Կեղծ էլիտաները՝ պետության գերեզմանափոր

Կեղծ էլիտաները՝ պետության գերեզմանափոր

Ամերիկացի ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերին իր հանճարեղ «Ֆարենհայտ 451» հակաուտոպիստական վեպում հրկիզապետ Բիթիի շուրթերով բանաձեւում է հայաստանյան ներկայիս իշխանության գործելակերպի վարքականոնը. «Եթե չես ուզում քո հասարակության մեջ տեսնել դժբախտ քաղաքացիների, թույլ մի՛ տուր նրանց հասկանալ հարցի երկու կողմերն ու մտահոգվել այդ առիթով։ Հարցի միայն մի կողմի՛ն հաղորդակից դարձրու նրանց, դեռ ավելին՝ ընդհանրապես հնարավորություն մի՛ տուր քննարկելու այդ հարցը։ Այնպես արա, որ մոռանան «պատերազմ» երեւույթի մասին։ Եթե կառավարությունն անարդյունավետ ծանր բյուրոկրատական համակարգ է, որը հարկախեղդ է անում բնակչությանը, թող որ այդպես լինի, միայն թե պետք է թույլ չտալ, որ ժողովուրդն ըմբոստանա։ Ամենակարեւորը անդորրն է»։

Զուգահեռ իրականության նման հետեւողական կերտման ձեռագիրը հար եւ նման է ներկայիս վարչախմբի վարքին։ Բնական է, որ իշխանության նման գործելակերպի դեպքում վերնախավերը, նախեւառաջ մտավորականությունը, պետք է ուղղորդողի, կողմնորոշողի, ճշմարտությունը բարձրաձայնողի դերն ստանձներ։ Մինչդեռ մեր «հաստիքային» մտավորականության մեծագույն մասը լուռ է, սպասողական վիճակում կամ արդեն իսկ այս անպատիվ իրավիճակին համակերպված։ Արվեստագետներից, գիտնականներից, մանկավարժներից, մտքի մյուս մշակներից յուրաքանչյուրը գործում է բացառապես սեփական ներքին համարձակության եւ արժեքների թելադրանքով։
Նրանցից շատերը մինչեւ վերջին պահը չէին ուզում տեսնել սպառնալիքն ու վտանգը, այսօր էլ խուսափում են սեփական սխալն ընդունելուց եւ հրապարակավ ներողություն խնդրելուց։ Ճամարտակողների, իմաստակների պակաս չկա, հանդիսատեսն ու լսողն է բացակայում։ Ու որքան էլ ցավալի է, պարտավոր ենք արձանագրել, որ մտավորականի կշիռն ու որակն էապես ընկել են։

Համեմատենք ընդամենը արցախյան շարժման հարթակում կանգնած, խորհրդային դաստիարակություն ստացած եւ ԽՍՀՄ քաղաքացի լուսավոր հայորդիներին կոչումների ու պարգեւների հետեւից ընկած ներկայիս պատեհապաշտ արվեստագետների բացարձակ մեծամասնության հետ։

Շարժման տարիներին հարթակից ելույթ ունեցող, «Միացում» վանկարկող եւ անգամ խորհրդային պատժիչ մեքենայի սարսափներն իր մաշկի վրա զգացած մտավորականության մեծագույն մասն այսօր չկա, բայց, ցավոք, չկան նաեւ նրա փոխանորդները։ Ինքնության կորսման, շարունակական պառակտման, համատարած ատելության եւ թշնամանքի, հազար ու մի ներքին անհեթեթ բաժանումների հասարակություն է սա, որը կարոտ ու ծարավի է մտքի մշակների իմաստուն խոսքի եւ ուղղորդման, հայրական խրատի ու քարոզի։ Դրա փոխարեն՝ տեսնում է այսուայն եթերը լցրած զանազան «վաստակավորների» ու «ժողովրդականների», որոնք իրենց բանուգործը թողած՝ փրփուրը բերանին հարցնում են՝ «Եթե ոչ Փաշինյանը, ապա ո՞վ, նախկիննե՞րը»։ Եվ հարցի նման պարզունակ, ստերեոտիպայնացված ձեւակերպմանը ոչ ոք չի հակադարձում, թե՝ սա է մեր կուսակցական դաշտը, ուզենք, թե ոչ, որտեղի՞ց պեղենք նոր գաղափարներ, մարդկանց ու կուսակցություններ։

Մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն մտավորականներին, որոնք հետպատերազմյան մեկ տարում չնահանջեցին իրենց սթափեցնող, արթնացնող ելույթներում, հասկացրին, որ անթույլատրելի է մի ամբողջ ժողովրդի բախտի հետ փորձարկում անել լոկ այն պատճառով, որ մարդիկ չեն ուզում ծանոթ դեմքերի տեսնել։ Մինչդեռ եթե իրենց ոլորտներում հսկայական լսարան ունեցող կարծիքի առաջնորդներն անկեղծորեն խոստովանեին, որ Փաշինյանն ընդամենը կարգախոսների սիրահար է, բայց պետության գերեզմանափոր, միգուցե եւ հանրային արթնացումը շատ ավելի վաղ վրա հասներ։

Դավիթ Սարգսյան