Բարոյական չէ Սպարապետի կողմից մեծարանքի ենթարկված հիվանդ մարդուն զնդանել

Բարոյական չէ Սպարապետի կողմից մեծարանքի ենթարկված հիվանդ մարդուն զնդանել

«Էն վախտ, որ կռվում էիր թշմամու դեմ, դու Երկիրը պահեցիր: 94թ-ին պատերազմի 60 տոկոսը քո ուսերին մնաց: Ուզում եմ, որ բոլորն իմանան. դու հերոս ես Մանվել»:

Սրանք  Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն են, ով, իրավամբ, ժլատ լինելով գովեստի խոսքեր շռայլելու մեջ, ի լուր աշխարհի և ի սարսափ թշնամու հայտարարել է, որ Արցախյան Հերոսամարտի  հաղթանակի 60 տոկոսն ընկած  է եղել գեներալ Մանվել Գրիգորյանի ուսերին:

Այսօր ՀՀ  Վարչապետի  նախագահությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել՝ նշելու Վազգեն Սարգսյանի 60 ամյակը, իսկ Մանվել Գրիգորյանը շուրջ քսան ծանր հիվանդություններով հանդերձ շարունակում է մնալ կալանքի տակ:

Եթե  նրան մեղադրում են նախկինում կատարած հանցագործությունների, բացասական պահվածքի մեջ, ուրեմն  պարտավոր են մեղադրել  այդ ժամանակների բոլոր բարձրաստիճան իշխանավորներին, սկսած առաջին նախագահից ու Վազգեն Սարգսյանից: Թե չէ ներքնաշորերի ու տուշոնկաների սարքած  գործը, մեղմ ասած, բարոյական չէ: Ինչպես և բարոյական չէ  Սպարապետի 60 ամյակի կառավարական մակարդակով արարողությանը մասնակցել, իսկ Սպարապետի կողմից մեծարանքի ենթարկված հիվանդ մարդուն զնդանել ու խոշտանգել:

Լևոն Բաղդասարյան
Փաստաբան