Ռուսներն ի սկզբանե ունեին մեկ նպատակ

Ռուսներն ի սկզբանե ունեին մեկ նպատակ

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:

- Ռուս-ուկրաինական պատերազմի վերջը, կարծես, չի երևում: Ռազմական գործողությունները շարունակվում են և այս ամենն իր ազդեցությունն է ունենում նաև Արցախի ու Հայաստանի վրա:

- Պատերազմը սկսելուն պես շատ էր խոսվում հնարավոր բլից-կրիգի մասին: Չգիտեմ, թե ինչից էին որոշել, որ պետք է բլից-կրիգ լինի, բայց եթե անգամ լիներ բլից-կրիգ, այն ևս պատերազմների համար տարբեր տարածքներում, տարբեր ժամանակներ է նշանակում: Փաստորեն այդ սպասումները ճիշտ չէին և հիմնազուրկ էին: Այս պատերազմի ընթացքում ռուսների համար որոշ անակնկալներ եղան` հաշվարկների տեսանկյունից: Գուցե ճիշտ անալիզ չի եղել:

- Ի՞նչ անակնկալների մասին եք խոսում:

- Ամենագլխավոր անակնկալն այն էր, որ ուկրաինացի ժողովուրդը լուրջ դիմադրություն ցույց տվեց: Տպավորություն է, որ Ռուսաստանի վարչախմբից տեղեկացել էին, որ Ուկրաինայում կարող են լինել ճիշտ Ղրիմի նման տրամադրություններ, այսինքն` աղ ու հացով են իրենց դիմավորելու: Ուկրաինական հասարակությունը բավականին մարտունակ է տրամադրված: Ուկրաինական բանակի մասին ևս սխալ տպավորություն կար: Նկատենք նաև սանկցիաների կիրառման մասին, թեպետ չեմ բացառում, որ հնարավոր սանկցիաների կիրառման մասին ինֆորմացիան ռուսներն ունեին, գուցե որոշակի վերապահումներով: Այնուամենայնիվ, եթե ամբողջովին սանկցիաների մասով ինֆորմացիա ունենային, ապա պատերազմ սկսելուց առաջ իրենց ֆինանսական ռեզերվները, որոնք պահվում էին երկրից դուրս, կտեղափոխվեին իրենց համար լոյալ վայրեր: Կարծում եմ խնդիրը միայն նրանում չէ, թե պատերազմը որքան կտևի, խնդիրն այն է, թե կողմերի համար ինչ է նշանակում հաղթանակը: Ինչպես դա կընկալվի, ընկալումը շատ կարևոր է: Կարծում եմ` ռուսներն ի սկզբանե ունեին մեկ նպատակ և հիմա էլ այդ նպատակն ունեն: Օրերս բացահայտեցին, որ փորձում են Դոնեցկի և Լուգանսկի միավորումները սահմանադրությամբ նախատեսած կետերով վերականգնել: Այս պարագայում Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններն, ըստ էության, միավորվում են իրար, միաժամանակ նաև ցամաքային ճանապարհ է հաստատվում` դեպի Ղրիմ: Այսինքն` իրենց հիմնական խնդիրը այս տարածքները Ղրիմին միացնելն ու իրենց վերահսկողության տակ վերցնելն է: Նրանց հիմնական նպատակը հենց սա է եղել և կա: Կիևի և Խարկովի գրավումը նրանց նպատակների մեջ չի մտնում: Պարզապես ռազմական գործողություններն ընթանում են տարբեր ուղղություններով` երկիրը պարալիզացնելու նպատակով: Ես կարծում եմ, որ հենց Դոնեցկի և Լուգանսկի մասով հարցերը լուծվեն և այդ ցամաքային ճանապարհը, որն, ի դեպ, արդեն կա, վերջնականապես վերցնեն իրեն վերահսկողության տակ, ռազմական գործողությունները կարող ենք ավարտված համարել:

- Ինչպես տեսնում ենք, այս ամենն ուղղակիորեն ազդում է նաև Հայաստանի և Արցախի վրա:

- Ընդհանուր առմամբ թշնամին արդեն իսկ առիթից օգտվում է և դեռ կփորձի օգտվել առիթից, որովհետև բավականին զավեշտալի և հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել: Խաղը գնում է բաց: Եթե հիշում ենք, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը բառացիորեն նշում է, որ ՌԴ-ի դեմ մի քանի ճակատ բացելը ճիշտ քայլ կլինի, նշելով հենց Արցախի մասին: Այսինքն` բացահայտ Ռուսաստանի համար մի քանի ճակատ բացելու մասին է խոսք գնում: Խոսքը վերաբերում է նաև Սիրիային: Փորձ է արվում՝ քանի Ռուսաստանի գլուխը խառն է, օգտվել առիթից, մյուս կողմից՝ վարկաբեկել խաղաղապահների առաքելությունը, ցույց տալով, որ ռուսական խաղաղապահ զորքերը ամենափրկիչ օղակ հանդիսանալ չեն կարող արցախահայության համար: