Լուսինե Ավետյանը 200 հազար դրամ է տվել՝ հօգուտ «Հայաստանի», կառավարությունը՝ 500 միլիոն դրամ՝ հօգուտ ՔՊ-ի

Լուսինե Ավետյանը 200 հազար դրամ է տվել՝ հօգուտ «Հայաստանի», կառավարությունը՝ 500 միլիոն դրամ՝ հօգուտ ՔՊ-ի

ՀՔԾ-ն հերթական ստոր մեղադրանքն է առաջադրել ընդդիմությանն աջակցած անձի նկատմամբ։

Ուրեմն, մի կողմից իշխանությունը՝ ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ մեզանում պետք է հաստատվի օրենքի դիկտատուրա, նաեւ որ հանրային համերաշխությունը վերականգնելու, քարոզչական շրջանի «չագուճային» լեքսիկոնից ու թշնամանքի պրակտիկայից հրաժարվելու ժամանակն է, բայց մյուս կողմից՝ մեղադրանք են առաջադրում կին համայնքապետին, որն անգամ այդ օգնությունները բաշխելու հետ կապ չունի։

Ինչպես գիտեք՝ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ն՝ Լուսինե Ավետյանին մեղադրում են նրանում, որ «2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100 հազարից-220 հազար ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը» օգտագործելով, մարդկանց «հարկադրել է մասնակցել  ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը` հարկադրելով մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին»։

Մայիսի 6-ին էլ՝ ընտրություններից ամիսուկես առաջ կազմակերպել է Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի «բանկային եղանակով 100.000 ՀՀ դրամի փոխանցումը, ապա` ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակման օրվանից հետո, տրամադրված գումարը հիշյալ ընտրողին  և նրա ամուսնուն ներկայացրել է որպես ընտրակաշառք»։

Մեզ համար, իհարկե, նորություն չէ ՀՔԾ քննիչների տգիտությունը եւ կողմնակալությունը։ Նրանք ցանկացած պահի կարող են գործ կարել իշխանություններին անցանկալի անձանց նկատմամբ՝ առաջնորդվելով Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Բայց զարմանալի է այն անամոթությունն ու ցինիզմը, որով այս քաղաքական հետապնդումներն են իրականացվում։ Ի՞նչ ապացույցներ են դրվելու այս անհեթեթ մեղադրանքի հիմքում՝ մի քանի վախեցած գյուղացու ոչնչով չհիմնավորված ցուցմունքնե՞րը։ Եթե դիմացը կին չլիներ, էլի կանցնեինք այս ապօրինության կողքով՝ վերագրելով քննիչների կամակատար լինելուն, սյունեցիներին պատժելու Փաշինյանի անհագուրդ ցանկությանը, Մեղրիի միջանցքը հորով-մորով անելու իշխանական ձգտումներին, որին խոչընդոտողը սյունեցի համայնքապետերն են, որոնց ուզում են ամեն գնով բռնել-դատել-ոչնչացնել։

Բայց ճակատագրի հեգնանքով, հենց այդ նույն օրերին, երբ Լուսինե Ավետյանը, ավելի շուտ՝ Գորիսի համայնքապետը, իր համագյուղացիներին օգնություն էր տալիս՝ ընդամենը 100 հազարից 200 հազար դրամի չափով, մեր «օրինապաշտ» կառավարությունը ուղիղ 500 միլիոն դրամ էր հատկացնում «Սյունիքի զարգացման հիմնադրամին»՝ անհասկանալի ծախսերի համար։ Մի հիմնադրամի, որը 2018-ից հետո առհասարակ չէր գործել եւ որեւէ ծրագիր չէր իրականացրել Սյունիքում։ Այդ նույն օրերին մամուլը գրեց, որ 500 միլիոն դրամ են հատկացնում մյուս մարզերի մարզպետարաններին՝ հրատապ խնդիրներ լուծելու, իսկ Սյունիքի զարգացման հիմնադրամին՝ գրեթե նույնքան, որքան բոլոր մյուս մարզերին՝ 500 մլն դրամ եւ այս գումարների հատկացումը բացառապես նախընտրական նպատակով է իրականացվում։ Հետագայում մեզ լուրեր էին հասնում, թե ինչքան կամայականորեն է բաշխում այդ հիմնադրամը ստացած գումարները եւ ինչքանով ակնհայտ է նշված նպատկը։

Հիմա՝ մի կառավարություն, որը 500 միլիոն դրամ է բաշխել, որ սյունեցիներն իրեն ընտրեն, 100 հազար դրամի համար մի կնոջ է ձերբակալում եւ բանտ նետում՝ հորինված մեղադրանք առաջադրելով։