Ոչ, չենք խաբել ժողովրդին, ինչ կարողացել՝ արել ենք

Ոչ, չենք խաբել ժողովրդին, ինչ կարողացել՝ արել ենք

«ՔՊ-ի՝ նիստին չգալը սահմանադրական կարգը տապալելու փորձ է, դիմել եմ ԱԺ-ին, հարցը օրակարգից չի հանվելու»,-ընդդիմության նախաձեռնած, սակայն տապալված արտահերթ նիստից հետո հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նիստի օրակարգում կառավարությանը անվստահություն հայտնելու հարցն էր, որին ՔՊ-ական պատգամավորները չէին եկել։ Նիստի բացումն ու փակումը խորհրդարանաի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, կարճ կապեց․ «Մեր այսօրվա նիստին գրանցվել է 36 պատգամավոր, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն 4 ժամվա ընթացքում նիստերի իրավազորության ապահովման համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, ուստի այսօրվա նիստերը համարվում են չկայացած, բարի գիշեր»։

Նիստերի դահլիճից դուրս «Հրապարակ»-ի լրագրողը Ռուբինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է կարծում, ժողովրդի շրջանում ցասում եւ հիասթափություն չկա՞ իրենց իշխանության նկատմամբ, արդյո՞ք չեն խաբել, երբ նախընտրական ծրագրում ասել են՝ դեօկուպացնելու են Շուշին եւ Հադրութը, սակայն ոչ միայն դա չեն արել, այլեւ ընտրվելուց հետո հայտարարել են, թե Արցախը Ադրբեջան է, եւ այս համատեքստում իրենք լեգիտի՞մ իշխանություն են։ Ռուբինյանը պատասխանեց, որ՝ այո՛ լեգիտիմ են, որ չեն խաբել ժողովրդին, ինչ կարողացել են, որքան կարողացել են՝ արել են։ 

«Կառավարությունը իր ծրագրի իրականացման հետեւից գնացել է, արել է ամեն ինչ որպեսզի այդ դրույթները իրականանան։ Պիտի հաշվի առնենք իրողությունները եւ զարգացող իրավիճակները, այդ թվում իրավիճակներ, որոնք Հայաստանի հետ կապ չունեն»,-ասաց նա՝ շրջանցելով Շուշիի եւ Հադրութի վերաբերյալ հարցը։

Մանրամասն՝ տեսանյութում