Խիստ ցուցումների ճակատագիրը

Խիստ ցուցումների ճակատագիրը

2018 թվականի մայիսյան իշխանափոխությանը հաջորդած առաջին ամիսներից մեկում Երևանում տեղի էր ունեցել ինչ-որ դաժան հանցագործություն՝ մանրամասները չեմ հիշում: Ֆեյսբուքյան հերթական լայվի ընթացքում Նիկոլը դատապարտել էր այն ու հայտարարել, որ «նոր Հայաստանում» նման երևույթ այլևս չպետք է տեղի ունենա: Իհարկե, ինչպես նրա մյուս խոստումները, այս մեկը ևս չպետք է կյանքի կոչվեր: Որպես ասվածի վկայություն՝ մեկ-երկու օր առաջ ոստիկանությունը ներկայացրել էր հանցագործությունների վերաբերյալ կարծեմ կիսամյակային հաշվետվությունը: Ծանր հանցագործությունները բավական աճել էին: Այսինքն, Նիկոլի վարչապետության տարիներին ծանր ու դաժան հանցանքները ոչ միայն չեն վերացել, այլև դարձել են շատ ավելի հաճախակի: Այնքան հաճախակի, որ որոշել են «ժողովրդավարական Հայաստանում» կիրառել «գերդեմոկրատական» իրավական բարեփոխում. ծանր հանացագործություն կատարած անձին ազատ արձակել՝ բավարարվելով նրա «զղջում եմ» խոստովանությամբ: Նպատակը խիստ պրակտիկ է՝ բեռնաթափել հանցագործներով բանտերը, չնայած եթե դատենք իրենց իսկ վիճակագրությամբ` դրանք բոլորովին էլ ծանրաբեռնված չեն:   

Նույն երևույթը կարող ենք դիտարկել բանակում տեղի ունեցող հանցագործությունների գծով, որոնց հիմքը ոչ կանոնակարգային հարաբերություններն են: Նիկոլական «ժողովրդավարության» պայմաններում դրանք նախկինի համեմատ ոչ թե պակասել են, այլ ավելացել: Ու կարծում եմ, որ հետագայում ևս կավելանան, եթե բանակը մնա այնպիսին, ինչպիսին այսօր է: Իսկ այսօրվա վիճակը ներկայացնում է պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցության վերաբերյալ հաղորդագրության մի հատվածը:

Ահա այն. «Պաշտպանության նախարարը խիստ ցուցումներ է տվել զորամիավորումների և զորամասերի հրամանատարներին, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ներդնելու առավելագույն ջանքեր՝ անձնակազմի շրջանում լայնածավալ անհատական աշխատանքներ կատարելու, արատավոր բարքերը չեզոքացնելու ուղղությամբ»:

Ենթադրում եմ, որ Սուրեն Պապիկյանի խիստ ցուցումները կարժանանան նույն ճակատագրին՝ կմնան օդում կախված: Ճիշտ այնպես, ինչպես նրան այդ պաշտոնին նշանակողի՝ վերը նշված նույնքան խիստ ցուցումը: Եվ դրա պատճառը ոչ թե իմ չուզողությունն է, այլ հայաստանյան իրողությունները: Այդպես պետք է լինի, քանի որ հասարակական կարգ պաշտպանելու փոխարեն ոստիկանությունը զբաղված է մեկ անձի անվտանգությունն ապահովելով ու իշխանության դեմ ծավալվող շարժումները ճնշելով: Եվ այդ կառույցում պաշտոնի բարձրացումները տեղի են ունենում ոչ թե հանցագործությունները բացահայտելու կամ, որ ավելի ճիշտ է, դրանք կանխարգելելու, այլ հականիկոլական շարժումները ճնշելիս դրսևորած դաժանության աստիճանի հիման վրա:

Ինչ մնում է բանակին, ապա գրագետ հրամանատարներին ձերբակալելու միջոցով այն գլխատելու, հասարակության մեջ զինված ուժերի նկատմամբ անվստահություն սերմանելու (հիշենք 11 հազար դասալիքի նաղլը) պայմաններում բանակում չեն կարող չձևավորվել ոչ կանոնակարգային հարաբերություններ: Իսկ նոր առաջադրումներն էլ կատարվում են ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձի անձնական վստահությունը վայելելու հիման վրա: Ճիշտ այնպես, ինչպես մնացած ուժային կամ իրավապահ կառույցներում: Նման պայմաններում, բնականաբար, ոչ մի խիստ ցուցում էլ կյանքի կոչվել չի կարող: