Վերջին 4 տարում Թեհրանի հանդեպ բազմաթիվ հիմարություններ են արել, փորձում են վերադառնալ մինչեւ 18-ը տիրող վիճակին

Վերջին 4 տարում Թեհրանի հանդեպ բազմաթիվ հիմարություններ են արել, փորձում են վերադառնալ մինչեւ 18-ը տիրող վիճակին

Հարցազրույց էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի հետ

- Սոչիի եռակողմ հանդիպումից անմիջապես հետո Փաշինյանը մեկնեց Իրան՝ նախագահ Ռաիսիի հետ հանդիպման։ Պատահակա՞ն էր արդյոք դա։

- Դա պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված՝ Անկարայի եւ Բաքվի հետ խաղաղության օրակարգի կուրսի ձախողմամբ, որովհետեւ ոչ մի կերպ չեն ցանկանում իջեցնել այն պահանջները, որ դրել են։ Իսկ դրանք են՝ Արցախի ամբողջական հանձնումն Ադրբեջանին, անկլավների ու միջանցքի հանձնումն Ադրբեջանին եւ այլն, եւ այլն։ Չնայած Բաքվի եւ Անկարայի հետ բոլոր սիրախաղերին, այս կուրսը ձախողվել է ամբողջությամբ, եւ նա հիմա Մոսկվա-Թեհրան տանդեմի հետ է փորձում քաղաքական կուրս կառուցել, որովհետեւ Սոչիում էլ ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը ոչ մի կերպ չի ցանկանում եւ չի պատրաստվում զիջման գնալ։ Ինչպես հասկանում ենք՝ բացի այս ստորագրված խայտառակ փաստաթղթերից, էլ ավելի խայտառակ խոստումներ են տրվել տարբեր բանակցությունների ժամանակ, ինչը հանգեցրել է նրան, որ ստիպված սկսում են կուրսը փոխել դեպի Մոսկվա-Թեհրան։

- Փոխե՞լ, թե՞ ընդունել։

- Ստիպված են ընդունել, որովհետեւ Իրանը հստակ կերպով, իր շահերից ելնելով՝ հանդես է գալիս ավելի շատ պրոհայկական դիրքորոշմամբ, ինչը հասկանալի էր ամենասկզբից։ Այսքան ձախողումներից հետո վերադառնալ այս կետին ու նորից սկսել քայլեր անել… եկեք անկեղծ լինենք, գործող իշխանության վերջին չորս տարվա քաղաքականությունը Թեհրանի հանդեպ եղել է ոչ բարեկամական, մեղմ ասած, եւ իրենք բազմաթիվ սխալներ, հիմարություններ են արել։ Իրենք արգելել են Իրանի քաղաքացիներին՝ բանկային համակարգից օգտվել, Հայաստան մտնող իրանական մեքենաների վրա մաքսային տուրքեր են դրել, որ նախկինում հանված էին, այսինքն՝ հիմարություններ շատ են արվել, եւ հիմա նոր փորձում են Թեհրանի հետ ինչ-որ քաղաքական հարաբերություններ կառուցել։ Լավ է ուշ, քան երբեք՝ այսպես ասեմ։

- Բնական գազի ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրումը, գյուղատնտեսության, շինարարության ոլորտներում համագործակցությունը, առեւտրաշրջանառությունը մինչեւ 3 մլրդ ավելացնելու եւ Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտելու անհրաժեշտությունն ինչի՞ մասին են խոսում։ Սա Իրանի տնտեսական ներկայության ապահովո՞ւմն է Հայաստանում։

- Սա հերթական անգամ գրանցումն է այն փաստի, որ այս գործող ռեժիմի քաղաքականությունը Թեհրանի ուղղությամբ ձախողված է եղել։ Ձեր բոլոր թվարկած պայմանագրերը, հուշագրերը եւ այդ ամենը վաղուց կային կնքված, վերակնքելու ու հուշագրեր ստորագրելու կարիք չկա։ Այսինքն՝ ընդամենը փիառ է արվում, եւ ընդամենը հետ ենք գնում ու սկսում նորից այնտեղից, որտեղ եթե մենք գրագետ քաղաքականություն վարեինք վերջին երեք կամ չորս տարիներին, բավականին առաջ գնացած կլինեինք։ Հիմա նայեք, գազի պայմանագիրը շատ վաղուց վերակնքված էր՝ նորից կնքելու կարիք չկար, հիմա որ ասում են գազի հոսքը դեպի Հայաստան ավելացնելու անհրաժեշտության մասին, դրա համար գազի հուշագիր կնքել պետք չէ՝ պետք է ուղղակի ավելացնել։ Խնդիրն այն է, որ Հայաստանը դեպի Թեհրան բարձրավոլտ էլեկտրաէներգիա ուղղելու տեխնիկական հնարավորություն չունի, իսկ գործող Իրան-Հայաստան գազամուղը, որ կառուցվել է դեռ նախագահ Քոչարյանի օրոք, աշխատում է իր հնարավորության 15 տոկոսով ընդամենը․ օրական 1 միլիոն խորանարդ մետր գազ է գալիս Հայաստան, երբ որ իր ընդհանուր հնարավորությունը տարեկան 2.3 միլիարդ է։ Այսինքն՝ չի արվում, որովհետեւ երրորդ բարձրավոլտի կառուցումը, որը պետք է ավարտվեր 2018-ին, իսկ շահագործման հանձնվեր 2019-ին, այնինչ 2022 թվականն է՝ ոչինչ արված չէ։ Գործող իշխանությունների հակաիրանական քաղաքականության հետեւանքով այդ երրորդ բարձրավոլտի կառուցումը ձախողվել է։ Մինչեւ 2018-ը կառուցել են 30 տոկոսը, ու այդպես էլ մնացել է։ Այսինքն՝ սա ընդամենը իրենց ձախողումների, իրենց հիմարությունների հերթական հաստատագրումն է, իրենք նորից վերադառնում են ու սկսում են մի բան անել, որը վաղուց պետք է արված լիներ՝ 3, 4 տարի առաջ։ Լավ է, որ ստորագրել են, բայց դրանից ոչինչ չի փոխվում։ Գազ կարող ենք Իրանից ներմուծել, բայց ի պատասխան՝ էլեկտրականություն չենք կարող տալ, քանի որ բարձրավոլտ կայան չունենք։

- Իրանում դա չե՞ն հասկանում։

- Թեհրանում դա հասկանում են, բայց իրենք գործ ունեն նրանց հետ, ում հետ գործ ունեն, գործ ունեն կիսագրագետ, դիլետանտ զանգվածի հետ, որը եկել է իշխանության եւ քանդում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ձախողում է ամեն ուղղությամբ․ հիմա նոր կանգնել են կոտրված տաշտակի առաջ, փորձում են ինչ-որ բան կառուցել։ Նույն՝ Ձեր նշած տրանսպորտային միջոցները․ նախ՝ պետք չէր քանդել այն, ինչ որ կար։ 2018 թվականից սկսած՝ իրենք հարկերը բարձրացրին, եթե մինչեւ այդ իրանական տրանսպորտը, որ հատում էր Մեղրիի հետ սահմանը, ոչ մի հարկային պարտավորություն չուներ, տարեկան 26 հազար մեքենա էր հատում Իրան-Հայաստան սահմանը, որը նաեւ մեծ եկամուտ էր բերում երկրին։ Նպատակը նաեւ այդ թիվը կրկնապատկելն ու եռապատկելն էր, որ այդ հոսքերը Հայաստանով անցնեին, իսկ իրենք հարկեր մտցրին, հետո հիմնական ճանապարհն ադրբեջանցիներին նվիրեցին, այսինքն՝ ամբողջովին ձախողեցին այդ ուղղությամբ աշխատանքները։ Հիմա նորից հուշագրեր են ստորագրում, ի՞նչ ասեմ։

- Եթե ամփոփենք Իրան կատարված այցը, ստորագրված հուշագրերը, արված հայտարարությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները, դրանց ՕԳԳ-ն՝ արդյունավետությունը, ինչպե՞ս կգնահատեք։

- Արդյունավետությունը կերեւա, երբ որ ինչ-որ բան սկսվի արվել։ Ցավոք սրտի, Հայաստան-Իրան առեւտրաշրջանառությունը շատ փոքր է ու վերջին չորս տարում ավելի է փոքրացել։ Հայաստանից ընդամենը 70 միլիոն դոլարի ապրանք է արտահանվում դեպի Իրան, դա շատ չնչին թիվ է, եւ 300-400 միլիոնի էլ Թեհրանից ներմուծվում է։ Դա նորից շատ փոքր թիվ է, ու հիմնականում դրա առյուծի բաժինն այս գազի, էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրն է, որը կնքվել է դեռեւս 2006 թվականին։

- Իսկ ինչի՞ հաշվին կարող են առեւտրաշրջանառությունը հասցնել 3 մլրդ-ի։

- Թեհրանը շատ բարդ գործընկեր է։ Կա հետեւյալ ծրագիրը, որը սրանք նորից ձախողել են։ Կարեն Կարապետյանի օրոք կնքվեց հատուկ ԵԱՏՄ-Իրան պայմանագիր, որով եթե Իրանը, օրինակ, Մեղրիի մաքսակետով ապրանք էր ուղարկում դեպի ԵԱՏՄ շուկա, այսինքն՝ Ռուսաստան, Ղազախստան եւ այլն, ապա այդ ապրանքատեսակն ազատվում էր հարկերից։ Սա շատ հետաքրքիր էր այն տեսանկյունից, որ եթե աշխատեր, ապա պետք է ժամանակի ընթացքում սկզբում 70-75 հազար անուն ապրանք գար, հետագայում այդ թիվը պիտի հասներ 200-300 հազար ապրանքի, Մեղրիով պետք է գնար Ռուսաստան, այսինքն՝ մաքսազերծումն արվելու էր Մեղրիում, որպեսզի առանց հարկերի մտներ ռուսական եւ ԵԱՏՄ այլ երկրների շուկաներ։ Այս ծրագիրը ժամանակին կնքվել էր, որը շատ հեռանկարային ու հաջողակ ծրագիր էր, բայց որն այս իշխանությունները բոլորովին ձախողել են, կանգնեցրել են։ Եթե հիշում եք, Մեղրիում մեծ մաքսատուն պետք է կառուցվեր, բայց ոչինչ չի արվել։ Շատ հնարավոր է, որ փորձում են վերադառնալ սրան։ Ստորագրված այս բոլոր հուշագրերը հուշում են, որ այս իշխանություններն ամեն ինչ ձախողել են Իրանի հետ եւ հիմա փորձում են նորից սկսել։