Երբ հանձնում ես Տանդ բանալին, ոչ ոք քեզ օգնել չի կարող․․․ 

Երբ հանձնում ես Տանդ բանալին, ոչ ոք քեզ օգնել չի կարող․․․ 

Արցախցիները մի մարդու նման բռնի տեղահանվեցին։ Մի մարդու՜ նման։ Մի ամբողջ Արցախի տեղահանությունը, այն էլ իրենց հողը պաշտող արցախցիների տեղահանությունը դժվար է պատկերացնել, որ այդքան դյուրությամբ կիրագործվեր։ Դա ցեղասպանություն էր՝ իր բոլոր տարրերով։ Ֆիզիկական մորթից մինչև հոգեբանական ամենախորքային գրոհներ։ Նման կազմակերպված տեղահանությունը հնարավոր չէր իրագործել միակողմանի։ Դա լուրջ կազմակերպված գործընթաց էր և կարծում եմ իշխանափոխությունից հետո կբացահայտվի կազմակերպման բոլոր մանրամասները։

Ես մի փոքր համեմատություն եմ անելու։ Կոմունիստների ժամանակ մի անգամ տրոլեյբուսում կրակ էր բռնկվել։ Ուսանողներ էինք, համալսարան էինք գնում։ Դուռը չէր բացվում։ Տեսնեի՜ք ներսի հրմշտոցը, խառնաշփոթը, երբ կրակի թունդ պահին դուռը բացվեց։ Մի ծեր կին, մինչև հիմա չեմ մոռանում, ձեռքիցս բռնեց, ինձ մի կողմ շպրտեց և ինքը համարյա գլխիս վրայով թռավ ու դուրս պրծավ։ Վերարկուս վառվում էր, ձեռքերով հանգցնում էի ու չէի կարողանում առաջ գնալ, որ դուրս գամ։ Հետո օգնության եկան ջրցաններով, շտապօգնության մեքենաներով և մեզ կիսամեռ դուրս հանեցին։ Ասելիքս ինչ է։ Դուք պատկերացնու՞մ եք, որ 100-120 հազար հոգի՝ առանց դրսի ու ներսի «կազմակերպված օգնության» տեղահանվեր։ Դա անհնարին բա՜ն էր։ Դա ֆանտաստիկ ժանրից է։

Նման դյուրին փորձաշրջանից հետո, երբ ամեն ինչ «հալած յուղի պես ընդունվեց» դժվար է հավատալ, որ նույն փորձը՝ ավելի կատարելագործված, չի կրկնվելու Հայաստանում։ Եթե ստվերում գործող անձը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է ու Ադրբեջանին տվեց հնարավորություն, որ ներխուժի Արցախ ու վերցնի իրենը, այսօր էլ նույն եղանակով խոսում է անկլավների մասին։ Եթե առաջ զգուշանում էր, այսօր այնքան է կոտրել ժողովրդին, որ բաց հայտարարում, խոսում է անկլավների մասին։ Թիմի անդամների միջոցով հայտարարում, որ եթե Ադրբեջանինը լինի, հանձնելու են։ Դիմադրություն չի լինի, կտա, դիմադրություն լինի, կվարվեն այնպես, ինչպես Արցախում։ Ալիևը անկլավներ անվան տակ վերցնելու է այն, ինչ իր պահանջմունքի մաքսիմումն է։ Այսօր արդեն ոչ թե անկլավների, այլ օկուպացված ութ գյուղերի մասին է խոսում, ու Հայաստանը ծպտուն չի հանում։ Այնպես որ երբ հանձնում ես Տանդ բանալին, քո մարտավարական, ռազմավարական դիրքերը, վերևից Աստված էլ իջնի, քեզ օգնել չի կարող։ Նիկոլ Փաշինյանը վաղուց է մեր տան բանալին, մեր մարտական դիրքերը հանձնել թշնամուն՝ առանց դելիմիտացիայի ու դեմարկացիայի զիջել ու հետ քաշվել։ Ու հիմա հակառակորդից սպասել գթություն, խաղաղություն, աբսուրդ է: