Հայաստանի վերաբերյալ զեկուցողները՝ աննախադեպ եւ իներցիայի մեջ

Հայաստանի վերաբերյալ զեկուցողները՝ աննախադեպ եւ իներցիայի մեջ

Հայաստանում վաղ 2000- ականներից սկսած, երբ մեր երկիրը սկսեց անդամակցել տարբեր եվրոպական եւ այլ կառույցների, չգրված, բայց անխախտ օրենք եւ պրակտիկա կար, որ Հայաստան այցելող տարբեր զեկուցողներ, մարդու իրավունքների հանձնակատարներ, անգամ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, առաջին դեմքերից եւ պաշտոնական շրջանակներից զատ, անպայման հանդիպում են քաղհասարակության՝ ՀԿ-ների, իրավապաշտպանների հետ՝ երկրում ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ պաշտոնականից զատ այլ կարծիք լսելու եւ Հայաստանի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար, որը հետագայում ներառում են իրենց զեկույցներում։ 
Երեկ հայտնի դարձավ, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խումբն է ժամանել Հայաստան` դեսպան Մարթեն Էհնբերգի ղեկավարությամբ: Մինչ փորձում էինք հասկանալ, թե ում հետ են հանդիպելու, Նիկոլ Փաշինյանից բացի, տեղեկացանք, որ հոկտեմբերի 19-ի գիշերը նրանք արդեն մեկնել են՝ Նիկոլ Փաշինյանից բացի հանդիպելով խորհրդարանական ՔՊ-ականների եւ գերիների հարցերով՝ ՄԻՊ Թաթոյանին ու Սիրանուշ Սահակյանին։

«Հայաստան» դաշինքից ասացին, որ իրենք հանդիպման «ցանկություն հայտնել են, բայց պատվիրակությունը չի ցանկացել»։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը մեզ հայտնեց, որ հանդիպմանը ներկա են եղել ՔՊ խմբակցության մի քանի անդամներ եւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Մենք հանդիպման մասին որեւէ կերպ չէինք զգուշացվել, այդ մասին տեղեկացել ենք մամուլից, ընդդիմադիր պատգամավորներից որեւէ մեկին հանդիպմանը մասնակցելու առաջարկ անգամ չի եղել։ Այս պահին մենք նամակ ենք պատրաստում ԵԽ երեւանյան գրասենյակին՝ պարզելու համար գործընթացը»,- ասաց Հայկ Մամիջանյանը: «Անընկալելի է, որ համազեկուցողները չեն հասկացել, որ ժողովրդավարության վերաբերյալ ներառականության, բոլոր կողմերին լսելու եւ բոլոր հայտնի սկզբունքների տրամաբանությանը խիստ հակասում է՝ գալ որեւէ պառլամենտական երկրի պառլամենտ եւ չհանդիպել ընդդիմադիր պատգամավորների հետ... Հերթական անգամ միջազգային կառույցների կողմից Հայաստանում դեմոկրատիայի հիմնարար սկզբունքների ոտնահարումը ոչ միայն գնահատականի չի արժանանում, այլեւ փաստացի, թեկուզ անուղղակի կամ կրավորական կերպով ողջունվում է։ Կազմել զեկույց` ժողովրդավարությանն առնչվող, եւ չհանդիպել ընդդիմությանը, հակասում է տրամաբանությանն ու ընդունված պրակտիկային։ Ես գոնե նման բան պատմության մեջ չեմ հիշում։ Ավելին ասեմ՝ հաշվի առնելով այն փաստը, որ առկա են աղաղակող օրինակներ ժողովրդավարության հիմնարար սկզբունքների ոտնահարման, այդ թվում՝ պառլամենտում, ԶԼՄ-ներից մինչեւ ընդդիմության նկատմամբ, նաեւ այն փաստը, որ մի շարք միջազգային կառույցներ, The economist-ը, Freedom house-ն իրենց զեկույցներում փաստում են, որ Հայաստանում ժողովրդավարության շոշափելի հետընթաց կա, էդ համատեքստում չհանդիպել խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ, մեղմ ասած, անընկալելի է»։ Եթե հանդիպեին, ի՞նչ հարցեր էիք բարձրացնելու։

««Պատիվ ունեմ» խմբակցությունը միջազգային կառույցների հետ շփման բոլոր հնարավորություններն օգտագործում է՝ բարձրաձայնելու թե՛ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները, թե՛ ներպետական, քաղաքական օրակարգի խնդիրները։ Այն, ինչի մասին մենք խոսում ենք on the records հեռուստատեսությամբ եւ ԱԺ-ում, նույնը խոսում ենք միջազգային կառույցների, դեսպանների հետ հանդիպումներում»։ Հիշեցնենք, որ Հայաստանում ժողովրդավարության վիճակի մասին զեկույցը պիտի պատրաստվի 2022թ. հունվարին նախատեսվող ԵԽ-Հայաստան 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի քննարկմանն ընդառաջ: 

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը նույնպես զարմացած է։ «Որպես ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության 14  տարվա պատգամավոր եւ Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական  հանձնաժողովի համանախագահ, չեմ հիշում նման նախադեպ, որ ԵԽ նախարարների կոմիտեից կամ ԵԽԽՎ-ից Հայաստանի մոնիթորինգին առնչվող որեւէ հանձնախումբ գա եւ հրաժարվի հանդիպել ընդդիմության կամ քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ Ավելին՝ ես չգիտեմ, թե ինչ ցուցակ է ներկայացրել Հայաստանում ԵԽ գրասենյակը, սովորաբար իրենք են ներկայացնում անհրաժեշտությունը, թե ում հետ է նպատակահարմար  հանդիպել NGO-ներից եւ քաղհասարակությունից։ Նման նախադեպ ես գոնե չեմ հիշում։

Ավելին՝ մշտապես հանդիպել են ոչ միայն ԱԺ ընդդիմության, այլ նաեւ իրարամերժ հասարակական տրամադրություններ եւ կարծիքներ արտահայտող քաղհասարակության սեկտորի ու քաղաքական ուժերի հետ։ Մշտապես եղել են NGO-ներ, որոնք եղել են իշխանության գրպանում՝ թե՛ հիմա, թե՛ նախկինում, եւ եղել են դրանից տարբեր կարծիք ներկայացնող։ Այսինքն՝ անգամ հասարակական կազմակերպությունների դեպքում իրենք պահում էին բալանսը։ Եվ քանի որ իրենք իրենց գրասենյակների միջոցով հրաշալի տեղեկացված են Հայաստանում ամեն ինչից, ինձ համար սա առնվազն միջազգային հանրության կողմից հերթական անհասկանալի քայլն է, որի պատճառներն ինձ համար բնավ հասկանալի չեն։ Կամ՝ եթե փորձենք հասկանալ, թե ինչու է միջազգային հանրությունը մշտապես ծափ տալիս իշխանություններին, եւ հարցին այդ պրիզմայից նայենք, ամեն ինչ շատ պարզ է»,- ասաց Զոհրաբյանը։ 

Մենք տեղեկացանք, որ ԵԽ գրասենյակից պատասխանել են, թե այս այցը կազմակերպել է ոչ թե ԵՄ գրասենյակը, այլ Հայաստանի ԱԳՆ-ն։ Հարցեր ուղղեցինք ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանին, թե ինչպես է կազմվել ԵՄ պատվիրակության  հետ հանդիպումների ցուցակը, եւ ինչու ցուցակում չի եղել ԱԺ ընդդիմությունը, սակայն մինչեւ օրվա վերջ որեւէ պատասխան չստացանք։

Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ այստեղ անելիք ունի նաեւ ընդդիմությունը։ «Ոչ թե մամուլի մոտ նեղսրտեն, որ իրենց հետ չեն հանդիպում, այլ  խնդիրը բարձրացնեն։ Պետք է իշխանության հետ հանդիպման օրը գնան, իրենց ներկայացուցիչները մտնեն դահլիճ եւ իրենց ասելիքն ասեն։ Ոչ թե բողոքեն, որ մեկին հանձնաժողովի նախագահի տեղակալ չեն ընտրում, մեկին չեն թողնում նիստ վարել, մյուսի հետ չեն հանդիպում»,- ասաց Զոհրաբյանը։

ՀԳ․ ՀԿ-ներից եւս հետաքրքրվեցինք` հրավեր ստացե՞լ են։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը չի ստացել։ Եթե գնար, կբարձրացներ գերիներին, Հայաստանում մարդու իրավունքներին եւ մամուլին վերաբերող հարցեր։ «Իրավունքի եւ ազատության կենտրոն»․ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նույնպես հրավեր չի ստացել։ Եթե հանդիպեր, կխոսեր այն մասին, որ հույսերը, որ կային 2018-ին, չեն արդարացել։ «Եվ չի կարելի իներցիայով Հայաստանը տեսնել ժողովրդավար։ Անպայման կխոսեի մամուլի մասին սահմանափակումների մասին․ վիրավորանքի ու զրպարտանքի քրեականացման, հայհոյանքի մասին, իրենց մի նոր օրինագծի մասին էլ կարդացի»։ Իսկ ի՞նչ է կարծում` ինչո՞ւ է ողջ գիտակցական կյանքում ընդդիմադիր թերթ խմբագրած Նիկոլ Փաշինյանը հիմա նման օրենքներ ընդունում։ «Ես կարծում եմ, որ էդ մարդը երբեք էլ՝ թե՛ խմբագիր աշխատած տարիներին, թե՛ քաղաքական գործունեության, թե՛ պատգամավոր եղած, ընդամենը մեկ խնդիր է ունեցել․ հարթել իր համար ճանապարհ դեպի բաղձալի կետ, որը կարող է տարբեր ժամանակ տարբեր լինել։ Երբ պետք է եղել, եղել է մեկի կողքին, երբ անհրաժեշտ է եղել՝ մյուսի կողքին, երբ պետք չի եղել, նախորդին հայհոյել է․․․ Զբաղված է եղել իր սեփական, խիստ ներանձնական խնդիրներով»։