Շրջակա միջավայրի նախարարը բնապահպանների հետ չէր աշխատում

Շրջակա միջավայրի նախարարը բնապահպանների հետ չէր աշխատում

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը աշխատանքից հեռանալուց հետո 111 կետանոց մի  տեղեկանք է թողել, որի նախաբանում համեստորեն գրել է, որ չնայած քննադատությանն ու հաճախ անարդար վերաբերմունքին, իր թիմն արել է առավելագույնը՝ տասնամյակներով ժառանգած խնդիրները լուծելու համար։  Սևանա լճի առափնյա հատվածներում մինչև 1901.5 մետր նիշում առկա ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների գույքագրում, ապամոնտաժման ենթակա ծավալներրի, շենք-շինությունների տեսակների հաշվարկում, հայտարարվել է Սևանա լիճ թափվող 10 գետերի մաքրման աշխատանքների նախագծման մրցույթ, առաջին անգամ Սևանի ափամերձ հատվածներում հայտնաբերվել է մոտ 500 հեկտար ապօրինի զավթված, չփաստաթղթավորված կամ պատշաճ գրանցում չստացած տարածքներ և այլն․

Այս 111 կետում Սևանա լճի համար 5 միլիոն եվրո գումար բերելուց մինչև լրագրողների համար բրոշյուրների տպագրում նախկին նախարարը նշել է։ Թերևս միայն իր ամեն օր աշխատանքի վայրը գնալը որպես կետ 112 չէր ավելացրել։ 

Ի՞նչ կարծիքի են բնապահպանները հեռացած նախարարի մասին։

«Հրապարակի» հետ զրույցում բնապահպան Սիվա Ադամյանը ի պատասխան՝ քմծիծաղեց  ու նախ ասաց, նախարարը չէր աշխատում հասարակական սեկտորի ու բնապահպանների հետ։

Սիլվա Ադամյանը շարունակելով՝ ասում է այդ կետերը, որ հրապարակել է այդ տեղեկանքում , այն հասարակական սեկտորը, որի հետ նախարարը չի աշխատել, ունի այլ տվյալներ, որոնք հօգուտ նախարարի չեն խոսում։ «Սիգի որս․ ավելի ազատ են կազմակերպված, կա սիգի պահածոների վաճառք։ Սևան․ ջրի որակը ահավոր է, Սևանը նորից ծաղկելու է։ Ես չեմ ուզում բոլոր խնդիրները բարդել Էրիկ Գրիգորյանի վրա, բայց թող չասի, որ լուծում է տրվել»։ Բնապահպանը շեշտեց, որ միայն իր անունից չի խոսում, այլ շատ բնապահանների։ «Դիմեք հասարակական կազմակերպություններին, հարցրեք՝ տեղյա՞կ են իրենք, թե ոչ։ Ես սա հիմա չէ, որ ասում եմ, ես սա իր երեսին էլ եմ ասել»,-նկատեց Սիլվա Ադամյանը։

Բնապահպանին բոլորովին չի գոհացնում Էրիկ Գրիգորյանի՝ որպես շրջակա միջավայրի նախարարի կեցվածքը Ամուլսարի հարցում։ Սիլվա Ադամյանն ասում է, որ սկզբում Էրիկ Գրիգորյանը բացեիբաց արտահայտվում էր, որ կողմնակից է հանքի շահագործմանը, հետո երբ իրավիճակն Ամուլսարի շուրջ թեժացավ, նախկին նախարարը սկսեց իր կարծիքն իր մեջ պահել։

Մեր կողմից ավելացնենք, որ Ամուլսարի համար «Սերժի օրոք» բողոքող բնապահպաններին հանդիպելու համար նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Ջերմուկ գնացած Էրիկ Գրիգորյանին վերջինս ներկայացրեց որպես «ագրեսիվ բնապահպան»։

Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ ասաց, որ միգուցե Էրիկ Գրիգրոյանը պրոֆեսիոնալ էր, բայց բաց չէր աշխատում։ «Ես չգիտեմ՝ նա կռիվ տվող բնապահպանության նախարար չէր, կամ գուցե տալիս էր, բայց դա չէր երևում, հանրությանը տեսանելի չէր»։