Սիրան Գրիգորյան. Աշխարհի ամենալավ տեղը

Սիրան Գրիգորյան. Աշխարհի ամենալավ տեղը

Նվիրում եմ իմ սրտի ծաղկաբույր մարդուն

ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ

Ի՞նչ է կարոտը
Չգիտեմ ինչ է,
Բայց ասեմ վստահ,
Մեծաշուք իմ օրերում ամեն ինչ քիչ է,
Բազմագորով կյանքս շա՜տ անքրքիջ է:

Իսկ ի՞նչ է սերը.
Չգիտեմ ինչ է,
Բայց գիտեմ հաստատ,
Հողակերտ իմ տեսակի գոյի փրկիչն է,
Մարմնացած ոգուս չընդհատվող ճիչն է:

Ո՞վ ենք ես ու դու.
Չգիտեմ ով ենք, 
Բայց տեսնում եմ պարզ,
Սքանչատեսիլ գտնված երազ՝ 
«Բանն ի սկզբանե էր», եւ սերն է այդ բանը,
Ես արարված եմ քո կողոսկրից, եդեմակա՜նս: 

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՏԵՂԸ

Հոսում են օրերը.
Ամենուր ինչ-որ հոգսեր են,
Հարատեւը սերն է: 

Կյանքի կեսը սեւ է, 
Փոսեր են, զգո՜ւյշ: Ընկար՝ կթաղեն, 
Շատ ենք, պիտի մաղեն:

Բոլորս մեկ ենք,
Ամենքի ցավը իր սրտում փուշ է,
Սերը ցրում է օրվա մշուշը:

Մարդիկ մենակ են.
Փոխադարձ սերը Աստծուց նվեր է,
Ընդունե՛ք ձերը:

Սերը դավանենք,
Կրենք որպես խաչ ու շարժվենք առաջ, 
Չարքերին վանենք:

Կյանքն անտեղի բարդ է,
Բայց տեղ-տեղ անկախարդ հեքիաթ է՝
Սերս վարդի հոտով մարդ է: 

Քեզ հետ դժոխք էլ կգայի, 
Բայց, սերը վկա, դժոխք չկա՜, 
Դրախտն այս է՝ որ կա:

Ամեն շարժում վալս է, 
Բոլոր ձայները Մոցարտ են, Բախ են. 
Իմ սիրած ռիթմը սրտիդ բաբախն է: 

Գնանք՝ երբ, ուր ուզես, 
Մեր մոլորակը նեղլիկ մի վայր է, 
Կյանքն էլ երկա՜ր է:

Աշխարհը պեղել եմ.
Քո սիրտն է ամենալավ տեղը, 
Որ երբեւէ եղել եմ:

ՀԱՇՎԵԼԻ ՍԵՐ

Տասը հազար սեր բարձրությունից,
Հազար կարոտ մեծությունից,
Հարյուր հուզմունք խորությունից,
Տասը վտանգ խտությունից,
Կրճատելով մեզ բաժանող երջանկության
Զրոները ունայն,
Եկել եմ,
Տե՜ս,
Նվեր ունես՝
Քառասուն տարվա հնեցման սիրտս,
Փաթեթավորած մարմնով իմ հրկեզ, 
Ընծայում եմ 
Քեզ... 

ՀԵՌԱԶԳԱՑՈՒԹՅՈՒՆ

Դաժան է,
Ինքնության ճգնաժամ է,
Մարդը էժան է
Ծաղկից:

Եկել ես,
Ձմեռս ներկել ես,
Մարմինս փրկել ես,
Մահից:

Անցավոր ենք,
Գիտե՜մ, հանցավոր ենք,
Աստված արձակում է,
Մեղքերից:

Գնալու ես,
Սերը մնայուն է,
Վերստին գալու ես՝
Դու ինձ:

Չխեղճանաս,
Վեր կբարձրանաս,
Քեզ հետ է Բարձրյալը,
Ընտրյալ ես:

Թեկուզ տրորվես,
Սիրուց չխռովե՜ս, 
Ուր էլ որ լինես, 
Քեզ հետ եմ ես: 

ԱՇԽԱՐՀԱՉԱՓ ՍԵՐ

Ձմեռ է, երբ չկաս. ես մոլոր սառցե վտակ եմ,
Ձյունե ապարանք է իմ աշխարհը, անկյանք է,
Ե՞րբ ես գալու, գարունս, բռնես ձեռքս հանդարտ,
Դու ձնծաղկի պես քնքուշ ես, վարդի հոտով մարդ:

Քամին մազերս խառնեց, կարծեցի՝ դու ես, 
Շրջվեցի՝ չկայիր, թաքնվե՞լ ես, ո՞ւր ես,
Ձեռքերս բացեցի աշխարհաչափ, եկա քեզ,
Բուքը քո ձայնով շշնջաց. «Զգո՜ւյշ՝ չընկնես»:

Կարոտե արցունք է սառել իմ աչքերում,
Իմ սիրո բարձունքը, բայց դու ժպտա՜ հեռվում,
Գաս ու հենց տեսնեմ քեզ, հալվելու եմ իսկույն,
Սանձելու եմ հողմերին, դառնալու եմ գարուն:

ԳՈՒՆԵՂ ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Այս գիշեր 
հաշվել եմ աստղերը դեղին
Ու հաշտվել եմ
իմ կարոտի հետ ճերմակ, 
Մի քաղցր թախծից
տանջվել եմ անտեղի, 
Տեսել եմ քեզ 
իմ երազում սեւ ու սպիտակ: 
Քեզ գտել եմ 
ու տերն եմ գոյության իմաստի, 
Իմ բոցագույն 
տեսիլքների մեջ հուզառատ, 
Անքնությունը հաճույք է տաք,
գոյը պար է, հեքիաթ:
Դեռ երեկ վհատ էի, 
անսեր էր կյանքն իմ ու կիսատ,
օրերս՝ սրտաբեկ, հուսահատ:
Եվ դու եկար աննկատ
մանուշակի հոտով մարդ:  
Հիմա ես սիրում եմ, 
գրում եմ, հրճվում եմ անվհատ,
ճախրում եմ, սուզվում եմ,
պարո՜ւմ եմ ազատ:

ՍԻՐՈ ՃԱԽՐԱՆՔ

Որպես սիրո աստված 
քեզպեսներին հեթանոսները
պաշտել են,
Կերպդ մարդեղեն 
պոետները երգել-գովերգել են,
Գարնան արեւն ու դու
ի՜նչ նման եք իրար՝ դուրեկան ու տաք, 
Ամեն օր եւ ամենուր 
բոցավառվում եմ ես, դու՝ իմ կյանքի կրակ:

Քեզ հետ ճաշակում եմ համը դրախտի 
ու գուրգուրանքը բախտիս՝ 
ձեռքերիդ մեջ օղակված,
ինձ հանել ես ճահճից չգոյի 
ու հենել ես պատին կյանքի՝
վախն ու թովչանքը դժոխքի
սրտումս պահած:

Ես՝ անսթափ մի չաստված
մորմոքներից պոկված, 
Սավառնում եմ դեպի վեր
կամ ճախրում եմ դեպի ցած,
Եվ բացվել է սիրտս քո առաջ:

Իմ սիրտը քոնն է, սերը սուրբ տոն է, 
Դրախտը իմն է, սերդ անգին է, 
Մնացյալը՝ դատարկ է, հին է: 
Տուր ինձ հանապազօրյա համբույրս,
Ծաղկաբո՜ւյրս:
Շնորհակալ եմ, որ կաս
Իմ սիրո աստված...

ՈՎ ԴԵՌ ՍԻՐՈՒՄ Է...

Մոլոր փնտրում ենք սիրո քաղաք մի մերձավոր, 
Ուր կհիմնենք հույսի դպրոցներ իրական, 
Անխաղաղ խաղերում մենք ակամա մեղավոր, 
Ով դեռ սիրում է, Տե՜ր, ի՞նչ է սպասվում նրան:

Ով դեռ սիրում է, թերեւս փրկվելո՞ւ է,
Թե՞ կորչելու է մոլոր ոլորաններում իմաստի,
Ամպերից նետվելիս ձեռքս բռնելո՞ւ ես,
Թե՞ սավառնելու ենք՝ ինչպես պատահի..․

Հարցեր չենք տալիս, ամեն ինչ գիտենք,
Մեզ չի սպառնում էլ ոչ մի հորձանք, 
Սիրո ծովում չի խեղդվել ոչ մի մարդ, երբե՜ք: 
Սեր փնտրողները միշտ շահում են կյանք:

Սեր ընտրողները փորձվելու են մի քիչ,
Թակարդներ ու կախարդներ կան անխիղճ,
Սեր փնտրողները գտնելու են ամեն ինչ՝
Սրտի ցնծություն, բերկրանք, կյանքի ճիչ...

Ճամփի կեսն անցել ենք անսեր ու կիսատ,
Ժխոր-անդորր էր կյանքի, աղմուկ երգի ու զենքի, 
Եվ ով դեռ սիրում է, փրկվելու է հաստատ, 
Հենց նա էլ տերն է իր անպարտ կյանքի:

ԹՌԻՉՔ ՍԻՐՈ ՎՐԱՅՈՎ

Ի՞նչը մեզ կապեց՝ անսեր գարո՞ւնը, 
Համբույրի թո՞ւյնը, հիմարությո՞ւնը, 
Մենության հանդեպ ատելությո՞ւնը,
Թե՞ հրաբոսոր աչքերիդ գույնը…

Անթափանց լույսի ձեռքերի մեջ կուռ, 
Աներկյուղ կյանքի ծիլեր ենք մի բուռ, 
Գարուն ենք, բույն ենք, կրակ ենք ու ջուր, 
Ծառե արմատ ենք ու թիթեռ ենք բյուր:

Հարբած ենք, բաց ենք, ճերմակ ենք ու սեւ,
Կայծ ենք, այրված ենք, նժույգ ենք լուսե,
Մենք հանձնված ենք, փետուր ենք թեթեւ, 
Մեր կյանքն ու սերը հավերժի հույս են: 

Բախտի պերճանքին՝ հլու-անձնատուր, 
Սրտերս լցված ավարով այդ հուր՝ 
Անշշուկ, անբառ, անխորհուրդ ու լուռ, 
Կանգնի՛ր ժամանակ, այսքան արագ՝ ո՞ւր:

Մի օր կարթնանաք թմբիրից այս սուրբ, 
Ու կսարսռանք օրերում այդ ցուրտ, 
Ես քեզ սիրում եմ բնական ու նուրբ,
Դու սիրում ես ինձ հիմա անհագուրդ:

ՀՅՈւՐ ԻՄ

Դու ինձ հյուր ես եկել, 
Եկել ես շա՜տ հեռվից, 
Ամբողջ կյանքս բեկել, 
Ու փրկել ես դու ինձ: 

Բարեսիրտ եմ դարձել, 
Էլ ինձ պետք չէ ոչինչ, 
Փոքրիկ տուն եմ վարձել,
Որ հյուր գաս դու ինձ: 

Հրե հյուր ենք մթնում, 
Մահակործան գազան, 
Խելառ կատուն արթուն, 
Հետեւում է անձայն: 

Սերն այս թեթեւ ու հեշտ,
Դու ես բերել հեռվից, 
Կյանքն այս շքեղ ու պերճ, 
Ի՜նչ էլ սազում է ինձ: 

Գիշերներում հալվել,
Մոլորվել եմ նորից,
Բոլոր մարդիկ լավն են,
Դու լավն ես բոլորից: