Ինչ մասնագիտությունների տեր անձինք կան նախընտրական ցուցակներում

Ինչ մասնագիտությունների տեր անձինք կան նախընտրական ցուցակներում

Արտահերթ ընտրություններին մասնակցող 26 քաղաքական ուժերի՝ 22 կուսակցությունների ու 4 դաշինքների պատգամավորության թեկնածուների սեռատարիքային և մասնագիտական կազմը բավականին խայտաբղետ է` ինչպես միմյանց հետ համեմատության մեջ, այնպես էլ ցուցակի ներսում։

Բնականաբար, դիտարկում ենք մասնակցող առանցքային քաղաքական ուժերի միայն անցողիկ՝ մինչև 40-րդ տեղերը։ Ամենաշատ չաշխատող անձինք «Ազգային ժողովրդավարական բևեռ»՝ ԱԺԲ-ում և Հայ ազգային կոնգրեսում են։ Վերջինի պարագայում՝ նաև թոշակառուները և մտավորականները։

ՀԱԿ-ի ցուցակում կա առողջապահական օլիգարխիայի միակ ներկայացուցիչ՝ ի դեմս «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրենի, ցուցակում ընդգրկված են նաև Քաղսիի համայնքապետը, ԿԳՄՍ նախարարի մի խորհրդական:
ԱԺԲ-ում կան որոշ անհատ ձեռներեցներ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի խմբագիր, վաճառող-մենեջերներ, ՍՊԸ-ի տնօրեններ, «Հայբիզնեսբանկի» գլխավոր գանձապահ, գործող ընտանեկան բժիշկ, ԵՊՀ դեկան, ավագ ծրագրավորող, մի էլեկտրիկ։

Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունում համեմատաբար շատ են ծրագրավորողները և գործազուրկները։ Թեև ներգրավվածների թվում են ՀՀ ազգային արխիվի գլխավոր մեթոդիստ, «Հայբուսակ» համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն ու նույն համալսարանի վարորդ, Նորակերտի համայնքապետ, HSBS բանկի TT ոլորտի մասնագետ։ Առհասարակ, «Հայբուսակ» համալսարանից շատ են թեկնածուները՝ մի ուսանող, որակի բաժնի տնօրեն, տարբեր մասնաճյուղերից տարբեր անձինք։ Ցուցակում է նաև «Հրայր և Արամ» ՍՊԸ-ի լիցքավորող։

Քոչարյանի գլխավորած ցուցակում ամենաբարձր սոցիալական և պաշտոնական «շեմերն» են․ «Սիստեմա» ԲՖԿ-ի անկախ տնօրեն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ, «Արինս գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն, պահեստազորի գեներալ-գնդապետ, պահեստազորի գեներալ-մայոր, Մեղրու և Գորիսի համայնքապետեր, «Անռիվա տուր» ՍՊԸ-ի տնօրեն, Իզմիրլյան ԲԿ-ի տնօրեն, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտեի դեկան, «Նաիրի ինշուրանսի» բաժնետեր (Լևոն Քոչարյան), համայնքի ղեկավարներ, փաստաբաններ։ Փոխարենը՝ առավել քիչ են մտավորականության ներկայացուցիչները, մանկավարժներն ու գիտաշխատողները, ինչը փոխարինվում է լրագրողների ներկայացվածությամբ․ 5-րդ ալիքի քաղաքական մեկնաբան Ագնեսա Խամոյան, «Եվրասիա դեյլի»-ի քաղաքական մեկնաբան Հայկ Խալափյան։

«Պատիվ ունեմ»․ այստեղ առաջին հորիզոնականներում նախկինում բարձր պետական պաշտոններ ունեցող անձինք են․ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյան, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյան, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյան։ Թեև այս ցուցակում ևս համեմատաբար շատ են գործազուրկները՝ ներառյալ 1-ին ու 2-րդ համարները։

ՔՊ-ի նախընտրական ցուցակը (հատկապես մինչեւ 35 համարը) բաղկացած է հիմնականում ներկա խորհրդարանի պատգամավորներից ու վարչապետի կաբինետի ներկա ու նախկին անդամներից։ Այսինքն՝ կուռ քաղաքական-նոմենկլատուրային ցուցակ է. ԱԺ նախագահ, նախագահի տեղակալներ, գործող և նախկին նախարարներ, վարչապետի աշխատակազմի ղեկավար, պատգամավորներ, քաղաքապետեր, մարզպետեր, Դեղերի և բժշկական փորձագիտական կենտրոնի տնօրենն ու իր տեղակալը, Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ի տնօրենը, վարչական շրջանի ղեկավարներ։ Նախկին ցուցակի համեմատությամբ՝ ՔՊ-ի ցուցակում շատ են վարորդները, առաքիչներն ու գործազուրկները։

Եզակի գործազուրկներից մեկը ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանն է և Կադաստի նախկին ղեկավար Նարեկ Բաբայանը, որոնց անունների կողքին համեստորեն նշված է՝ չի աշխատում։ 157 հոգուց բաղկացած ցուցակում կան ևս 4-5 շարքային ՔՊ-ական գործազուրկներ։ Թեկնածուների թվում են նաև պատգամավորների ու փոխխոսնակների օգնականներ ու ԻՔ խմբակցության փորձագետներ։ Ցանկում ընդգրկված է նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի մի բուժքույր, Կապանի դպրոցի ուսուցչուհի։

ՔՊ-ից հետո ամենաքիչ գործազուրկներ և թոշակառուներ ունեցող քաղաքական ուժը ԼՀԿ-ն է․ ԱԺ պատգամավորներ, լեռնամետալուրգիական ինստիտուտի գլխավոր իրավախորհրդատու, ՍՊԸ-ի տնօրեններ։ 

Ունեն նաև մեկ լրագրող և մեկ` Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան պատգամավորության թեկնածու։