Փաշինյան-Սահակաշվիլի՝ երջանկության մեխանիկա

Փաշինյան-Սահակաշվիլի՝ երջանկության մեխանիկա

Թե ինչով են Սահակաշվիլին ու Փաշինյանը տարբերվում միմյանցից, ես չգիտեմ: Նրանց անձնական կյանքն ինձ չի հետաքրքրում: Փոխարենը նրանք շատ նման են իրենց հասարակական, մի քիչ էլ՝ քաղաքական գործունեությամբ: Որպես գործիչներ՝ երկուսն էլ դժգույն ու անպետք տարրեր են, մեկը՝ վրաց, մյուսը՝ հայ ժողովրդի, մեկը՝ Վրաստանի, մյուսը՝ Հայաստանի համար, դավաճանի, հողատուի, կապիտուլյանտի խարանով, երկուսն էլ՝ պաշտոնի մեռած: Որպես մի խոսուն դրվագ էլ հիշատակենք բանտը. երկուսն էլ անդուր եւ պրոբլեմատիկ կալանավոր են եղել:

Նրանց ամենամեծ նմանությունն էլ իշխանության գալու պրոցեսներն են: Նրանք գունավոր հեղափոխությունների պրոդուկտ են, այսինքն՝ ներմուծված ապրանք՝ ամեն մեկն իր ինքնարժեքով, գնով, օգտագործման առանձնահատկություններով եւ այլն: Ասում են՝ նրանց Արեւմուտքն է բերել: Չեմ վիճում: Դրա մեջ ճշմարտություն կա, բայց, մյուս կողմից` Արեւմուտքը շատ լայն հասկացություն է: Արեւմուտք է ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ Ֆրանսիան, ե՛ւ Մեծ Բրիտանիան… Կարելի է ասել՝ Ռուսաստանից, Իրանից եւ Չինաստանից բացի ամեն ինչ Արեւմուտք է: Ուրեմն՝ այդ ինչպե՞ս բոլորը միանգամից պայմանավորվեցին եւ միահամուռ որոշեցին, որ Սահակաշվիլին դառնա Վրաստանի նախագահ, Փաշինյանը՝ Հայաստանի վարչապետ: Տեսեք՝ նույնիսկ Ուկրաինային օգնելու հարցում Արեւմուտքում միահամուռ կարծիք չկա: Հետեւաբար, պետք է դեռ հասկանալ՝ Արեւմուտքից հատկապես ո՞վ բերեց Միշային եւ Նիկոլին:

Այս հարցը պարզելու համար առաջարկում եմ մինչեւ վերջ հետ պտտել, այսպես կոչված, վարդերի եւ թավշյա հեղափոխությունների տեսագրությունները եւ նմանություն առ նմանություն բացահայտելով՝ գնալ առաջ: Առաջին իսկ էտապում մենք կհայտնվենք 2 մայրաքաղաքներից՝ Թբիլիսիից եւ Երեւանից բավականին հեռու: Մի դեպքում՝ Բաթումիում, մյուս դեպքում՝ Գյումրիում: Վրաստանում անկարգությունները սկսվել են Բաթումիից, ապա իր կողմնակիցների հետ Սահակաշվիլին հասել է Թբիլիսի եւ վերցրել իշխանությունը՝ մտնելով խորհրդարան: Վրաստանի ոստիկանությունը, մերոնցից բեթար, լուռ հետեւել է դրան: Փաշինյանը Գյումրիից է սկսել իր ընթացքը եւ նույնկերպ հասել Երեւան, բայց քանի որ պատգամավոր էր, խորհրդարան մտնելու անհրաժեշտություն չուներ` գնաց կանգնեց Ֆրանսիայի հրապարակում: Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ հենց Ֆրանսիայի, կարող ա՞ դա նամյոկ էր: Ոչ, ոչ, դա ուղղակի համընկնում էր, որովհետեւ հենց այդ հրապարակից էր սկսվում դեպի իշխանություն տանող ամենակարճ ճանապարհը՝ Բաղրամյանը: Եվ, ուրեմն՝ Բաթումի-Գյումրի: Եթե հիշողությունս չի դավաճանում, այս քաղաքները երբեք քույր-քաղաքներ չեն եղել, փոխարենը Թուրքիան, ավելի կոնկրետ` Էրդողանը, համարում է, որ դրանք թուրքական քաղաքներ են, այսինքն՝ Թուրքիան աչք ունի թե՛ Բաթումիի եւ թե՛ Գյումրիի վրա: Միշան ու Նիկոլն էլ, ինչպես արդեն ասացի, իշխանության են եկել Բաթումիից ու Գյումրիից: Հիմա ես ի՞նչ մտածեմ` նրանց ո՞վ բերեց եւ ինչո՞ւ հենց Բաթումիից ու Գյումրիից: Ի՞նչ ծրագիր էր դա, ո՞վ էր գրել, ո՞վ էր համակարգում, ո՞ւմ էր ամենաշատը պետք քիթը կոխել տարածաշրջան եւ խաթարել հետխորհրդային տարածքի 2 հարեւան պետությունների՝ Վրաստանի եւ Հայաստանի խաղաղ կյանքն ու զարգացումը: Նաեւ՝ ո՞ւմ էր ամենաշատը պետք ոչնչացնել ԽՍՀՄ փլուզման արդյունքում իր անկախությունը հռչակած Արցախը:

Ամփոփենք՝ չմտնելով Սահակաշվիլի-Փաշինյան նմանությունների այլ մանրամասների մեջ: Դրանք շատ են՝ նախկինների մերժում, հակակոռուպցիոն պայքար, նկարովի արդարադատություն, պոպուլյար ժողովրդավարություն… մի խոսքով՝ լիքը էշություններ, չհաշված խայտառակ պարտությունները, զոհերը, ներքին փախստականների հաշվին տուրիզմի զարգացումը, տարածքային կորուստները եւ այլն: Իմ համոզմամբ ՝ Սահակաշվիլին եւ Փաշինյանը, այո, արեւմտյան պրոյեկտ են, բայց, ի տարբերություն Ուկրաինայի նախագահի՝ թուրքական մատոռով: Թե՛ Վրաստանում եւ թե՛ Հայաստանում, որպես վարդերի եւ թավշյա խեղկատակությունների շարժիչ ուժ, գործել է Թուրքիան: Երկու էշի հարսանիք՝ երկուսն էլ ֆինանսավորվել են բացառապես Սորոսի հիմնադրամներում Թուրքիայի ունեցած կապիտալով եւ ծառայել են մեկ նպատակի. տարածաշրջանում Թուրքիայի՝ որպես Արեւմուտքի դեպանի, առաջխաղացմանն ու ամրապնդմանը:

ՀԳ. Այս երկու օրը շատ խոսվեց ՔՊ-ն «գմփըցնելու» եւ ՔՊ-շնիկներին ահաբեկելու իբր խոշոր ծրագրի մասին: Ասեմ, որ Սահակաշվիլու վերջին օրերին նույն վիճակն էր նաեւ Վրաստանում: Ավելին` այնտեղ բանը հասել էլ մորթոցիին: «Թուրքական մատոռը խփած» Սահակաշվիլին հասցրեց թռնել: Մերը դեռ դիմադրում է, ավելի ճիշտ՝ հապաղում: