Շատ եք ուզո՞ւմ՝ երկու հանձնաժողով ստեղծեք

Շատ եք ուզո՞ւմ՝ երկու հանձնաժողով ստեղծեք

44-օրյա պատերազմը ծնող պատճառների ու բոլոր հանգամանքների համապարփակ քննություն իրականացնելու համար մասնագիտական մեկ հանձնաժողովն էլ բավական է, բայց, քանի որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն են խոսում նման հանձնաժողով ստեղծելու մասին, ապա պետք է մտածել Նիկոլ Փաշինյանից եւ նրա թիմից անկախ հանձնաժողովի ստեղծման մասին: Այլապես զավեշտալի է, որ պատերազմ վարած, այդ պատերազմում խայտառակ պարտություն կրած եւ կապիտուլացված իշխանությունը պետք է քննի սեփական սխալների եւ անճարակության պատճառները: Սա նույնն է, թե մարդասպանին վստահես իր ոճրագործության քննությունը: Դիմացինին հայտնի կենդանու տեղ դնելու մեջ Նիկոլը, գուցե, իր հավասարը չունի, բայց կա մի սահման, որից այն կողմ նույնիսկ ստի ու կեղծիքի մարմնավորում հանդիսացող Նիկոլը չի կարող անցնել: Նրան ուղղակի ոչ ոք չի հավատա, նույնիսկ իրեն ձայն տված 680 հազար խայտառակչիները:

Եվ ահա, Փաշինյանն ու ՔՊ-ն այդ խայտառակչիների ուղեղները վերջնականապես լվանալու նպատակով հանդես են եկել մի ցնցող առաջարկով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում ընդգրկել նաեւ արտախորհրդարանական ուժերին: Որպեսզի այդ առաջարկն ավելի առարկայական ընկալվի, ասեմ, որ հանձնաժողովի աշխատանքներին Փաշինյանն ուզում է ներգրավել, օրինակ, Արման Բաբաջանյանին, որը թե՛ պատերազմից առաջ եւ թե՛ պատերազմի օրերին Հայոց բանակին նախազգուշացնում էր՝ չվնասել ադրբեջանական խողովակաշարերը: Փաշինյանի առաջարկը, անշուշտ, վերաբերում է նաեւ Վազգեն Սարգսյանի արտախորհրդարանական եղբորը՝ Արամ Սարգսյանին: Եվ ինչպե՞ս պետք է Արամ Սարգսյանն իրեն դրսեւորի այդ հանձնաժողովում, երբ մի քրջոտ պաշտոնի համար արդեն հասցրել է ուրանալ եղբոր հուշարձանի պղծումը Շուշիում եւ համավորիկ հարսի նման լռել, երբ թուրքը թակում է հարազատ ծննդավայրի դռները՝ գնդակոծելով Երասխն ու Սուրենավանը:

Մյուս կողմից էլ՝ ոչ մի խնդիր չկա, որ Փաշինյանն ու ՔՊ-ն սրտանց ուզում են բացահայտել 40-օրյա պատերազմի բոլոր հանգամանքներն ու պատժել մեղավորներին: Անկախ հանձնաժողովը կարող է նրանց տալ այդ հնարավորությունը՝ մեկառմեկ հարցաքննության կանչելով, ինչպես դա անում էր ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող «հեղափոխական» հանձնաժողովը՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ: Ի դեպ, պարոն Քոչարյան, ի՞նչ եղավ հանձնաժողովի զեկույցը, որտե՞ղ այն պարտակեցիք եւ ինչպե՞ս, որ այդպես էլ չիմացանք, թե ով է ապրիլյան պատերազմում տարած հաղթանակի մեղավորը: Իսկ գուցե նոր ստեղծվելիք հանձնաժողովի նախագահ նշանակենք հենց Անդրանիկ Քոչարյանի՞ն: Մարդը կարգին փորձ ունի երկրի ղեկավարների հարցաքննելու…
Ոչ, պարոն Փաշինյան, չի կարելի արդեն մեկ անգամ թույլ տված սխալը կրկնել:

Մենք այն ժամանակ էինք ասում, որ Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովը պրոֆեսիոնալ չէ եւ չի կարողանալու երկու էշի գարի ջոկել այդ խառը պատմության մեջ: Հիմա Դուք դարձյալ նույն կողմն եք քշում սայլը՝ ստեղծել հանձնաժողով, որտեղ արտախորհրդարանականներ էլ կընդգրկվեն: Նրանց մեջ կա՞ պատերազմից ու զինվորությունից գլուխ հանող գոնե երկու մարդ: Այդ քաղաքական խեղկատակնե՞րը պետք է պարզեն 44-օրյա պատերազմում մեր ժողովրդի կրած տառապանքների ու զրկանքների, հայրենիքի կորստի, պետական աննախադեպ դավաճանության եւ խայտառակ կապիտուլյացիայի հանգամանքները: Դուք, պարոն Փաշինյան, վաղուց պետք է կանգնած լինեիք միջազգային դատարանի առաջ եւ հիրավի անկախ հանձնաժողովին ցուցմունքներ տայիք այն մասին, թե ինչո՞ւ սկսվեց 44-օրյա պատերազմը, ինչպե՞ս ընթացավ, ինչո՞ւ չդադարեցվեց ավելի վաղ, ինչո՞ւ խաբեցիք ժողովրդին, թե հաղթում եք, ինչո՞ւ 10 հազար անմեղ, իրենց հայրենիքը պաշտպանող երիտասարդի մատաղ արեցիք պատերազմի դաշտում եւ քաջություն չունեցաք այդքանից հետո հրաժարական տալ ու սեփական նախաձեռնությամբ հանձնվել արդարադատությանը:

Փոխարենը, պարոն Փաշինյան, Դուք բոլոր հնարքներով խուսափեցիք պատասխանատվությունից, հանցավոր կերպով պետական ռեսուրսը ներդրիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ կորզելու եւ վարչապետի աթոռին մնալու համար, ինչը Ձեզ էլի մի որոշ ժամանակ ազատելու է պատասխանատվությունից, իսկ երկիրը մատնելու է նոր պարտությունների: Եվ Դուք ուզում եք ձեր սրտի հանձնաժողո՞վն ստեղծել՝ այս ամենը քննելու համար: Դուք իսկապե՞ս սեփական ժողովրդին եւ ողջ միջազգային հանրությանն էն կենդանու տեղն եք ուզում դնել:

44-օրյա պատերազմը ծնող պատճառների ու բոլոր հանգամանքների համապարփակ քննություն իրականացնելու համար անկախ մասնագիտական հանձնաժողով պետք է ստեղծվի, իսկ պետությունն էլ պետք է հանձնառու դառնա բոլորին, այդ թվում եւ վարչապետին ու խայտառակ պարտության մյուս պատասխանատուներին հարցաքննության բերելու գործում: Սա է միակ ճանապարհը՝ մեզ պատած ստի ու կեղծիքի միջից դուրս գալու: Իսկ թե ինչ հանձնաժողով կստեղծի Նիկոլ Փաշինյանը, ում կներառի այդ հանձնաժողովի աշխատանքներում, արդեն էական չէ: Դա նույնիսկ վնասակար էլ չէ, թող զբաղվեն, գուցե մենք ունենանք նաեւ այն պատկերը, որ 40 օր շարունակ երեւացել է ՀՀ կառավարության պատուհանից, ապա՝ անդրադարձել եւ այդպես ծուռ ներկայացվել հանրությանը: