Իհարկե՝ արեւմտյան

Իհարկե՝ արեւմտյան

Նկատի ունենալով «գունավոր» շարժումների եւ հեղափոխությունների նկատմամբ ՌԴ նախագահի խիստ բացասական վերաբերմունքը՝ չեմ հասկանում, թե ինչու ինքն աջակցեց 2018 թվականի հայկական արկածախնդրությանը: Մինչ այդ արդեն տեղի էին ունեցել 2003 թվականի «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանում եւ 2004 թվականի (Նարնջագույնը) ու 2014 թվականի «Եվրամայդանն» Ուկրաինայում: Եվ երեք դեպքում էլ ակնհայտ էր Վլադիմիր Պուտինի բացասական վերաբերմունքը: Բայց, չգիտես ինչու, նույն Պուտինի թույլտվությամբ ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը մի ողջ ինքնաթիռ լրագրողներ էր բերել Մոսկվայից, այդ թվում՝ արտերկրյա, ինչն ապահովեց «դուխով» Նիկոլի քարոզչությունը ՌԴ-ում եւ արտասահմանում: Ինչո՞ւ դա կատարվեց: Երեւի հենց այդտեղ է թաքնված «արտաքին հզոր ուժերի վերաբերյալ»՝ 2018 թվականին մերժված Սերժ Սարգսյանի բողոքը:

Եթե ասվի, որ դա կատարվեց, որպեսզի Նիկոլին քաշեին իրենց կողմը՝ դա միամտություն կլիներ: Իսկ 2018-ին դժվար էր պատկերացրել, որ ՌԴ նախագահը կարող էր քաղաքական միամիտ քայլ անել: Հատկապես հաշվի առնելով, որ դրանից կես տարի առաջ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունը խորհրդարանական լսումներ էր կազմակերպել՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ, եւ իր դիրքորոշումները բոլորին հայտնի էին: «Ելք»-ում էլ, եթե չեք մոռացել, Էդմոն Մարուքյանի «Լուսավորն» էր, Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետությունը» եւ Նիկոլ Փաշինյանի «Քաղպայմանագիրը»: Դրանցից առաջին երկուսն արեւմտական էին ու ազատական, վերջինը՝ «իզմ»-եր չընդունող արեւմտական:
«Իզմ»-երի առումով չգիտեմ, բայց որ «Քաղպայմանագիր» կուսակցությունը շարունակում է մնալ արեւմտական՝ դրանում կասկած լինել չի կարող: 

Քաղաքական ո՞ր ուժն է խաղում ՀԱՊԿ-ի (նույնն է, թե ռուսական ՆԱՏՕ-ի) հեղինակության հետ: Իհարկե՝ իշխող ուժը: Անվտանգային ո՞ր համակարգի հետ է անընդհատ շփվում ԱԽՔ պաշտոնին նշանակված արցախցի (կներեք՝ լեռնային ղարաբաղցի) Գրիգորյան Արմենը: Իհարկե՝ արեւմտյան: Անվտանգային ո՞ր համակարգի հետ է աստիճանաբար շփումներն ակտիվացնում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը: Բնականաբար՝ ՆԱՏՕ-ական: Ո՞ր երկրների հովանավորությամբ է ձեւավորվում մեր արտաքին հետախուզությունը: Իհարկե՝ արեւմտյան: Ո՞ր կողմն է առարկայական, բարոյական եւ, ենթադրաբար՝ մեթոդական աջակցություն ցուցաբերում իշխանությանը, երբ վերջինս ներքաղաքական խնդիրներ է ունենում: Իհարկե՝ արեւմտյան: Ո՞ր կողմն է, որ անընդհատ գովում է իշխանությանը՝ իրականում գոյություն չունեցող ժողովրդավարության զարգացման առումով: Իհարկե՝ արեւմտյան:

Չեմ հասկանում, թե էլ ինչ է պետք գրագետ ու ընդդիմադիր հայաստանցուն, որպեսզի հասկանա, որ Նիկոլն ամբողջությամբ տեղավորվում է արեւմտյան շահերի շրջանակներում: Առնվազն մինչեւ այն պահը, որ նա կսկսի հետապնդել ոչ թե օտարի եւ նույնիսկ թշնամու, այլ սեփական երկրի շահերը: Ինչը, կարծում եմ, ֆանտաստիկայի ժանրից կլինի: Ուրիշ հարց, որ ոմանք կարող են լինել ավելի նիկոլական, քան հենց ինքը` Նիկոլը: Ինչը կլիներ անբնական, սակայն քաղաքականապես սովորական դարձած տարբերակ: Իզուր չէ ստեղծվել, չէ՞, «Պապից ավելի կաթոլիկ» արտահայտությունը: Բայց դրանց ես չեմ կարող դասել գրագետների եւ նույնիսկ ընդդիմադիրների շարքը: Դրանք կարող են դասվել, օրինակ, Նիկոլի հետեւորդ, սակայն արեւմտյան ղեկավարության աչքում նրան մրցակից երկոտանի արարածների շարքում, որոնց դեպքում հայրենիքի ճակատագրի վրա թքած ունենալու աստիճանը գերազանցում է Նիկոլինը: