Թույլ չենք տալու, որ հիմա էլ Թումանյան փողոցի ծառերը հատեն․ դիմադրության շարժում է ձեւավորվում

Թույլ չենք տալու, որ հիմա էլ Թումանյան փողոցի ծառերը հատեն․ դիմադրության շարժում է ձեւավորվում

Քաղաքային իշխանությունները գարնանն ընդառաջ մայրաքաղաքում իրականացնելու են ծառերի փոխարինում նոր տնկիներով: Համաձայն քաղաքապետարանի տարածած հաղորդագրության՝ երեւանյան մայթերից ու պուրակներից հեռացվելու են կենսունակությունը կորցրած ծառերը։

Քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փորձագետների կարծիքով, հարյուրամյա ծառերն ընկնելու վտանգի տակ են, եւ միայն այս ձմռանը քամուց 28 ծառ է կոտրվել ու շրջվել․ «Ծառերի փոխարինման աշխատանքները մասնագիտորեն հիմնավորված իրականացնելու համար ստեղծվել է հատուկ գիտատեխնիկական խորհուրդ, որն էլ հսկելու է ողջ գործընթացը: Կանաչապատ տարածքների սակավությամբ պայմանավորված՝ առաջիկա ծրագրով կփոխարինվեն հիմնականում Կենտրոն վարչական շրջանի ծառերը. կտնկվեն բացառապես արժեքավոր ծառատեսակներ»:

Ինչպես տեղեկանում ենք, առաջիկայում կփոխարինվեն, Բագրատունյաց պողոտայի, Մելիք Ադամյան, Թումանյան, Ալեք Մանուկյան փողոցների ծառերը, նախատեսվում է տնկել շուրջ հազար ծառ, արդեն ընտրվել են նաեւ ծառատեսակները։ Այսպես, օրինակ, տնկվելու են օճառածառ, կատալպա գնդաձեւ, սոֆորա ճապոնական, կելրեյթերիա հուրանավոր, ալբիցիա լենքորանյան։  

Քաղաքային պլանավորման մասնագետ, Կենտրոնի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանին խիստ անհանգստացնում է քաղաքային իշխանությունների կողմից մայրաքաղաքի հաստաբուն ծառերը նոր տնկիներով փոխարինելու ծրագիրը։ Այդ նպատակով ստեղծվել է կոորդինացիոն շտաբ, որը պատրաստվում է դիմադրություն ցույց տալ իշխանությունների ծառահատման ծրագրին։ 

«Չենք թողնելու, որ դա անեն, որովհետեւ կոորդինացիոն շտաբ ենք ստեղծել՝ բաղկացած տարբեր քաղաքական, հասարակական կառույցներում ներգրավված անհատներից, մասնագետներից։ Հիմա բանակցությունների մեջ ենք եւ մեծ դիմադրություն ենք ցույց տալու ծառերի ոչնչացման հարցում։ Հավաքվելու ենք ու քաղաքականություն որոշենք, որպեսզի թույլ չտանք ու կանխենք ծառերի հատումը, իսկ այդ ՀՈԱԿ-ի ղեկավարն ու նրա աշխատակիցները ենթարկվելու են պատասխանատվության Մոսկովյանի առողջ ծառերի սպանդի համար։ Մինչդեռ սովորական քաղաքացին երբ մի ծառի ճյուղ է կտրում, 6 հատ քրեական գործ են հարուցում։ Հիմա մենք փորձելու ենք նաեւ հասկանալ, թե որ գիտնականներն են ստորագրել այդ որոշման տակ, ըստ որի՝ իբր թե այդ ծառերն իրենց կենսունակությունը կորցրել են, քանի որ մենք էլ մեր հերթին ենք նայել ու արձանագրել, որ այդ ծառերն իրենց կենսունակությունը չեն կորցրել»,- ընդգծում է Վ․ Մնացականյանը։

Կոորդինացիոն շտաբը գործելու է հասարակական հիմունքներով եւ մասնագիտական գնահատականներ է տալու․ «Իսկ մասնագետների մեծ մասը դրան դեմ է։ Իրենք նախկինում խաբել, մի երկու հիվանդ թեղի են ցույց տվել Սայաթ-Նովայի վրա, այդ մարդիկ ստորագրել են, բայց այդ մարդիկ չեն իմացել, որ կտրելու են Մոսկովյանի հացենիները, ոչ թե Սայաթ-Նովայի հիվանդ թեղիները։ Մենք նյութ ենք պատրաստում իրավաբանների հետ ու նաեւ այսկերպ ենք բարձրաձայնելու խնդիրը՝ ուշադրություն հրավիրելով այս խնդրի վրա։ Չի կարելի ծառերի մի նոր սպանդ թույլ տալ, քանի որ ուզում են Մոսկովյանի շարունակության, Խանջյանի, Թումանյանի ծառերն էլ կտրել։ Դրանք առողջ ծառեր են, որ մի 100 տարի էլ կծառայեն, ուղղակի պետք է խնամել, բայց չեն կարողանում խնամել, էտել, որովհետեւ ծառերի բիզնեսով են զբաղված։ Այն դեպքում, որ բռնվել են, որ հազար դրամանոց ծառն առնում են 40 հազարով ու հիմնավորում են, թե բերքով է։ Այդ նույն մարդն անցել էր քրեական գործով, եւ պարզվել էր, որ 50 դրամանոց ճապկի թուփն առել էր 450-ով ու հազարներով էր դրանք առել։ Այդ մարդուն ո՞նց կարելի էր վստահել Երեւանի կանաչապատումը, ով անցնում էր մի քանի քրեական գործերով, եւ որոշեց, որ պետք է Երեւանի ծառերը կտրեն, որ իրենց ծանոթի՝ 10 անգամ թանկ բերած ծառերը տնկեն»։

Հիշեցնենք, որ խոսքը «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի մասին է, 3 տարի առաջ ոստիկանությունը բացահայտեց մի շարք չարաշահումներ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում, որի հետեւանքով արձանագրվել էին պետությանը շուրջ 11 միլիոն դրամի վնաս պատճառելու դեպքեր:

«Էլի կոռուպցիոն դեպքեր կան, որը խոսում է այն մասին, որ չի կարելի այս իշխանություններին վստահել քաղաքի կանաչապատման, ծառերի էտման հարցերը,- ասում է Վ․ Մնացականյանն ու անդրադառնում սակուրաների այդքան քննարկված թեմային։- Անցած տարվա սակուրաների նույնիսկ 10-15 տոկոսը չծաղկեց։ Հետո, ամեն ինչից անկախ, այստեղ ինքնության հարց կա, սակուրան ի՞նչ կապ ունի Երեւանի հետ, որ տանում ենք քաղաքի ամենակենտրոնում՝ պատմական մասում տնկում ենք։ Մենք ծիրանի ծառը տանո՞ւմ ենք Ճապոնիայում տնկում։ Ինչո՞ւ հենց սակուրա՝ հացենի տնկեիք, իսկ կարող է սրա տա՞կ էլ կոռուպցիա կա, ումի՞ց են առել այդ սակուրաները, որտեղի՞ց է եկել, այսինքն՝ շատ «ստորջրյա քարեր» կան, որը մի օր եւս կբացահայտվի»։

Վ․ Մնացականյանին, մեծ հաշվով, չի հետաքրքրում, թե այս անգամ ինչ ծառեր է տնկելու քաղաքային իշխանությունը, քանի որ, ցանկացած դեպքում, չեն կարողանում բավարար խնամք իրականացնել՝ ծառերը գրագետ էտել, սրսկել, պարարտացնել․ «Արդյունքում վատ վիճակում են հայտնվում, բայց եթե նորմալ խնամես, տիրություն անես, դրանց վիճակը լավ կլինի։ Հետո+40 ջերմաստիճան ունեցող արեւային քաղաքներում անհնար է անգամ մի ամառ առանց ծառերի։ Դուք տեսաք, թե անցած ամառ ինչ էր կատարվում քաղաքում։ Նույն այդ սակուրան երբեք չի աճի ու չի դառնա նորմալ ծառ, իսկ այս անգամ թեղիներ են, որոնց առավելագույնը 10 տոկոսը կարող է հիվանդ լինել։ Եթե ցանկացած դեպքում ուզում ես փոխել, ապա դրան էլ գրագետ ձեւ կա, առավել եւս, որ Թումանյան փողոցը դա թույլ է տալիս, ամեն ծառի արանքը տնկում են մի հատ ծառ, հետո՝ ամեն 3 տարին մեկ ամեն հին ծառը հանում են ու այդպես՝ 5-7 տարվա մեջ կանաչապատման հարցը լուծում են, որպեսզի, այսպես ասած, «չտկլորանա» այդ փողոցը։ Այլապես, 200 մետր քայլում ես +40 ջերմաստիճանի տակ ու արեւահարվում ես, էլ չեմ ասում, որ այդ տեսակ ոչ գրագետ լուծումներից ընդհանուր քաղաքն է տաքանում, քաղաքի էսթետիկ տեսքն է տուժում, եւ ընդհանրապես՝ օրենք գործո՞ւմ է մեր քաղաքում, թե՞ առաջնորդվում ենք «ով ում բարեկամն է» կարգախոսով ու այդպես 1-2 հոգու ձեռքը կրակն ենք ընկել»։