«Հրապարակ». Ինձ համար մարդը մնում է մարդ, կապ չունի՝ դեպուտա՞տ է, թե՞ լրագրող
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ընտրություն, եւ թեկնածուների հայտագրման փուլն ավարտվել է հուլիսի 10-ին: ԿԳՄՍ նախարարությունից մեզ հայտնեցին, որ հայտեր է ներկայացրել վեց անձ` երեք տղամարդ, երեք կին: Թե ովքեր են նրանք, ԿԳՄՍՆ խոսնակն ասաց, որ դա հույժ գաղտնի է, եւ նրանց անունները հրապարակել չի կարող, քանի որ իրավասու չէ մարդկանց անձնական տվյալները հրապարակել։ Բայց մենք կփորձենք ճշտել եւ ձեզ ներկայացնել թեկնածուներին, մանավանդ որ չենք կարծում, թե այդտեղ որեւէ գաղտնիք կա:
Մի բան պարզ է, որ թեկնածուների մեջ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանն է, ով, ըստ ԿԳՄՍՆ-ի մեր աղբյուրների, թերեւս իշխանությունների «սրտի» թեկնածուն է: Նա բավականին ջերմ հարաբերություններ ունի իշխանական ներկայացուցիչների հետ: Դեռ 2021 թվականի ամռանն Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ԺՊ նշանակված Կարեն Դուրգարյանը, փաստորեն, շուրջ երկու տարի է՝ պաշտոնավարում է, բայց, ինչպես ասում են, օդից կախված է: ԿԳՄՍՆ խոսնակը մեր այն հարցին, թե ինչու է ավելի քան երկու տարի ձգձգվել օպերային թատրոնի տնօրենի ընտրության հարցը, ինչու մրցույթ չի նշանակվել, նշեց, որ զուտ զբաղվածության խնդիր է եղել, եւ հենց այդ պատճառով երկու տարի նախարարությունը մրցույթ չի հայտարարել: Թե երկու տարի շարունակ ինչով է զբաղված եղել ԿԳՄՍՆ-ն, միայն իշխանություններին է հայտնի: Մենք վստահ ենք, որ տնօրենի համապատասխան թեկնածու են փնտրել կամ փորձել են ստուգել, թե որքանով է Դուրգարյանը հավատարմորեն ծառայում: Մենք մի քանի հարց ենք ուղղել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ԺՊ Կարեն Դուրգարյանին:
- Պարոն Դուրգարյան, նախարարությունից ասացին, որ վեց թեկնածու է մրցույթին մասնակցում` երեք տղամարդ, երեք կին: Մենք տեղեկացանք, որ նրանցից մեկը Դուք եք, եւ թերեւս իշխանությունները հենց Ձեզ են տեսնում տնօրենի պաշտնում:
- Բոլոր այն հարցերը, որոնք ինձ տալիս եք, պետք է տաք նախարարության աշխատողին:
- Դժվա՞ր է պատասխանել` առաջադրվե՞լ եք, թե՞ ոչ:
- Ես հիմա էլի եմ ուզում ասել՝ այն, ինչ հարցնում եք, նախարարության տիրույթում է:
- Փաստորեն, չեք հերքում, թեկնածուներից մեկը Դուք եք:
- Ես այդ թեմայով որեւէ մեկի հետ, անգամ ծնողներիս հետ չեմ խոսում:
- Ինչո՞ւ, ի՞նչն է խնդիրը, պետական գաղտնի՞ք է:
- Որովհետեւ ունեմ իմ անձնական մտածելակերպը:
- Այստեղ ի՞նչ մտածելակերպի հարց կա:
- Դա իմ իրավունքն է:
- Եթե ընտրվեք, գաղտնի՞ք է մնալու:
- Դա հրապարակվելո՞ւ է, ըստ Ձեզ: Սա էգո չէ, ցանկություն է:
- Լավ, Ձեր կարծիքով` ինչո՞ւ այսքան ձգձգվեցին ընտրությունները:
- Չեմ կարող ասել: Այդ հարցերը տվեք նախարարությանը, ես մրցույթ չեմ հայտարարել:
- Պարոն Դուրգարյան, տպավորություն է, թե վախենում եք պատասխանել այս պարզ հարցերին:
- Ես վախկոտի տպավորությո՞ւն եմ թողել:
- ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն իր ֆեյսբուքյան էջում Ձեզ հետ լուսանկար էր հրապարակել․ ե՞րբ եք պատգամավորի հետ հանդիպել:
- Ե՞ս եմ հրապարակել լուսանկար:
- Տիկին Դավոյանը:
- Ներողություն, ե՞ս եմ լուսանկար հրապարակել: Ես Ձեզ հետ էլ կարող եմ լուսանկար հրապարակել, հետո ի՞նչ:
- Ես պատգամավոր չեմ, այն էլ՝ ՔՊ-ական, դա է տարբերությունը: Հաճախակի՞ եք հանդիպում իշխանականների հետ:
- Ինձ համար մարդը մնում է մարդ, կապ չունի՝ դեպուտատ է, թե լրագրող, թե հավաքարար է, թե ինչ է: Համերգի ժամանակ է եղել:
- Ի՞նչ համերգ:
- Որ գայիք համերգին, կիմանայիք:
Կարծիքներ