Լավ է լինելու․ մի օր ծնվել ենք, մի օր էլ կմեռնենք, կարեւորը` մեր հողում

Լավ է լինելու․ մի օր ծնվել ենք, մի օր էլ կմեռնենք, կարեւորը` մեր հողում

Անահիտ Գեւորգյանի դստրիկը՝ 7-ամյա Վիկտորյա Գեւորգյանը, 44-օրյայի ամենափոքր զոհն էր։ Թշնամին թիրախավորել էր Անահիտի ու իր ընտանիքի Մարտունու տունը։ Վիկտորյան եղբոր՝ Արծվիկի հետ փորձել էր հրետակոծությունից պաշտպանվել նկուղի կողմը փախչելով, սակայն արկը դիպել էր աղջնակին, իսկ փոքրիկ Արծվիկը ծանր վիրավորվել էր․ այսօր նա ամբողջությամբ բուժվել է ու շուրջ 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում է ապրում։

Անահիտը պատմում է, որ հարեւաններն իրեն խորհուրդ են տալիս քիչ գնալ Վիկտորյայի գերեզմանին, քանի որ վտանգավոր է, կարող է մի բան պատահել, ինչն Անահիտի համար հասկանալի չէ: Վիկայից հետո էլ ի՞նչ ավելի վատ բան պիտի լինի՝ տարակուսում է կինը։

«Ես ուզում եմ, որ երեխաները երգեն, պարեն, ապրեն։ Քանի դեռ պատերազմ չկա՝ թող ապրեն։ Պետք է ապրենք երեխաների համար»,- ասում է Մարտունու բնակչուհին։ Անահիտի երկու ավագ դուստրերը եւս ամբողջովին չեն հաղթահարել 44-օրյայի սարսափները, նրանք են վիրավոր կրտսեր քրոջը, եղբորն ու մյուս վիրավորներին օգնել մեքենա տեղափոխելու՝ հիվանդանոց հասցնելու համար։ Պատերազմի արհավիրքները դեռ չեն սպիացել, բայց նոր ընտանիք կազմած ավագ դուստրն ու դեռեւս դպրոցում սովորող երկրորդ աղջիկը շարունակում են ապրել Արցախում եւ հենց այդտեղ էլ տեսնում են իրենց ապագան։
Արծվիկի եւ Մարտունու մյուս փոքրիկների առօրյան փորձում են հետաքրքիր դարձնել Արծվիկի ավագ քույրերը։ Անահիտը պատմում է, որ մեծահասակներով փորձում են փոքրերի առօրյան այնպես կազմակերպել, որ բլոկադայի ծանր հետեւանքները երեխաներին տեսանելի չլինեն։ Ամենադժվարը փոքրիկների համար քաղցրավենիքի տոտալ բացակայությունն է։

«Հրապարակի» հետ զրույցում Անահիտն ասաց, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է։ «Ինձ մոտ բլոկադա չկա, մեզ մոտ ամեն ինչ լավ է: Այնտեղ, որտեղ մարդիկ հողամասեր ունեն, մի բան կարողացել են ցանել, հնարավորինս հեշտ են տանում բլոկադան, բայց ով որ սերմ չի ունեցել կամ Ստեփանակերտում է ապրում, վիճակն ահավոր է։  Մենք մնալու ենք, ոչ մի տեղ չենք գնալու, սա մեր հողն է, ո՞ւր պիտի գնանք, մտքներովս դա չի էլ անցնում նույնիսկ»,-ասաց Անահիտը։
Անահիտի ամուսինը տանկիստ է, մասնակցել է 44-օրյա պատերազմին, այժմ էլ շարունակում է ծառայությունը հայրենիքին։ Հետաքրքրվեցինք, թե ծանր բլոկադայից հետո մարդկանց մոտ Արցախը լքելու ցանկություն արդյոք չի՞ առաջացել։ Ասում է, որ կան մարդիկ, ովքեր հոգնել են, վախենում են ու ուզում են հեռանալ, բայց այդպիսիք շատ քիչ են։
«Հարյուր տոկոսից ամենաշատը հինգ տոկոսն է, որ մտածում է հեռանալու մասին։ Մեծամասնությունը չի էլ մտածում հեռանալու մասին, իսկ հայտարարությունները, որ քաղաքական գործիչներն անում են Արցախի մասով, այնքան էլ չի հուզում Արցախի սովորական բնակիչներին։ Գիտեք, գնացողը կգնա, մեզ նման մնացողն էլ կմնա, չարչարվելով կապրի։ Մարդիկ այսպես են մտածում՝ ով ինչ ուզում է ասի, ինչ հայտարարություն ուզում է անի՝ ես իմ հողում ապրում եմ, իմ հողը չեմ թողնի»,- ասաց Անահիտ Գեւորգյանը։

Մեր հարցին, թե ինչպես են վերաբերվում Արցախի իշխանությունների կողմից հնչող հայտարարություններին, որ պատրաստ են Ադրբեջանի հետ երկխոսության` ռուսների միջնորդության պայմաններում, նշում է, որ շարքային արցախցին չի խորանում այդ հայտարարությունների բովանդակության մեջ, լսում են կամ կարդում են լուրը եւ այդքանով սահմանափակվում։

Ու չնայած Արցախում քաղաքական որոշ շրջանակներ հակառուսական տրամադրություններ են տարածում ու անընդհատ ռուս խաղաղապահներին են որպես գլխավոր մեղավոր ներկայացնում, հասարակ արցախցիների վերջին հույսը շարունակում է մնալ ռուս խաղաղապահը։ «Ինձ չի թվում, թե ռուսը կթողնի, որ Ադրբեջանի անձնագիր վերցնենք։ Ալիեւն ասում է, որ Աղդամում 120 հազար մարդու համար բանտ է կառուցում՝ դա երեւի մեզ համար է, էլի»,- ասում է Անահիտը։

Մարտունեցի կինը նշում է՝ հասարակ արցախցիներին մտահոգում է այն, որ Հայաստանի բնակչության մի մեծ մաս արցախցիներին է մեղադրում պատերազմի ու դրան հաջորդած իրողությունների մեջ։

Թե իրավիճակի հանգուցալուծումն ինչպիսին կլինի՝ նա չգիտի։ Ասում է, որ բոլորը սպասողական վիճակում են։ Անահիտը չի հավատում, որ եթե ժողովուրդը ոտքի կանգնի, ինչ-որ բան հնարավոր կլինի փոխել․ «Սրանք քաղաքական խաղեր են, սպասում ենք, տեսնենք, թե ինչ լուծում է տրվում այս հարցին՝ սպասողական վիճակում ենք բոլորս։ Լավն այն է՝ կա՛մ դես կտրեն, կա՛մ դեն կտրեն։ Լավ է լինելու․ մի օր ծնվել ենք, մի օր էլ կմեռնենք, կարեւորը՝ մեր հողում»։