«3 x 1 - 1 + 1» ձեւաչափի սնամեջությունն ու ձեւականությունը

«3 x 1 - 1 + 1» ձեւաչափի սնամեջությունն ու ձեւականությունը

Ես դժվարանում եմ մտաբերել, թե հարավկովկասյան երեք երկրներին եւ Ռուսաստան, Թուրքիա, Իրանին վերաբերող «3+3» ձեւաչափի մասին խոսակցությունները ստույգ երբ սկիզբ առան եւ ում նախաձեռնությամբ։ Հիշում եմ միայն, որ դա 2020-ի Երկրորդ արցախյան պատերազմից հետո էր, եւ դրա մասին երկար դատարկախոսում էին Ռուսաստանից ու Թուրքիայից։ 2020-ից մինչ այսօր այդ ձեւաչափի երկու նիստ է գումարվել․ մեկ անգամ՝ ԱԳ փոխնախարարների, երկրորդ անգամ՝ անցյալ ամիս, ԱԳ նախարարների մակարդակով։ Թե այդ նիստերին արեւելյան «գյալաջիից» այն կողմ ինչով են զբաղվել փոխնախարարներն ու նախարարները՝ դժվար է կռահել։ Անցյալ ամսվա հանդիպումից հետո տարածված մի քանի կետանոց հայտարարությունը հստակեցրեց, որ «3 + 3» հորջորջված ձեւաչափը քաղաքական խնդիրների արծարծմամբ չի զբաղվելու, քաղաքական նշանակություն չի ունենալու։ Դա դրական է, մնացյալը՝ երկրորդական։ Այդուհանդերձ, որքան էլ տեսախցիկների առջեւ հավաքվել-դատարկախոսել-կեցվածքներ ընդունել-լուսանկարվելը ոչնչի չօգնող է, բայց չի էլ վնասելու։ Եվ դրանից պետք չէ մոլորության մեջ ընկնել, թե այդ ձեւաչափի մասնակից Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, յուրաքանչյուրը մի դուդուկ չի նվագում կամ մի արիա չի երգում Հարավային Կովկասում եւ ավելի լայն տարածաշրջանում։ 

Ռուսաստանը 

Մինչ Մոսկվան հոկտեմբերի 7-ին Իսրայելի եւ HAMAS-ի միջեւ բռնկված պատերազմից ի վեր ի պաշտպանություն Գազայի գոտու բնակիչների եւ սեփական հայրենիքում անկախ պետականություն կերտելու պաղեստինցիների իրավունքի ճառեր է ասում ամեն հնարավոր միջազգային հարթակից, դրանից ընդամենը օրեր առաջ զբաղված էր Արցախից հայերի զանգվածային տեղահանությանն օժանդակելով եւ արցախցիների՝ սեփական հայրենիքում անկախ պետականություն ունենալու իրավունքն ականապատելով, հիմա արդեն օպտիկայի մակարդակում էլ հաստատվեց եւ քայլ առ քայլ տեսանելի դարձավ այն, ինչի մասին շատերը կասկածում եւ ասում էին դեռ սեպտեմբերի վերջերին, Արցախի Պաշտպանության բանակի զինաթափման հայտարարությունից եւ արցախցիների տեղահանությանն ականատես լինելուց հետո։ Այն ժամանակ արդեն խոսակցություններ էին պտտվում, որ Մոսկվան օժանդակում է Արցախից հայերի տեղահանությանը՝ նաեւ Պաշտպանության բանակի զինամթերքն ու զինտեխնիկան ուկրաինական ճակատ տեղափոխելու համար։ Պարզապես շատերը չէին հավատում, թե առգրավված զենք-զինամթերք-տեխնիկան այնուհետեւ ՌԴ խաղաղապահների խողովակով Ռուսաստան, այնտեղից էլ համարյա երաշխավորված՝ ուկրաինական ճակատ կտեղափոխվի։ Հիմա Արցախից տեղափոխվող զինտեխնիկայի կադրերը պտտվում են լրատվադաշտում, ՌԴ խաղաղապահներն էլ հայտարարում են, թե «վնասված տեխնիկան տարվում է պլանային նորոգման»։ Եթե դա վնասված տեխնիկա է, նշանակում է Արցախի ՊԲ-ից առգրավվածն է, քանի որ ռուսական խաղաղապահները ե՞րբ կամ որտե՞ղ են ռազմական գործողությունների մասնակցել, որ նրանց տեխնիկան վնասվեր։ Ինչ վերաբերում է ծագած պլանային վերանորոգման անհրաժեշտությունը, դա նույնպես հաստատում է, որ իրականում տեղափոխվում է Արցախի ՊԲ-ից առգրավված զինտեխնիկա, այլապես ՌԴ խաղաղապահները նախորդ երեք տարիներին էլ զինտեխնիկա տարած կլինեին վերանորոգման, եւ այդ կադրերը մամուլում շրջանառված կլինեին։ 

Միով բանիվ, Մոսկվան Իլհամ Ալիեւին քսի տվեց Արցախի վրա՝ հուսալով, որ plan maximum-ով Հայաստանին կներքաշի ռազմական գործողությունների մեջ կամ երկրի ներսում իրադրություն կապակայունացնի եւ երկու պարագայում էլ հող կստեղծի զինված ինտերվենցիայի համար։ Սակայն արեւմտյան երկրների եւ հատկապես ԱՄՆ-ի միջամտությունից հետո Ադրբեջանը կանգ առավ եւ միջազգային ճնշման ներքո Լաչինի միջացքը բացեց մարդասիրական բեռների համար։ Դրանով plan maximum-ը տապալվեց, Մոսկվան անցավ plan minimum-ին։ ՌԴ թելադրանքով Ադրբեջանի անունից իբր վերջնագիր ներկայացվեց Արցախի իշխանությանը, նույն ՌԴ-ի թելադրանքով էլ Սամվել Շահրամանյանը հայտարարեց Արցախի ՊԲ-ի զինաթափման մասին, եւ անպաշտպան մնացած ազգաբնակչությունը սկսեց դուրս գալ Արցախից։ 

Թուրքիան

Թուրքիայի, առավել եւս՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի սնամեջ հավակնություններն ու լուսանցքային կարգավիճակը միջազգային հարաբերություններում արդեն մի քանի ամիս (ըստ էության՝ ՆԱՏՕ-ի վիլնյուսյան գագաթնաժողովից հետո) այնպես ի ցույց չէր դրվել աշխարհին, ինչպես վերջին 7-10 օրում։ 2023-ի հոկտեմբերի 29-ին Թուրքիան նշում էր Քեմալ Աթաթուրքի կողմից Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը։ Այդ կապակցությամբ երկրի ներսում հաջող, անհաջող բազմաթիվ միջոցառումներ էին կազմակերպել։ Դրանց շարքում Էրդողանն այցելել էր Աթաթուրքի դամբարան եւ իր կուսակցությանը հավաքել Պոլիսի օդանավակայանում հանրահավաքի՝ իբր ի պաշտպանություն Պաղեստինի, իրականում՝ ամբոխի ներկայություն վայելելու եւ մտքին եկածը դատարկախոսելու համար։ Էրդողանը չի կարողանում հաշտվել իրականության հետ, որ արաբական երկրներն էլ, արեւմտյան երկրներն էլ Թուրքիային դուրս են շպրտել HAMAS-ի եւ Իսրայելի միջեւ ընթացող շփումներից, եւ դրանք ընթանում են Քաթարի միջնորդությամբ՝ առանց Թուրքիայի։ Ավելի վաղ Կահիրեում գումարված Խաղաղության գագաթնաժողովին հրավիրված էին եւ մասնակցում էին ԵՄ առաջնորդներից մինչեւ Հորդանանի արքան, բայց չկար Էրդողանը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինի աջակցության բոլոր նախաձեռնությունները ներկայացնում եւ առաջ են մղում արաբական երկրները՝ հեռատեսորեն ու խելացիորեն դրանք երբեք չվերածելով իսլամական երկրների նախաձեռնության։ Այնպես որ, լուսանցք մղված Էրդողանին մնում է Թուրքիայի հասարակությանը մի տեղ հանրահավաքի հրավիրել եւ դատարկախոսել՝ հուսալով, թե արտերկրում էլ կլսեն։ 

Սակայն Էրդողանի ամենամեծ նվաստացումը դա չէր այս օրերին, այլ՝ այն, որ այդքան շեփորահարված Թուրքիայի հարյուրամյակի առթիվ շնորհավորանքներ չստացավ ո´չ Եվրոպայից, ո´չ ամերիկյան մայրցամաքից, ո´չ Աֆրիկայից, ո´չ արաբական աշխարհից, ո´չ Հեռավոր Արեւելքից՝ գործնականում ոչ մի տեղից, բացառությամբ թյուրքալեզու մի քանի երկրների՝ Ադրբեջան, Ուզբեկստան, Ղազախստան, Պակիստան, Կոսովո եւ Ռուսաստան-Բելառուս։ Արաբական 22 երկրներից, դատելով թուրքական մամուլի հրապարակումներից, միայն Քաթարն էր շնորհավորանք հղել, Եվրոպայից էլ՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան եւ ՄԹ արքա Չարլզ III-ը։ Աշխարհում որքա՞ն պետություն գոյություն ունի։ Ավելի քան երկու հարյո՞ւր․․․ այդ 200 երկրից միայն 12 երկիր էր Թուրքիային շնորհավորելու ցանկություն ունեցել՝ մեկ տարի տարփողված հոբելյանի առթիվ։ Դա Թուրքիայի, առավելապես՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդեպ աշխարհի վերաբերմունքի կատարյալ ցուցիչ ու բարոմետր է։ Այնպես որ, սխալ չի լինի ասել, թե Հարավային Կովկասում, «3+3» ձեւաչափում ներկայություն արձանագրելու Թուրքիայի ջանքերը մնացյալ աշխարհից հեռացված լինելու արձագանք են, ինքնահաստատման մղում ու սփոփանք։ 

Իրանը 

Հենց Իրանն էր անցյալ շաբաթ հյուրընկալել «3+3» ձեւաչափով ԱԳ նախարարների հանդիպումը, չնայած այդ երկրի համարյա բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների՝ երիցս բազմապատկված զբաղվածությանը՝ հոկտեմբերի 7-ին Իսրայելի եւ HAMAS-ի միջեւ բռնկված ռազմական բախումներից ի վեր։ Իրանը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանային առաջնաբեմում է հոկտեմբերի 7-ից ի վեր, եւ այն, թե ինչ զարգացումներ կլինեն Մերձավոր Արեւելքում՝ բախումները կընթանան Իսրայելի եւ HAMAS-ի՞ միջեւ, թե՞ կվերաճեն տարածաշրջանային հակամարտության՝ բազմաթիվ մասնակիցներով, կախված է գերազանցապես Իրանից։ Երեւի երկու շաբաթ էլ չի անցել Իրանի ԱԳ նախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի՝ համարյա միաժամանակ հակամարտության երկրներ կատարած այցերից, այժմ նորից երկուսն էլ այցերով վերադառնում են հակամարտության մասնակից ու սահմանակից երկրներ։ Այնպես որ, օբյեկտիվորեն «3+3» ձեւաչափն Իրանի համար ավելի ցուցանակի նշանակություն ունի եւ ոչնչի չպարտավորեցնող շփման հարթակի, քան որեւէ այլ։ 

« x 1»՝ Ադրբեջան, «- 1»՝ Վրաստան, «+ 1»՝ Հայաստան

Ադրբեջանը «բազմապատկած 1», այսինքն՝ ոչինչ չփոխող գործոն է երեւի բոլոր ձեւաչափերում, որոնց մասնակցում է, բայց հատկապես այս մեկում՝ «3+3»-ում։ Ադրբեջանը միայն պոչ է Ռուսաստանի եւ Թուրքիայի համար, ուրիշ ոչինչ։ Այդ պոչը շարժում են կա՛մ Մոսկվան, կա՛մ Անկարան։ Եվ հետաքրքիր է, թե ինչ է լինելու պոչի վիճակը, երբ Ռուսաստանն ու Թուրքիան ներկայիս սիրավեպի փուլից անցնեն հաջորդ՝ գզվռտոցի փուլին։ Չէ՞ որ այդ երկու փուլերը տարբեր տեւողությամբ, բայց անխախտ կերպով միմյանց հերթագայում են ռուսական եւ օսմանյան կայսրությունների ժամանակներից։ Վրաստանը, հասկանալիորեն, «մինուս 1» կարգավիճակ ունի «3+3» ձեւաչափում, որովհետեւ ՌԴ-ի հետ նույն հարթակում չգտնվելու մտահոգությամբ չի մասնակցում այդ հարթակին։

Վերջապես, Հայաստանը «պլյուս 1» կարգավիճակում է բառի եւ երեւույթի ամենախոր իմաստով, որովհետեւ ողջ այդ «3+3» ձեւականությունը մտահղացվել եւ հոլովվում է Հայաստանի համար, ավելի ստույգ՝ Հայաստանի ապագային եւ եվրոպական ինտեգրմանը խոչընդոտելու համար։ Այն, որ ՀՀ ԱԳ նախարարը «3+3»-ի հանդիպմանը Թեհրանում հայտարարեց, որ «3+3» ձեւաչափը քաղաքական խնդիրների քննարկման հարթակ չէ, մինչեւ այժմ այդ հարթակից հնչած ամենակարեւոր արձանագրային հայտարարությունն էր։ Ասել է թե՝ տարածաշրջանային գյալաջիի համար, խնդրեմ, հանդիպենք, բայց դրանից ավելի Հայաստանի քաղաքական կողմնորոշումներին չհավակնեք միջամտել։ Եվ այն, թե Հայաստանին ի նպաստ բանաձեւերն ու հայտարարությունները որ երկրներում են ընդունվում, որ երկրների ԱԳ նախարարներն են Հայաստան ժամանում, հրաշալի ցույց է տալիս, թե Հայաստանը դեպի ուր է շարժվում՝ ի դժբախտություն Թուրքիայի եւ Ռուսաստանի եւ ի գիտություն Իրանի։