Տուն-տեղ կորցնելը երկիր կորցնելու համեմատ ոչինչ է

Տուն-տեղ կորցնելը երկիր կորցնելու համեմատ ոչինչ է

Գրող, հրապարակախոս, ԽՍՀՄ գրողների միության անդամ, տարբեր տարիների ղարաբաղյան մի քանի թերթերի խմբագիր եւ պատասխանատու աշխատած Վարդգես Օվյանն Արցախից վերջին դուրս եկողներից է։ Եկել է Հայաստան վերջին ավտոբուսով։ Այդ ժամանակ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում 1000-ից քիչ ավելի մարդ էր մնացել՝ «վերջին մոհիկանները»։ Այդ վերջին օրերին իր տեսածն ու լսածը բնորոշում է որպես մղձավանջ, տանջանք, երբ տեսնում ես «հայրենի գյուղից մազապուրծ փախած ու Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում բաց երկնքի տակ օրեր լուսացնող մարդկանց դժոխային ապրումները, երբ մարդիկ օրերով չեն գտնում բենզին՝ ավտոմեքենաներով Հայաստան  հասնելու, երբ  չկա հեռախոսակապ, իսկ ծայրամասերում ադրբեջանցիներ են երեւում»։ Մղձավանջն աշխատում է չհիշել, բայց մեզ չմերժեց` իր դիտարկումները փոխանցեց որպես հին կոլեգայի։ 

- Երբեւէ մտածե՞լ եք, որ կարելի է Արցախը հետ բերել։ 

- Նույն ձեւով կվերադարձնենք, ինչպես Մուշն ու Վանը վերադարձրինք։ Թուրքը որ ոտքը դնում է մի տեղ, էլ հետ չի տանում։ Այդպես միշտ է եղել։ Էդ որ ասում են՝ Սարդարապատ, փաստորեն, Սարդարապատում մի հսկա երկիր ենք կորցրել, Արեւմտյան Հայաստան։ Մեր հսկա տան դռան մոտ կանգնեցրել ենք թշնամուն, ասում ենք՝ մեծ հաղթանակ էր։ Այ, հաղթանակն Արցախյան մեծ պատերազմում ենք ունեցել։ Էս մեկը Նիկոլի պատերազմն էր։ Արցախյան պատերազմը եզակի էր, վերջին 2-3 հարյուր տարում միակ հաղթանակն է եղել, որ թուրքից տարածք ենք ազատագրել։ Բայց հաղթանակի զգացողությունը մեզ խորթ է, չենք սիրում, փչացրինք, մսխեցինք։  

- Հիմա Ստեփանակերտում կա՞ն մարդիկ, ինչքա՞ն։

- Հնարավոր է, որ հաշմանդամներ, զինվորներ, մարդիկ, ովքեր ոչ ոք չունեն՝ մի 50-60 մարդ մնացած լինի։ Մնացածը հեքիաթներ են։ 

- Ի՞նչ զգացողությամբ եք նայել Արցախի նախագահների կադրերը, որոնց վզից բռնած՝ կռացրած տանում էին խուց․․․Արայիկ Հարությունյանին՝ ակնոցը ջարդված․․․

- Վերջին երեք տասնամյակում մեր բոլոր իշխանությունները՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, մենք տականքից ենք ձեւավորել։ Բոլորը մեղավոր են ու հանցագործ են։ Իսկ Արցախի ղեկավարները Բաղրամյան փողոցի դրածոներն էին միշտ։ Ցավալի է, իհարկե, որ նրանք թշնամու մոտ են։ Թշնամին նրանց դատում է ոչ թե այն պատճառով, որ Արցախը կործանել են, այլ որովհետեւ հայ են, արցախցի պաշտոնյաներ են։ Մենք պետք է դատենք բոլորին, հատկապես նրանց, ովքեր Երեւանում նստած են։ Իսկ Արցախի մեր ղեկավարներն ընդամենը մանրադրամն էին, վասալները։ Շատ ցավում եմ Ռուբեն Վարդանյանի համար։ Այդ մարդն ինքն էլ չգիտեր, թե որտեղ է ընկել։ Երեւի երիտասարդ ժամանակ այստեղից դուրս էր եկել ռոմանտիկ պատրանքներով, աշխարհը տեսել, եկել ու հայտնվել միանգամայն այլ աշխարհում, որտեղ չկա բարոյականություն, մարդկայնության նշույլ։ Հետո՝ ինքը ծանոթացել է Ղարաբաղին իշխանության միջոցով, ոչ թե ժողովրդի, իր շրջապատի միջոցով։ Ստորություն է, որ թուրքերի հետ մեկտեղ մերոնք են նրան քարկոծում։ Նա ողբերգական կերպար է, որն ահագին բան ցանկացել է անել Արցախում։ 

- Իմացա, որ վերջին օրերին Դավիթ Իշխանյանի հետ եք շատ շփվել։ 

- Այո, շատ ցավում եմ նրա համար։ Վերջին օրերին, երբ բարձրանում էի մոտը, զրուցում էի նաեւ դրսում։ Ո՛չ կապ կար, ո՛չ բան, ինքն էլ՝ հուսահատված։ Ինքն ու իր տեղակալը՝ ԱԺ նախագահի՝ Գագիկ Բաղունցը, փորձում էին մարդկանց հանգստացնել։ Մարդիկ վախեցած էին։ Իրենց թվում էր՝ բոլորը կգնան, իրենց կթողնեն թուրքին գերի։ Իսկ իրենք համոզում էին, ասում էին՝ մենք առանց ձեզ չենք գնալու։ Եվ իրոք, ծայրամասերում արդեն թուրքեր էին։ Ընկերոջս տունը քաղաքի մյուս ծայրամասում էր, որ գնում էի իր մոտ վերջին անգամ, մարդ չկար, ու հեռվում արդեն թուրքեր էին երեւում։ Ամենավերջին օրը մնացինք ԱԺ շենքում։ Ամայի էր, մարդ չկար էլ քաղաքի կենտրոնում։ Այլ բան է, երբ անտառում ես, ու մարդ չկա, բայց այլ բան է, երբ շրջապատում կենդանի շունչ կար, ու հանկարծ մեռած վիճակ է։ Դա սարսափելի տխուր բան էր։ 

- Ձեր մայրն ի՞նչ էր ասում։  

- Տարիքով մարդիկ միշտ լավի հույս ունեն։ 

- Սամվել Շահրամանյանը դարձավ նախագահ, եւ Դավիթ Իշխանյանը՝ ԱԺ նախագահ, ու մի քանի օրից հանձնեցին Արցախը։ Ինչո՞ւ եկան, եթե պետք է հանձնեին։  

- Ընդհանրապես, մեր ղեկավարները գաղափար չունեին, թե որտեղ են գտնվում, ինչ են անում, ովքեր են մեր թշնամիները, ովքեր՝ դաշնակիցները։ Նրանք ոչ մի ծրագիր չունեին։ Շատ թե քիչ, որքանով որ կարողանում էր, Ռուսաստանն էր իբր թե պաշտպանում Արցախին՝ մեր շրջապատի պետություններից։ Բայց նրա հետ սահմանակից չենք։ Հայաստանը, որին ուզում էինք միանալ, 1989 թվականի մեր միացման փաստաթուղթն աղբամանը նետեց ու անկախացավ Հայկական ԽՍՀ սահմաններում։ Արցախն էլ ստիպված անկախություն հռչակեց։ Հիմա այդ անկախություն կոչվածը Հայաստանը չճանաչեց, վերջում էլ հրեշավոր ձեւով դավաճանեց։ Ես այս ամենը գրել էի, որ ամենակարեւորն արցախցիների կյանքը փրկելն է։ Ես գիտեի, որ այս օրը գալու էր։ Այս ամենը Արցախի իշխանությունները պարտավոր էին հասկանալ։ 

- Ինչո՞ւ զենքը չոչնչացրին, չփչացրին, չպայթեցրին, այլ տվեցին թշնամուն։ 

- Մարդիկ նույնիսկ իրենց գույքը, տները չհասցրին վերացնել, այն սեփականությունը, որը կերտել են։ Դա էլ է, չէ՞, ցավ, որ այդպես թողել են թշնամուն։ Մազապուրծ՝ մի կերպ փախել են։ Տանում էին մի բան հրապարակ, հետ էին գալիս ու էլի ինչ-որ բան վերցնում։ Այդ պայմաններում պահանջել, որ ոչնչացնեն ինչ-որ բան, ռեալ չէր։ 

- Եղա՞ն գազանություններ, խաղաղ բնակիչների ոչնչացում։ Ես տեսել եմ միայն այն պապիկի տեսանյութը, որի ականջն ու կոկորդն են կտրում։  

- Գյուղերում գազանություններ արել են, ծայրամասերում, որտեղ որ դիմադրություն են ցույց տվել։ Բայց Ստեփանակերտում, որտեղ խաղաղապահներն էին հսկում՝ իրենց ԲՏՌ-ներով, չի եղել։ Սովորաբար նման կադրեր իրենք են նկարահանում, բայց այս դեպքում չեն նկարել, բնականաբար, կամ չեն տարածել։ Որ նման վավերագրություն չթողնեն։ Հույս ու շանս՝ Արցախը հետ բերելու, չկա։ Պետք է Հայաստանը  փրկել։ 
ՀԳ․ Վարդգես Օվյանը, գալով Հայաստան, տարբեր տեղերում է գրանցվել՝ Վայքում եւ Վանաձորում։ Բայց դեռեւս ոչինչ չի ստացել պետությունից։ Վանաձորում բնակվում է 7 հոգով՝ կնոջ, երեք երեխաների, մոր եւ քրոջ հետ։ «Երեւանի համեմատ էլի լավ է»,- ասում է նա։ Պատմում է, որ Վայքում՝ ճանապարհին ուտելիք, մրգեր տվեցին։ «Եկանք այստեղ՝ նման բան չկա»։ «Այսօր երկու պարկ կարտոֆիլ է տվել Ավետարանչական եկեղեցին։ Պետության կողմից դեռեւս ոչինչ չենք ստացել։ Բայց մենք հայրենիք ենք կորցրել,- ասում է,- մի ամբողջ կյանք, որի համեմատ մնացածը մանրուքներ են։ Տուն-տեղ կորցնելը երկիր կորցնելու համեմատ ոչինչ է»։