«Ազգային օրակարգ» նոր կուսակցության անդամների կենսագրությունները

«Ազգային օրակարգ» նոր կուսակցության անդամների կենսագրությունները
«Ազգային օրակարգ» կուսակցություն

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, հիմնադրվեց «Ազգային օրակարգ» կուսակցությունը։ Ստորև ներկայացնենք կուսակցության հիմնադիրների կենսագրությունները․

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներ

Ավետիք Չալաբյանը ծնվել է 1972 թվականին։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ տեսական ֆիզիկա մասնագիտությամբ, այնուհետև գործարար կառավարման մագիստրոսի կոչում է ստացել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում: Նախկինում աշխատել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում` որպես ԱՀԿ հարցերով վարչության պետ: «McKinsey & Company» խորհրդատվական ընկերության՝ Մոսկվայի գրասենյակի ավագ տնօրեն է:  Ներկայումս համակարգում է  ընկերության միջազգային մետալուրգիական ոլորտի գործունեությունը, որի վերաբերյալ բազմաթիվ հետազոտական աշխատանքների և հոդվածների հեղինակ է։ 
Ավետիք Չալաբյանը 2006 թվականից զբաղվում է ակտիվ հանրային գործունեությամբ, «Արար» և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների համահիմնադիր է և հոգաբարձու, Հայաստանի զարգացման հիմնական առաջնահերթությունների շուրջ բազմաթիվ հոդվածների և հրապարակումների հեղինակ է։


Արա Գասպարյանը ծնվել է 1970 թվականին։ Ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ու իրավունքի բաժինը, ՌԴ սոցիալական հարաբերությունների և աշխատանքի ակադեմիան, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների ու քաղաքագիտության մագիստրոսական ծրագիրը: Պատմական գիտությունների թեկնածու է և ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ: 
Արա Գասպարյանը «Ազգային օրակարգ» հիմնադրամի տնօրենն է։ 2009 թվականից աշխատել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ներքին անվտանգության վարչությունում` վերջին տարիներին ղեկավարելով ռազմական անվտանգության բաժինը: «5165» ակումբի հիմնադիրներից է:


Արա Հակոբյանը ծնվել է 1962 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով տեսական ֆիզիկոսի որակավորում, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ստանալով գործարար կառավարման մագիստրոսի կոչում։ 
Արա Հակոբյանը «Ազգային օրակարգ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Նախկինում եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հնդկաստանում, Շրի Լանկայում, Նեպալում, Մալայզիայում և Ինդոնեզիայում, աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հարցերով, ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ, ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարության միջազգային կազմակերպությունների, օրենսդրության և իրավաբանական գլխավոր վարչության պետ։ Աշխատել է միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քարտուղարության տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների վարչությունում որպես տնտեսական հարցերով մասնագետ, «Քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն»-ի (AEPLAC, TACIS) գործադիր տնօրեն։
Ակտիվ քաղաքական գործունեության ընթացքում հանդիսացել է 1990թ․ ապրիլի 2-ին հռչակված Հայաստանի հանրապետական կուսակցության Հիմնադիր հանձնախմբի անդամ, 1989-1990թթ․ եղել է «Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կազմակերպության խորհրդի անդամ և «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպության կազմում մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության մարտերին։


Իգոր Զարգարյանը ծնվել է 1965 թվականին։  Ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ ինժեներ-էլեկտրիկի որակավորմամբ։ Այնուհետև ուսումը շարունակել է ՌԴ նախագահին կից ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայում (RANEPA) ստանալով իրավաբանի որակավորում։ 2006 թվականին ճանաչվել է Ռուսաստանի Դաշնության լավագույն 1000 թոփ մենեջերներից։ 2012-2014 թվականներին արդյունաբերական  քաղաքականության զարգացման ոլորտում զբաղեցրել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը։  
Իգոր Զարգարյանը «Սոյուզ» բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենն է։ Համահիմնադրել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, «Արար» հիմնադրամի հոգաբարձու է և անդամակցում է «5165» ակումբին։

Հայկ Շեկյանը ծնվել է 1976 թվականին։  Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև ստացել է տնտեսագիտական և կառավարման գիտությունների թեկնածուի կոչում ՌԴ նախագահին կից ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայում: Նախկինում աշխատել է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնւմ որպես ֆինանսական աջակցության ծրագրերի ղեկավար, ինչպես նաև զբաղեցրել ղեկավար պաշտոններ հայկական առևտրային բանկերում: 
Հայկ Շեկյանը «ՇՏԻԳԵՆ» ընկերության  հիմնադիրն է, «Արար» հիմնադրամի խորհրդի և «5165» ակումբի անդամ:


Վարդան Մարաշլյանը ծնվել է 1975 թվականին Երևանում։ 1997 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական ֆինանսական ակադեմիան մասնագիտանալով միջազգային տնտեսագիտության մեջ։ 2000 թվականին Մոսկվայի պետական համալսարանում ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան։ Նա ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ հասարակական, պետական և մասնավոր ոլորտներում։ Մասնավոր սեկտորում նրա փորձառությունը ներառում է բանկային և անշարժ գույքի ոլորտը։ Աշխատել է Ռուսաստանում գործող մի շարք ընկերություններում` «Սեվերստալ Գրուպ», «Պրոմսվյազբանկ», «Գազպրոմբանկ» և «Norman Asset Management»։ Եղել է նաև տնտեսական գծով խորհրդական Ռուսաստանում գործող Բրիտանական միջազգային զարգացման գործակալությունում (DFID)։ Զբաղեցրել է ՀՀ սփյուռքի փոխնախարարի պաշտոնը՝ ղեկավարելով հատկապես հայրենադարձության, ԱՊՀ երկրների և երիտասարդական ծրագրերը։ 2012 թվականին դարձել է Repat Armenia («Վերադարձ Հայաստան») հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն։ 
Վարդան Մարաշլյանը «Արար» հիմնադրամի խորհրդի և «5165» ակումբի անդամ է, ինչպես նաև «Աջակցենք մեր պաշտպաններին» ու «Երևան Կիսամարաթոն» նախաձեռնությունների ակտիվ մասնակից և աջակից։