Կարծում եմ՝ Արցախի ԱԺ-ում կգտնվեն պատգամավորներ, որոնք կվիճարկեն նախագահի հրամանագիրը

Կարծում եմ՝ Արցախի ԱԺ-ում կգտնվեն պատգամավորներ, որոնք կվիճարկեն նախագահի հրամանագիրը

Մեր տեղեկություններով՝ Երևանում նախատեսված խորհրդարանական ընդդիմության այսօրվա հանրահավաքին զուգահեռ նաև Ստեփանակերտում է հանրահավաք հրավիրվելու։ Այն նախատեսված է ժամը 18։00-ին։ Հանրահավաքին զուգահեռ նաև Արցախի խորհրդարանում արտահերթ նիստ է տեղի ունենալու, որի ընթացքում ընդունվելու է հայտարարություն։ 

Արցախում հայտարարված ռազմական դրության պայմաններում արգելված է հանրահավաքներ անելը, ուստի մեզ հետաքրքրեց՝ արդյոք օրինակա՞ն է Ստեփանակերտում նախատեսված հանրահավաքը, և այն չի՞ կանխվի իշխանությունների կողմից։ Թեմայի հետ կապված մեկնաբանություն ենք ստացել Ստեփանակերտի փաստաբանական պալատի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանից։

«Այո, մտահոգություններ հնչել են այն մասին, թե ինչպես պետք է կազմակերպվի այսօրվա հանրահավաքը, եթե երկրում հայտարարված է ռազմական դրություն։ Սակայն ներկայացնեմ մի քանի նկատառում՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացումը հավաք անցկացնելու համար որևէ թույլտվություն ստանալ չի պահանջում: Առավելագույնը, լայնածավալ հավաքների կամ հասարակական կարգի բնականոն ընթացքի որոշակի խաթարում ենթադրող հավաքների պարագայում՝ իշխանությունները կարող են պահանջել ծանուցում։

Նման դեպքերում կազմակերպիչները պետք է կարողանան ամենապարզ և արագ եղանակով ծանուցել լիազոր մարմնին խաղաղ հավաքի անցկացման մասին՝ օրինակ, լրացնելով հստակ և հակիրճ ձևաթուղթ տվյալ երկրի հիմնական լեզվով (լեզուներով), ցանկալի է՝ առցանց՝ փոստով առաքման հետ կապված հնարավոր անճշտություններից և ձգձգումներից խուսափելու համար։  Այս գործընթացը պետք է լինի անվճար, և ծանուցումը ստանալուն պես իշխանությունները պետք է արագ հաստատեն պատշաճ ծանուցման ստացումը։ Սակայն պետք է նշել նաև, որ Խաղաղ հավաքների ազատության իրավունքը բացարձակ իրավունք չէ: Այն կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ ազգային անվտանգության կամ հանրային ապահովության, հասարակական կարգի պահպանման, հանրային առողջապահության կամ բարոյական սկզբունքների պահպանման կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար»: Սակայն վերոնշյալ սահմանափակումները բացառություններ են, այլ ոչ թե օրինաչափություն: Հավաքների ազատության որևէ սահմանափակում չպետք է խախտի այդ իրավունքի էությունը, այն պետք է ամրագրված լինի օրենքով և պետք է լինի համաչափ և «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»։ Ուստի, առանց վերապահումների հավաքների անցկացման համատարած արգելքը, ըստ էության, անհամաչափ է և խտրական և պետք է հասցվի նվազագույնի՝ կիրառվելով համաչափության սկզբունքով միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։ Հավաքի արգելքը պետք է կիրառվի միայն որպես ծայրահեղ միջոց: Սահմանափակումները պետք է այնուամենայնիվ  թույլատրեն, որպեսզի ցույցերն անցկացվեն դրանց նպատակային լսարանին հասանելի տարածքում, այլ ոչ թե, օրինակ, տեղափոխվեն քաղաքի ծայրամասեր կամ այնպիսի տարածք, որտեղ դրանց ազդեցությունը կնվազեցվի: Ուստի Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմիններին կոչ եմ անում վերանայել հավաքների սահմանափակումների վերաբերյալ ներկայումս գործող իրավակարգավորումները և դրանք բերել իրավական դաշտ: Կարծում եմ՝ ԱՀ ԱԺ-ում կգտնվեն պատգամավորներ, որոնք կվիճարկեն նախագահի հրամանագրի (իրավական ակտ) սահմանադրականությունը»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։