, ո՛րն է կառավարչական այդ խիստ էկլեկտիկ մոդելի անվանումը: (Ես կարծում եմ (սա ասում եմ որպես օժանդակություն ապագա ուսումնասիրողներին)՝ կառավարչական այդ մոդելի անվանումը հենց Նիկոլ է, քանի որ վաղուց այս անունը հանդես է գալիս որպես ինքն իր որոշիչը):

Բայց Փաշինյանն արժեր, որ իր կառավարմանը եւ իրեն` իբրեւ կառավարչի, անդրադառնային ոչ միայն քաղաքագետները, այլեւ բոլոր այն ոլորտների մասնագետները, որոնք կառավարչի ամենահաս ձեռքով երկու տարվա մեջ կա՛մ ավերվել են, կա՛մ ավերումի ընթացքի մեջ են: Իսկ այս ամենի համար, որպես հենքային գիտություններ, որոնցով գիտականորեն մեկնաբանելի կդառնային ավերումները, հանդես կարող են գալ բարոյագիտությունը եւ հոգեբանությունը, որոնց հետ կառավարիչը չլուծված խնդիրներ ունի:

Ամենացավալին, սակայն, այն է, որ Ն. Փաշինյանի կառավարումը, իներտ գտնվելով ներկայի հետ երկխոսության մեջ, դեպի ապագա հղվող մեսիջներ էլ չունի: Քաղաքագիտական առումով՝ այն, ինչին հախուռն ու անհետեւողական ձգտում է Ն. Փաշինյանը, դարձ է դեպի անցյալ, մասնավորապես՝ խոր միջնադար: 

Նիկոլո Մաքիավելին՝ 15-16-րդ դարերի նշանավոր մտածողը, «Տիրակալը» աշխատության առաջին գլխում (ամենասկզբում) մի պարզունակ միտք է արտահայտում, որը ճշգրտությամբ փոխադրելի է մեր ժամանակներ` 21-րդ դար` ժամանակակից Հայաստանի Հանրապետություն. «Անցյալում կամ ներկայում… բոլոր պետությունները եւ տերությունները եղել են հանրապետություն կամ միահեծան կառավարվող միապետություն»։ Պետության մասին այսպիսի պատկերացում ունի նաեւ Նիկոլ Փաշինյանը: Վերոբերյալ նախադասության «կամ» բառը Նիկոլի ժամանակներում պարզապես փոխարինվել է «եւ» բառով, որովհետեւ ակնհայտ է, որ սահմանադրությամբ հանրապետություն հռչակված եւ պետական բոլոր կառույցներով իբրեւ հանրապետություն ներկայացող Հայաստանն այսօր դանդաղ «եւ» որոշակիորեն գնում է դեպի «միահեծան կառավարվող միապետություն»:
Ի դեպ, Մաքիավելու աշխատության հենց միայն գլուխների անվանումները մեր իշխանությունների համար անցանկալի զուգահեռների տեղիք են տալիս: Ինչ ասես արժե, օրինակ, «Այն մասին, թե տիրակալներն ինչպես պիտի իրենց խոսքը պահեն» գլուխը: «Հեղափոխական» բազում խոստումներ տված Ն. Փաշինյանն այսօր հասարակության լուրջ հատվածի կողմից թագադրվել է որպես «Սուտ Նիկոլ», ու դրանով ամեն ինչ ասված է:

Ն. Փաշինյանը յուրովի է արձագանքում Ն. Մաքիավելու հետեւյալ խոսքերին (բացառելով դրանք 21-րդ դարի Հայաստանի քաղաքական պատմության կոնտեքստից). «Նոր տիրակալը չպիտի հապճեպ վճիռներ արձակի։ Նա իրեն պետք է դրսեւորի որպես զուսպ, շրջահայաց եւ ուղղամիտ իշխող»: Փաշինյանը կենդանի հերքումն է այս որակների. նրան բնորոշ են հենց անզսպությունը, անշրջահայացությունը եւ անուղղամտությունը:

Գլուխներից մեկը (6-րդ) վերնագրված է՝ «Նոր պետությունների մասին, որոնք ձեռք են բերվում… ճակատագրի բարեհաճությամբ»: Հետաքրքիր վերնագիր է, չէ՞: Վերջին երկու տարում բազմաթիվ են դեպքերը, երբ Ն. Փաշինյանը խոսել է նոր Հայաստանի, նոր իրավիճակի, նոր պետության մասին: Նրա մեծամտությունն ու ինքնահավանությունն ուղղակի թույլ չեն տալիս ինքն իրեն համարել այլոց ժառանգորդ, շարունակող. ինքը սկիզբների սկիզբն է, աննախադեպների աննախադեպը: Սակայն փորձենք էլի մի քիչ սթափեցնել աննախադեպին: Մաքիավելու պնդմամբ՝ նոր պետությունները կարող են ձեռք բերվել նաեւ «ճակատագրի բարեհաճությամբ»: Նիկոլի պարագայում «ճակատագիրը» շատ որոշակի հատուկ անուն է՝ անուն-ազգանունով, հասցեով, բայց ինձ ավելի կարեւոր է թվում «բարեհաճություն» բառը, որն իրենով նվազեցնում է անհատի վճռական դերակատարությունը` դա վերապահելով հանգամանքներին եւ իրերի դասավորությանը: Նիկոլ Փաշինյանը հանգամանքների բարեհաջող դասավորության «ջենտլմենն» է:

Մաքիավելու աշխատության 23-րդ գլուխը կոչվում է` «Ինչպես խուսափել քծնողներից»: Ժամանակակից Հայաստանում քծնությունը եւ շողոքորթությունը վաղուց «ինստիտուցիոնալացվել» են` ի դեմս Ազգային ժողովի («Իմ քայլը» խմբակցության) եւ կառավարության, պետական այլ կառույցների: Եվ պատմականորեն ստացվել է այնպես, որ այսօր պետության հիմքերը քանդում են ոչ այնքան կոռուպցիան կամ հովանավորչությունը, որոնց դեմ իբր թե անձնուրացաբար պայքարում են նոր իշխանավորները, որքան համապետական քծնանքը` քծնախտը: «Կուզենայի կանգ առնել եւս մի կարեւոր հանգամանքի, ավելի ճիշտ՝ մի թուլության վրա, որից տիրակալները դժվարությամբ են ձերբազատվում, եթե չունեն բացառիկ խելք ու խորաթափանցություն»,- քծնանքի մասին գրում է Մաքիավելին:

Սակայն սա Նիկոլոյի կողմից միանգամայն անօգուտ հուշում է Նիկոլին, որովհետեւ մեր «տիրակալը» չունի նշված «բացառիկ խելքն ու խորաթափանցությունը»։ Նա իր հարյուրավոր ու հազարավոր ստորադասների քծնանքն ընկալում է որպես սեփական անփոխարինելիության վկայություն, իբրեւ երախտապարտ խոնարհում իր առաքելական «հայտնության» առջեւ… 
Ի դեպ, Մաքիավելին վերոհիշյալ աշխատությունը նվիրել է Ֆլորենցիայի Հանրապետության ղեկավար Լորենցո Մեդիչիին (1449-1492), որ արվեստների մեծ սիրահար էր եւ հովանավոր: Խելամիտ կառավարման համար ժամանակակիցները նրան կնքել էին Լորենցո Հոյակապ անունով: 
Մեր «դեպքում», ավաղ, նույնը չես ասի: