«Ինքդ քեզ ռեժիսոր» հաղորդաշարը հեռանում է եթերից

«Ինքդ քեզ ռեժիսոր» հաղորդաշարը հեռանում է եթերից

Ռուսական պետական ВГТРК հեռուստաընկերությունը որոշում է կայացրել, ըստ որի «Ինքդ քեզ ռեժիսոր» հաղորդաշարը, որը եթերում է արդեն քսանութ տարի, սկսած 1992 թվականի հունվարից, հեռանում է եթերից։ Այս մասին հայտնում է ТАСС-ը, վկայակոչելով հաղորդաշարի անփոփոխելի վարող Ալեքսեյ Լիսենկովի տեսահայտարարությունը, որը վերջինս արել է իր ֆեյսբուքյան հարթակի միջոցով։

Լիսենկովը չի մանրամասնել, թե ինչու է պետական հեռուստաընկերությունը նման որոշում կայացրել, սակայն նաեւ նկատել է, որ որպես պրոֆեսիոնալ, ով իր կյանքի 35 տարին նվիրել է հեռուստատեսությանը, հասկանում է որոշումը, թեեւ որպես մարդ դժվարությամբ է կարողանում ընդունել, թեպետ, հասկանում է նաեւ, որ ստիպված է համաձայնել։ Հեռուստաշոուն ստացել է մի շարք մրցանակներ, անբաժանելի ուղեկից եղել միլիոնավոր հեռուստադիտողների համար, եթեր թողարկելով տասնյակ հազարավոր սյուժեներ։ Վերջին անգամ եթեր է հեռարձակվել անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին։