Մեկանգամյա օգտագործման մարդիկ ենթակա չեն կրկնակի օգտագործման

Երբ Նիկոլ Փաշինյանը կորցնի իշխանությունը, ո՛չ նա, ո՛չ նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այլեւս երբեք չեն կարողանա իշխանության հայտ ներկայացնել, այդ մարդիկ ուղղակի դուրս կմղվեն քաղաքականությունից: Փաշինյանն այն աստիճան է մաշում, վարկաբեկում, մինչեւ վերջ ոչնչացնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որ իր հեռանալուց հետո այդ կուսակցությունից ոչինչ չմնա:
Հայաստանում կուսակցություններ չկան, մեկ-երկու բացառություններից բացի, կան ՍՊԸ-ներ, որոնց սեփականատերերին կոչում են կուսակցության նախագահ, այդ՝ կուսակցություն կոչվածները դադարում են գոյություն ունենալ դրանց սեփականատերերի վախճանից հետո, նույնիսկ ժառանգներին բաժին չեն հասնում: Ի տարբերություն նյութական ժառանգության, քաղաքականը հնարավոր չէ ժառանգել, մանավանդ որ ժառանգելու առանձնապես բան էլ չկա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի լուծարման եւ նոր ընտրությունների անցկացման մասին, անմիջապես այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նրա ղեկավարած «Վերածնունդ» կուսակցությունը պարտվել է Եվրախորհրդարանի ընտրություններում: Մակրոնը կարող էր ասել, որ Եվրախորհրդարանի ընտրությունները որեւէ կապ չունեն Ֆրանսիայի խորհրդարանի հետ, որ ընդամենը երկու տարի առաջ տեղի ոնեցած Ֆրանսիայի խորհրդարանի ընտրություններում իր ղեկավարած «Միասին» բլոկը ստացել է ամենաշատ քվեները, որ խորհրդարանական մեծամասնությունը եւ ինքը դեռ բազմաթիվ ծրագրեր ունեն իրականացնելու, ինքը չի կարող ամեն երկու տարին մեկ արտահերթ ընտրություններ անցկացնել, մի խոսքով՝ կարող էր ամեն ինչ անել՝ իր իշխանության գոյությունը եւս մի որոշ ժամանակ ձգելու համար: Բայց Մակրոնը դա չարեց, ավելին` եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Վերածնունդը» եւ նրա դաշնակից ուժերը պարտվեն, Մակրոնը՝ ինքը, հրաժարական կտա նախագահի պաշտոնից, քանի որ կկորցնի լեգիտիմությունը, անկախ նրանից, որ Ֆրանսիան նախագահական հանրապետություն է, եւ ինքն ընտրվել է համընդհանուր քվեարկության միջոցով:
Նույնը հաստատ կանի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ում կառավարության օրերը եւս հաշված են, քանի որ նրա` Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նույնպես պարտվել է Եվրախորհրդարանի ընտրություններում՝ ստանալով ընդամենը 14 տոկոս ձայն, այն դեպքում, երբ Քրիստոնեադեմոկրատական միություն եւ Քրիստոնեա սոցիալական միություն դաշինքը ստացել է 29.5 տոկոս, իսկ ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը` 16,5 տոկոս:
Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, եվրոպական այլ երկրներում քաղաքական գործիչները սիրում են իշխանություն, սիրում են նախագահական, վարչապետական եւ նախարարական պաշտոններ, բայց նրանք չեն կարող ընտրողների կամքին հակառակ՝ կառչած մնալ իշխանությունից, իրենց աթոռներից, քանի որ այդ կուսակցությունների հետեւում կա պատմություն, իսկ որ ամենակարեւորն է՝ այս կուսակցություններն իրենց սեփականությունը չեն, իսկ կուսակցության անդամները` իրենց ենթակաները, այդ կուսակցությունների հետեւում կան ինքնուրույն եւ կայացած մարդիկ, ովքեր չեն պատրաստվում Մակրոնի կամ Շոլցի հեռանալուց հետո հեռանալ քաղաքականությունից:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստեղծվել է 1863 թվականին, բավական բարդ եւ ծանր փորձությունների միջով է անցել, եղել են տարիներ, երբ արգելվել է, գործել է ընդհատակում, եղել է ե՛ւ իշխանության մեջ, ե՛ւ ընդդիմություն: Այս կուսակցությունը ո՛չ Օլոֆ Շոլցն է ստեղծել, ո՛չ էլ իր հեռանալով կուսակցությունը կվերանա: Էմանուել Մակրոնն ինքն է հիմնադրել «Վերածնունդ» կուսակցությունը, որը սկզբում կրում էր «Առաջ Ֆրանսիա» անունը: Բայց նույնիսկ այդ պարագայում կուսակցությունը Մակրոնի սեփականությունը չէ, այն մի սեփականատիրոջով ՍՊԸ չէ, եւ կուսակցության անդամներն էլ Մակրոնի ՍՊԸ-ի աշխատակիցները չեն, որ ում երբ ուզի, հեռացնի աշխատանքից: Նոր ընտրություններում «Վերածնունդը» կպարտվի եւ կկորցնի իշխանությունը, բայց այն ապրելու եւ գործելու իրավունք կստանա:
Փաշինյանը եւ «Քաղաքացիական պայմանագիրը» վաղուց պետք է հեռացած լինեին իշխանությունից եւ ոչ միայն պարտության ու ստորագրված կապիտուլյացիայի պատճառով: Փաշինյանի կուսակցությունը պարտություն կրեց Հայաստանի երեք ամենախոշոր քաղաքներում` Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններում, պարտվեց նաեւ բազմաթիվ այլ համայնքային ընտրություններում, բայց շարունակում է կառչած մնալ իշխանությունից եւ աթոռից: Նա ուզում է առավելագույնս քամել այդ իշխանությունից եւ իր ղեկավարած կուսակցությունը հասցրել է մի կետի, որ այն այլեւս չի կարող ոչ թե երբեւէ իշխանության հայտ ներկայացնել, այլեւ իշխանության կորստից հետո նույնիսկ գոյություն ունենալ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունի անդամներ, կան Փաշինյանի աշխատողներ, ավելի ճիշտ` ենթականեր, ովքեր իրավունք չունեն նրան ասելու, թե ինչու ես վերջնականապես ոչնչացնում մեզ եւ մեր ապագան: Փաշինյանը նրանց վերաբերվում է որպես վարձու աշխատուժի, որոնց հիմա լավ վճարում է իրենց ծառայությունների համար, պայմանով, որ դրանից հետո իրենք դառնալու են օգտագործման համար ոչ պիտանի: Իրենք ընդունել են մեկանգամյա օգտագործման ենթակա լինելու պայմանը, որ նրանց առջեւ դրել է Փաշինյանը:
Այնպես որ, պայմանավորվել մեկանգամյա օգտագործման ենթակա մարդկանց հետ, փորձել նրանց կրկնակի օգտագործել սեփական տիրոջ դեմ, դժվար թե ստացվի:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ