Կորոնավիրուսը որպես քաղաքական զենք

Կորոնավիրուսը որպես քաղաքական զենք

Որ կորոնավիրուսի ժամանակ պետական մակարդակով  «բարդակ է եղել» , որևէ մեկի մոտ կասկած անգամ չի հարուցում։ «Կորոնավիրուսն ում շունն է» կարգախոսը որդեգրած, «թու, թու, թու»-ով կորոնավիրուսի դեմ պայքարող, կորոնավիրուսի տարածման դեմն առնելու փուլը հանցավոր կերպով տապալած, հանուն նեղ քաղաքական շահի՝ ՀՀ քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկած իշխանությունը այսօր Հակակոռուպցիոն կոմիտե է ստեղծել և տասնյակից ավելի մարդկանց է ձերբակալում։ Եթե փաշինյանական ողջ թիմն էլ ձերբակալվի, ժողովրդի հեչ պետքը չի և անկեղծ, ինձ էլ  դա չի անհանգստացնում։

Բայց փորձենք հնարավորինս օբյեկտիվ մոտենալ ձերբակալություններին։  Բավական է հիշել կորոնավիրուսի շրջանում Փաշինյանի մի արտահայտությունը, բառացի չեմ հիշում, բայց կարծում եմ շատերի մոտ է տպավորվել՝ կորոնավիրուսից էլ կարելի է օգուտ քաղել։

Կորոնավիրուսն այդ ժամանակ սարքեց ներքաղաքական գործիք, որով վերահսկում, կառավարում էր մարդկանց, եթե հիշում եք, ինքն էր ղեկավարում կորոնավիրուսային ողջ գործընթացը, անգամ հիվանդների ու մահացածների թիվը ինքն էր հաղորդում։ Ինքն էր որոշում, թե որ հիվանդանոցները կարող են օգտվել «կորոնավիրուսային բարիքից»,  ինքն էր արգելում որոշ հիվանդանոցների՝ կորոնավիրուս բուժել։  Ու հիմա ձերբակալել ինչ որ մի խմբի ու նրանց վրա գցել ողջ մեղքը, պատասխանատվությունը, մի բան է նշանակում։ Այսօր էլ  կորոնավիրուսը որպես քաղաքական զենք է օգտագործվում։ Եթե նախկինում այդ զենքով կռվում էին այլախոհ քաղաքական գործիչների դեմ, այսօր  կորոնավիրուսն օգտագործում է սեփական թիմի դեմ։