Սեռակրթությունը տարրական դպրոցում՝ բռնություն երեխայի նկատմամբ

Սեռակրթությունը տարրական դպրոցում՝ բռնություն երեխայի նկատմամբ

«Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» հարցին ՀՀ ԱԺ պատգամավորները դրական եզրակացություն են տվել: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը վերաբերում է երեխաների ուսուցմանը, որտեղ նշվում է.

«Յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական եւ միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման եւ սեռական բռնության հետ կապված վտանգի հետ, ինչպես նաեւ իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների»: 
 
Տարրական ու միջնակարգ դպրոցում սեռակրթության դասավանդման, դրա կանխատեսվող հետեւանքների մասին զրուցել ենք բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանի հետ:
«Ես դա վտանգավոր եմ համարում: Այսինքն` ոչ թե բուն դասընթացը, այլ այն ձեւը, որով պիտի դասավանդվի առարկան, այսինքն` այն, թե ով եւ ինչ մեթոդաբանությամբ կդասավանդի: Ինչո՞ւ եմ անհանգիստ. ընդհանուր միտումը հետեւյալն է. սեռակրթության տակ ընկալվում է տեղեկատվությունը, այսինքն, «սեռական դաստիարակություն» ասելով՝ հասկանում են «տեղեկատվություն»: Տեղեկատվություն, որն այդ տարիքի երեխային անհրաժեշտ չէ, որը երեխան ի վիճակի չէ մարսելու, ընկալելու, ավելորդ տեղեկատվություն, որը միայն ծանրաբեռնելու է երեխայի ուղեղը»,- մեկնաբանում է Նարինե Ներսիսյանը: 

Իմաստավորումից՝ սեռակրթություն

Նրա խոսքով` կարեւորը երեխայի ապրումներին ու փորձին տրվող իմաստավորումն է, որը ձեւակերպվում է բառերով: Վստահ է` սա է սեռակրթությունը: Քանի որ այս իմաստներով են հետո ձեւավորվելու նրա սեռական նախընտրությունները, սեռական կյանքը, թե ինչից է նա գրգռվում, երբ է գրգռվում, ինչու չի գրգռվում: Այս ամբողջը ձեւավորվելու է այն պատկերների հիման վրա, որը փոքր ժամանակ նրա ուղեղի մեջ կտպվի որպես օրինաչափություն: Այսինքն` մարդու սեռականությունը միջավայրի, սոցիալական ազդեցության ներքո ձեւավորվող հատկանիշ է: Թե ինչը կդառնա սեռական գրգիռ, որոշվում է մանկության տարիներին: Սեռական դաստիարակության վտանգները այդ մտապատկերներով երեխայի ուղեղը ծանրաբեռնելն է: 

Երկու սցենար

Բժիշկ-սեքսոլոգը մի օրինակ է նկարագրում, որը կարող է պատահել, օրինակ, 5 կամ 7 տարեկան աղջիկների մոտ. «Մի անգամ երկու աղջիկ ներքնաշորերն իջեցրել են ու նայել են իրար: Սեռակրթության դասին ուսուցիչն ասում է` եթե ձեզ մոտ առաջանա հետաքրքրություն նույն սեռի երեխայի սեռական օրգանների նկատմամբ, ուրեմն դուք ունեք միասեռական կողմնորոշում: Դա նշանակում է, որ դուք պատկանում եք միասեռականներին: Ու սկսում է բացատրել, որ սեռական կողմնորոշումն ի ծնե տրված հատկանիշ է, որը դուք չեք ընտրում այնպես, ինչպես ձեր աչքի գույնը չեք ընտրում, դուք մեղավոր ու պատասխանատու չեք: Ուղղակի իմացեք, եթե նման հետաքրքրություն առաջանա, ուրեմն դա է»: Մեկնաբանում է` երեխան վերցնում է այդ տեղեկատվությունը եւ ընկերուհու հետ խաղից, որ ինքն ունեցել էր նախորդ օրը, եզրակացնում է. «Ես միասեռական եմ»: Նա իր ինքնությունը նույնականացնում է միասեռական լինելու հետ: 
Ներսիսյանն այս նույն իրավիճակի երկրորդ սցենարն է ներկայացնում: Երեխան իր այդ խաղի մասին պատմում է ծնողին, ասում է. «Մամ, երեկ ես ու ընկերուհիս իջեցրել էինք մեր ներքնազգեստները, նայում էինք իրար, համ էլ ձեռք տվեցի, հիմա ահավոր ամաչում եմ»: Մաման բացատրում է շատ հանգիստ, որ դա շատ նորմալ է, ամաչելու ոչ մի բան չկա: Ինչ դու արել ես, քո սեռական զարգացման ընթացիկ դրսեւորումն է, որ բոլորի մոտ տեղի է ունենում, դու դա ընկալիր որպես փորձարկում, ճանաչողություն: Ու վերջ: Երեխան շատ հանգիստ անցնում է առաջ, առանց իր այդ արարքի հետ իր ինքնությունը նույնականացնելու: «Այս երեխան երկու տարբեր ճակատագրեր կունենա` կախված նրանից, թե ով կմեկնաբանի ու կբացատրի այդ խաղը երեխային` վերապատրաստված ուսուցի՞չը, որին «սովորեցրել» են, թե որ հարցին ինչ պատասխանի, թե՞ սրտացավ ու գրագետ մայրը: Այսինքն` թե ինչպիսի իմաստավորում կտանք երեխայի գործողություններին, դրանից կախված կլինի նրա սեռական կյանքի հետագա ողջ ընթացքը»,- նշում է Ներսիսյանը` վստահեցնելով, որ միասեռականությունը ժառանգական չէ, որեւէ գեն հայտնաբերված չէ: Սա փաստում են նաեւ այն բոլոր միասեռականները, որոնք ուզում են ազատվել նույն սեռի նկատմամբ իրենց սեռական գրգռումից, եւ դա նրանց հաջողվում է անել թերապիաների միջոցով: Այսինքն` եթե սեռական դաստիարակության մասին դասընթացի ժամանակ երեխային ներարկվի այն միտքը, որ դա ժառանգական է, հաշտվել ու համակերպվել է պետք, բոլոր մարդիկ էլ բիսեքսուալ են, հոմոսեքսուալ են, նորմալ է, Պլատոնն ու Արիստոտելն էլ են միասեռական եղել, երեխան կընդունի, որ միասեռականությունն օրինաչափ երեւույթ է:

Ժամանակից շուտ

«6 տարեկան երեխային, որը ոչինչ չգիտի սեռերի մասին, որի մոտ որեւէ հարց չի առաջացել դրա շուրջ, իր համար մարդը մարդ է, ոչ թե տղա-աղջիկ, այլ ուղղակի երեխաներ են, իրար հանդեպ քնքշանք ունեն, իրար սիրում են, ընկերներ են: Մեկը մյուսին պատրաստ է անձնազոհաբար զիջել գրիչը կամ աթոռը, այս դասընթացների ժամանակ դու այդ երեխայի աչքերը բացում ես, ասում ես` իմացիր, որ նա աղջիկ է, դու տղա ես, ձեր մեջ կարող է քիմիա լինել, երբ ինքը քեզ դիպչի: Այսինքն` դու խոսքերով երեխայի աչքերը ժամանակից շուտ բացում ես»,-նկատում է սեքսոպաթոլոգը` բացատրելով․ սա կոչվում է իմացական ճանաչողություն: Կա նաեւ զգայական ճանաչողություն, երբ դու զգալով ես ճանաչում, որն ավելի բնական ու առողջ է. գալիս է մի օր, երբ դու զգալով-ճանաչելով՝ գնում ես այդ աշխարհ: Իսկ իմացական ճանաչողության ժամանակ դու դա իմանում ես գլխով: Խոսողը ռոբոտ չէ, դասընթացի ժամանակ նաեւ հույզեր են հայտնվում, առաջանում են հարցեր, ուսուցիչը պատասխանում է: Այդ գործընթացը հուզական գործընթաց է: Այդ թեմաների շուրջ տարբեր հարցեր կարող են առաջանալ, որոնք կարող են անպատասխան մնալ, ինչ-որ մեկի մոտ ամոթ կառաջանա, մյուսի մոտ` վախ կամ զզվանք: Ուսուցիչը բոլորի հույզերի հետ չի կարողանալու գործ ունենալ: Այդ հույզերը մնալու են, տեղեկատվությունն էլ գումարվելու է, ու այլանդակություն ստացվի. «Մեկը` վախեցած, մյուսը` զզված, այն մյուսը` չափից դուրս հետաքրքրված, մեկն էլ` անտարբեր, չի հասկանա էլ` ինչ են խոսում: Այսինքն` երեխաները ժամանակից շուտ կսկսեն սեռայինի գիտակցում ունենալ՝ հուզական ամրապնդումներով: Այն, ինչը ճիշտ չէ այդ տարիքում, որովհետեեւ ինքը դեռ երեխա է, ինքը դեռ պետք է երեխայություններ անի, երեխայական խաղեր խաղա, հավատա, որ հրեշտակներ ու փերիներ կան, հեքիաթային աշխարհ կա: Իրեն դնես ու ասես, որ սեքս կա, սեռեր կան, որ ի՞նչ լինի, լավությո՞ւն անես դրանով, աչքե՞րը բացես»: 

Անտերությունից` սեռական շահագործում

Մասնագետի խոսքով` սեռական շահագործում լինում է հիմնականում այն երեխաների մոտ, որոնք իրենց ծնողների ուշադրությունից մի քիչ դուրս են գտնվում: Օրինակ` ծնողն իր 5-6 տարեկան աղջիկ երեխային թողնում է հարեւանի տանը, որտեղ կա 13 տարեկան պատանի: Այս տարիքի պատանին գտնվում է իր արբունքի շրջանում. հորմոններ, հնարավոր է` սերմնաժայթքում: Այսինքն` նա գտնվում է սեռական գրգռումների, սեռական ֆանտազիաների շրջանում: Երբ դու քո 5 տարեկան աղջկան թողնում ես նրանց տանը` մտածելով` դե, երեխա են, թող մի ժամ էլ մենակ մնան, ես շուտ վազեմ վարսավիրանոց: Այդ մի ժամվա ընթացքում նրանց միջեւ ամեն ինչ կարող է լինել: Քանի որ այդ տղան իր իմպուլսներն ի վիճակի չէ կառավարելու, ոչ թե նա դիտավորյալ վնասում է այդ երեխային, այլ բնազդորեն ձգտում է` չգիտակցված: Կարող է դիպչել, ներքնազգեստն իջեցնել, ձեռք տալ, պաչպչել: Այսինքն` այստեղ խնդիրն ավելի շատ ծնողների անուշադրության մեջ է: «Կամ գուցե դու անթերի ծնող ես, բայց երեխան, պատահական, հանդիպում է էկսկիբիցիոնիստի (մերկացնում են սեռական օրգաները): Այստեղ կարեւոր է իմանալ, որ մի էպիզոդը բավարար չէ երեխայի հետագա սեռական զարգացումը խեղաթյուրելու համար, եթե դրան հաջորդում են դրական ամրապնդումներ: Այսինքն` այստեղ նույնպես կարեւոր է, թե ծնողն ինչպես կմեկնաբանի այդ էպիզոդը։ «Հա՜, մի՜ վախեցիր, ինքը հիվանդ է, ուզում է իրեն ուժեղ տղամարդ զգալ, չգիտի ինչպես եւ այլն: Այսինքն` սեռական չարաշահումը անտերության ցուցիչ է: Եթե ուզում եք սեռական չարաշահման դեմ պայքարել, անտեր երեխաներին տերով դարձրեք»,- նշում է բժիշկը` վստահ լինելով, որ սեռակրթության դասեր անհրաժեշտ են երեխայի խնամակալին` լինի դա ծնողը, թե ուրիշ անձ: 

Մի արշինով

«Սեռակրթության ծրագրով մի ամբողջ սերունդ մի արշինով անցնում է այդ դասընթացը, որի հետեւանքով մոտ 60%-ը հաշմանդամ է դուրս գալիս, 2%-ը, որի հետ նման դեպք է պատահել, այդ դասընթացից թեթեւանում է, բայց չի բուժվում, քանի որ դասընթացը չի բուժում (տրավման սիրով է բուժվում, դասատուն չի կարող աշակերտներին տրավմայից հանել), մնացածն էլ ընդհանրապես չեն էլ հասկանա` ինչի մասին է խոսքը: Ավելի շատ վնաս կլինի, քան` օգուտ: Ու այդ 60%-ը տրավմատիկ դուրս կգա, ու երբ մեծանան, ավելի հավանական է, որ կդառնան սեռական չարաշահողներ,- մտահոգվում է մասնագետը, ապա հավելում,- որովհետեւ գլուխը մարմնից պոկել ես, մարմինն առանձին է աշխատում, նրա սեռական օրգանն այլեւս գլխին չի ենթարկվում: Նման մարդն ավելի հակված է սեռական այլանդակությունների, քան նա, ով իր բնական ձեւով կճանաչեր: Սրա մասին փաստում է Եվրոպայի փորձը, որն այսօր քաղում է դրա պտուղները: Այնտեղ սեռական դաստիարակության դասընթացները սկսել են 1930-ական թվականներից: Այսօր նրանք դպրոցներում ունեն այլանդակություն, ասում են` էս ի՜նչ ենք արել, ինչպե՜ս ուղղենք մեր սխալը»:

Խորհուրդը

«Ես կարծում եմ, որ սեռական կրթություն պետք է անցկացվի «Կենսաբանություն» առարկայի «Մարդ» թեմայի շրջանակներում, եւ դա պետք է լինի ոչ թե մեկ դասաժամ, երբ սովորաբար ասում են` տանն ինքնուրույն կկարդաք, այլ լրացուցիչ ժամեր հատկացվեն, եւ, օրինակ, մեկ ամիս դասավանդվեն մարդու սեռական առողջության, վերարտադրողական գործընթացի մասին հարցեր: Հատուկ մասնագետ հրավիրվի: Բոլոր հարցերին պատասխան տրվի, հանգիստ, առանց ավելորդ հուզականության, ոչ ուղղակիորեն, առանց ֆիքսումների: Եվ դասատուն կարողանա այնքան տրամադրել աշակերտներին, որ եթե կա սեռական չարաշահման ենթարկված մեկը, մոտենա եւ ասի` կարո՞ղ եմ Ձեզ հետ առանձին զրուցել»,- եզրափակում է Նարինե Ներսիսյանը:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ