Նախագահի առաջին պաշտոնական այցի համար ինչո՞ւ ընտրվեց Թբիլիսին եւ ո՛չ Մոսկվան

Նախագահի առաջին պաշտոնական այցի համար ինչո՞ւ ընտրվեց Թբիլիսին եւ ո՛չ Մոսկվան

Երկու օր է՝ ընթանում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Վրաստան։ Պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք, որ տեղի է ունեցել նախագահներ Խաչատուրյանի եւ Սալոմե Զուրաբիշվիլու հանդիպումը։ Հանդիպումից հետո երկու նախագահները հանդես են եկել համատեղ ասուլիսով, որի ժամանակ ՀՀ նախագահն ասել է․ «Ուրախ եմ ՀՀ նախագահի կարգավիճակում առաջին պաշտոնական այցս իրականացնել հյուրընկալ հարեւան երկիր: Տարին առանձնահատուկ է հայ-վրացական հարաբերությունների համար. լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30 ամյակը: Թեեւ միջպետական հարաբերություններն ընդամենը 30 տարեկան են, բայց մեր երկրների միջեւ բարեկամությունն ունի հազարամյակների պատմություն: Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս հարեւան Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները»:

Նախատեսվում էին նաեւ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները Վրաստանի քաղաքական ղեկավարության այլ ներկայացուցիչների եւ Իլյա Երկրորդ կաթողիկոս-պատրիարքի հետ։ Նա այցելել է նաեւ Հովհաննես Թումանյանի մշակութային կենտրոն, որտեղ հանդիպել է մի խումբ հայ հասարակական եւ մշակութային գործիչների հետ։

Այս ամենը, իհարկե, լավ է, սակայն մի կարեւոր հարց կա, որ չպետք է աչքաթող անել։ Կարծես թե սա Հայաստանի հինգերորդ նախագահի առաջին պաշտոնական այցն է ու կատարվում է Վրաստան։ Հարցը, իհարկե, ինքնին Վրաստանը չէ, այլ այն աշխարհաքաղաքական իրադրությունը, որն այսօր առկա է, եւ որի հետ պետք է հաշվի նստել։ Բացատրենք ավելի պարզ։

Որեւէ մեկի համար գաղտնիք բացած չենք լինի, եթե ասենք, որ հիմա նոր աշխարհակարգի ձեւավորման փուլն է ընթանում, եւ շատ առումներով հիմա, այսպես ասած, «անկեղծության պահն» է, երբ երկրները, դիմակները մի կողմ դրած, պարզորոշ ցույց են տալիս, թե որ ճամբարին են հարում՝ արեւմտյան, թե ռուսական։ Վրաստան պետության, վրաց ժողովրդի եւ հայ-վրացական բազմադարյա եղբայրական հարաբերությունների հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ, սակայն կարծում ենք՝ Երեւանի կողմից լուրջ բացթողում էր նախագահի առաջին պաշտոնական այցի ընտրությունը դեպի Վրաստան՝ Հարավային Կովկասում ամենից արեւմտամետ երկիր, Ռուսաստանի փոխարեն, որը, լավ կամ վատ, մեզ համար, ամեն դեպքում, հուսալի ռազմավարական դաշնակից է, որից մենք ահռելի մեծ չափերով ենք կախված, եւ որը Վրաստանի հետ ունի լուրջ խնդիրներ։ Իհարկե, հասկանալի է, որ Վահագն Խաչատուրյանն իր ներկայացուցչական լիազորություններով ավելին չէ, քան «ժիլետի թեւքը», սակայն նույնիսկ այս դեպքում պետք չէ աչքաթող անել բաներ, որոնք, թեկուզեւ սիմվոլիկ իմաստով, կարող են տարբեր մեկնաբանությունների առիթ տալ։ Եվ, բացի այդ, ավանդաբար Հայաստանի նախագահներն իրենց առաջին պաշտոնական այցերը կատարել են Ռուսաստան, ու հիմա հատկապես շատ է պետք սիմվոլիկային ուշադրություն դարձնելն ու ավանդույթները պահպանելը, որը կարծես խախտվեց 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, եւ դրա հետեւանքները մենք պարզ տեսանք։

Սա, ի դեպ, ռուսամետություն չէ, այլ չոր հաշվարկ՝ ռեալ քաղաքականություն․ եթե սահմաններ գծելը նույնիսկ քարտեզագրական առումով վստահել ես Մոսկվայի բարեհաճությանը, ապա անիմաստ են «դուխով տղայի» տպավորություն գործելու համար վտանգավոր արկածախնդրության մեջ մտնելն ու որոշակի քայլեր անելը, որոնք կարող են Մոսկվայում մեկնաբանվել ի վնաս քեզ։ Ի վերջո, պետք է հիշել, որ Մոսկվան մեր տարածաշրջանում ոչ թե մեկ, այլ արդեն երկու ռազմավարական դաշնակից ունի, եւ երկրորդն Ադրբեջանն է, ու դա պատահական չէ։