Ինչքան պիտի անկարող լինես՝ երկրի հոգսով տառապելու մենաշնորհը թողնես այն որպես գույք պարտքի դիմաց հանձնածներին

Ինչքան պիտի անկարող լինես՝ երկրի հոգսով տառապելու մենաշնորհը թողնես այն որպես գույք պարտքի դիմաց հանձնածներին

Արայիկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Չէ, չի լինում: Կարճ չի լինում: 
(Կարդալու դեպքում՝ մինչև վերջ կարդալու):

Լավ, ո՞նց է հնարավոր իբր գնալ էս տեսակ գլոբալ կրթական ռեֆորմի, իբր անցնել կրթության կլաստերային մոդելի ու լինել էս տեսակ գլոբալ թափթփված, գլոբալ անհասկանալի, գլոբալ անճարակ: 

Ինչո՞ւ, ասենք, հնարավոր չէր էդ գլոբալ կրթական ռեֆորմի մանրամասն ռազմավարությունը հրապարակել ամիսներ կամ տարիներ առաջ, քայլ առ քայլ (քայլից էլ, գոնե, հասկանում եք) նշել ռեֆորմի անցնելիք ճանապարհը՝ առաջին քայլից մինչև վերջինը, ներկայացնել բուն էությունը, նպատակը, արդյունավետությունը, քննարկել խնդիրը բաց, հրապարակային, քննարկել բոլոր շահառուների հետ, հրավիրել կլաստերային կրթական համակարգերի մասնագետների, ուսումնասիրել մեր առանձնահատկությունները, մեր առավելություններն ու բացերը:

Ինչո՞ւ հնարավոր չէր տևական քննարկումների միջոցով տալ պարզաբանումներ, բացատրություններ, նշել այն թվականը, երբ սկսում եք ռեֆորմը և նշել ռեֆորմի ավարտի ժամկետը, որը չի կարող լինել առնվազն հինգ, տասը տարվանից պակաս և այլն:

Կարդում ես Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ղեկավարի պարզաբանումը՝ Կոնսերվատորիայի հետ կապված, լացդ գալիս է: Բարձրագույն կրթությունն ու գիտական աստիճանը նույնիսկ թույլ չեն տալիս հասկանալու, թե ինչ է ասում այդ ոլորտի պատասխանատուն, ենթադրաբար՝ նաև կրթական ռեֆորմի պատասխանատուն:
Ոչ մի կասկած չկա, որ կրթական համակարգը պետք է ենթարկվի խորը և խորքային ռեֆորմի, որ կլաստերային կրթական համակարգը բազմաթիվ առավելություններ ունի, որ կրթության խորհրդային մոդելը, որով այսօր առաջնորդվում ենք դեռ, չի կարող կենսունակ լինել ժամանակակից աշխարհում և այլն: 

Բայց կա՞ պետության լրջագույն ռազմավարական մոտեցումը կրթության խնդիրներին, կա՞ պետության կարիքների գնահատումի ռեալ, իրական պատկերը, կա՞, թե ինչ խնդիր է դրվում, ասենք, մանկավարժական կրթության առջև առաջիկա տասը, տասնհինգ տարվա կտրվածքով, ի՞նչ խնդիր է դրվում, ասենք, կինոկրթության, կամ թատերական կրթության առջև, ինչպե՞ս է երևում գիտական ինստիտուտներ-ակադեմիականություն-կրթություն-տնտեսություն կամ ստեղծագործական ոլորտ շղթան: 

Չկա: Մտածված, մշակված, մինչև վերջ հասկացված, մինչև վերջին դետալը մարսված, քննարկված, բացատրված, վերլուծված պատկերը չկա:

Եվ այս պարագայում ակադեմիական քաղաքը կամ նման երազային մտքերը դառնում են ընդամենը կաղապար, որի մեջ չկա ոչ մի նյութ: 

Ի դեպ, Երևանը շատ լավ էլ ակադեմիական քաղաք էր: Իդեալական ակադեմիական քաղաք: Հանճարեղ Թամանյանը՝ գեղարվեստի իր սանկտպետերբուրգյան կայսերական ակադեմիական կրթությամբ, իր նորարար ճարտարապետական մտքով, փարիզներն ուսումնասիրած, քաղաք-այգի Երևանը կառուցել էր հենց կլաստերային համակարգի սկզբունքով՝ բաժանված առանձին գոտիների՝ վարչական, մշակութային, ուսանողական, արդյունաբերական և այլն։ 
Կրթական-մշակութային գոտին էլ մտածված էր ֆրանսիական սկզբունքով, որտեղ Լատինական թաղամասում են հավաքված կրթական, մշակութային կենտրոններ: 

Կարո՞ղ եք, Երևանին վերադարձրեք ակադեմիական քաղաքի իր էությունը, մաքրեք Երևանը ամենայն աղբից, որը փչացրեց ակադեմիական քաղաք Երևանի պատկերը:

Ակնհայտ է, որ կլաստերային կրթական համակարգի անցնելու նախնական խոսակցությունները սկսվել են առնվազն երկու-երեք տարի առաջ, եղել են հանդիպումներ, քննարկումներ, որոնց մասնակցել են ռեկտորներ, ձևավորվել են հանձնաժողովներ: Ինչո՞ւ է այսօր՝ Կոնսերվատորիայի տեսքով բարձրանում խնդիրը: 

Այդ ընթացքում չեն եղե՞լ ռիսկեր, մտահոգություններ, տարակուսանքներ: Ինչո՞ւ չեն բարձրաձայնվել և ինչո՞ւ են հենց այսօր տխրել ռեկտորները: Այս հարցերին պետք է պատասխան հնչի:
Պատասխաններ կա՞ն: Չկան: 

Արամ Մանուկյանի չստացված արձանով Ջիմ Թորոսյանի մշակութային հուշարձանի պղծումին պատասխան տրվե՞ց: Չտրվեց: Մի օրով Շարլ Ազնավուրի, մեղմ ասած, չստացված արձանը փոթորկեց ֆեյսբուքն ու անցավ՝ «ախպերության» կողմից աստվածացվելով հանդերձ: Մի երկու օր էլ կխլի Կոնսերվատորիայի աղմուկը: Ճիշտ էնպես, ինչպես մի երկու օր էլ զբաղեցրեց թենիսի կորտերինը: 

Չի բացառվում, որ հետո կգա Գյուղինստիտուտի աղմուկը, Թատերականի աղմուկը, Համալսարանի աղմուկը ու ֆեյսբուքով կառավարվող մեր պետությունը, իշխանությունը, «ընդդիմությունը» կլուծեն իրենց խնդիրները՝ քայքայելով մեր նյարդերը, ու …խնդիրները կմնան օդից կախ:

Ինչքան պիտի անկարող լինես, որ երկրի հոգսով տառապելու մենաշնորհը թողնես երկիրը որպես գույք պարտքի դիմաց հանձնածներին, ակադեմիական քաղաք Երևանը այլանդակածներին ու նրանց չարորակ մետաստազներին ու նրանց որոգայթներում թողնես Երևանով, կրթությամբ, ապագայով, պետությամբ ու հայրենիքով մշտապես ապրող ու մտահոգ մարդկանց հոծ խմբեր:  

Լուսանկարները՝ Արմենպրեսի: Տեսեք, թե ինչ ակադեմիական քաղաք էր Երևանը: