Բուռն շաբաթ է մեզ սպասվում

Բուռն շաբաթ է մեզ սպասվում

Այսօր Ազատության հրապարակում Արշակ Զաքարյանի եւ մի խումբ անձանց նախաձեռնությամբ հանրահավաք է կայանալու, որին մասնակցելու ցանկություն ունեն նաեւ պրոքոչարյանական ուժերը։ Երեկ այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր Ռոբերտ Քոչարյանի զարմուհու ամուսինը։ Երեկ լուրեր էին շրջանառվում նաեւ, որ այդ հանրահավաքին աջակցողների թվում է նաեւ Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար, Արցախի նախագահի պաշտոնին հավակնող Արշավիր Ղարամյանը։ Մեզանում հակաիշխանական հանրահավաքներ անցկացնելու մեծ փորձ չկա, եւ կարծում ենք՝ այդ հանրահավաքն առանձնապես մեծաքանակ չի լինի։

Փոխարենը մարտի 1-ին կայանալիք Նիկոլ Փաշինյանի երթը կարող է լինել մեծաքանակ, քանի որ նա որոշել է «աննախադեպ հզոր եւ տպավորիչ» երթ անել, եւ տեղեկություն կա, որ մարզպետները եւս լծվել են դրա նախապատրաստական աշխատանքներին, եւ ամեն ինչ արվելու է շատ մարդ բերելու համար։ Այսօր էլ նույն հարցով «Իմ քայլը» խմբակցության նիստ է անցկացվելու։ Ի դեպ, շաբաթը հագեցած է լինելու օրենսդիր եւ գործադիր մարմինների փակ հանդիպումներով։ Վաղը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է հրավիրված «Իմ քայլի» փակ նիստին, հաջորդ օրը՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Իսկ մարտի 5-ին կմեկնարկի ԱԺ հերթական քառօրյան։