Սլովակիայի վարչապետի թեկնածուն ռուսամե՞տ է

Սլովակիայի վարչապետի թեկնածուն ռուսամե՞տ է

Սլովակիայի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ով այս տարի կարող է վերադառնալ իշխանության, դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն: 
Նա նաեւ խոստացել է արգելափակել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները։

Սլովակիայում սեպտեմբերի 30-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Ռոբերտ Ֆիցոյի «Սմեր» կուսակցությունն, ըստ հարցումների, ներկայումս առաջատարն է ընտրություններում: 

Այս շաբաթ նախկին վարչապետը հանդիպել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ դեսպանների հետ՝ ուրվագծելու իր արտաքին քաղաքական նպատակները։ Նա դիվանագետներին ասել է, որ եթե վերադառնա իշխանության, կկանխի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի հայտը: Նրա կարծիքով՝ սա «ամենամեծ անհեթեթությունն է», որը հակամարտությունը կդարձնի գլոբալ։

Ֆիցոն դեմ է արտահայտվել նաև Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը և խոստացել է արգելափակել Սլովակիայի տարածքով զենքի տեղափոխումը։ Նախկին վարչապետը վստահեցրել է, որ չի աջակցի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին։

«Չի կարելի ազգին սաստել որոշակի կարծիքի համար... Ես Պուտինի կողմնակիցը չեմ, ես խաղաղության կողմնակից եմ: Հուսով եմ, որ Արևմուտքը խելամտություն կունենա՝ չգնալու բաց պատերազմի Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է նա՝ հերքելով այն միտքը, թե ինքը կարող է մեկուսացվել ԵՄ-ում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ միասին՝ ռուսամետ դիրքորոշման պատճառով։