Քաղաքապետարանը ոչինչ չի ձեռնարկում, որ փողոցում շները մարդկանց չհոշոտեն

Քաղաքապետարանը ոչինչ չի ձեռնարկում, որ փողոցում շները մարդկանց չհոշոտեն

Մայրաքաղաքում եւ հանրապետության տարբեր համայնքներում թափառող շներն իսկական պատուհաս են դարձել քաղաքացիների գլխին։ Անգամ օրը ցերեկով կարող են հարձակվել անցորդների վրա եւ մեծ վնաս պատճառել։ Բայց կենդանասերներին դա չի հուզում, նրանք թքած ունեն մարդու կյանքի եւ առողջության վրա, նրանց հետաքրքրում են շները, որոնք կարող են օրը ցերեկով մարդ հոշոտել։ Եվ ոչ ոք դրանցով չի զբաղվում։ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն ուղղակի անգործության է մատնված։ Փոխարենը համացանցում կենդանասերները պատրաստ են մարդկանց կոկորդ կրծել, անգամ «զենքը դնել երեխայի ճակատին», ում ծնողը կհամարձակվի իր երեխային պաշտպանել հարձակվող շներից։

Ահավասիկ, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի գրառման ներքո Toma Toma անունով մի օգտատեր աջուձախ սպառնալիքներ է շաղ տալիս նրանց հասցեին, որոնք համարձակվում են պաշտպանել մարդկանց, ոչ թե կենդանիներին։ Օրինակ՝ մեկի մեկնաբանության տակ արձագանքել է․ «Քո լակոտներին է պետք սատկացնել»։ Մեկ ուրիշի գրառման տակ էլ գրել է․ «Ես էլ հաճույքով զենքը կդնեմ քո երեխայի ճակատին»։ Ու զարմանալին այն է, որ այս ատելությամբ ու սպառնալիքներով լի նրա գրառումներն արդարացնողներ եւ նրան ձայնակցողներ կան։ Իսկ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը, պարապուրդի մատնված, որեւէ ռեալ քայլ չի ձեռնարկում, որ շները մարդկանց փողոցում, մարդիկ էլ իրար Ֆեյսբուքում չուտեն։ Ավելին, այս ՀՈԱԿ-ում բարձիթողի վիճակ է։ ՀՈԱԿ-ի տնօրենը տեղափոխվել է այլ ՀՈԱԿ, հիմա ՀՈԱԿ-ն անտեր է մնացել, մի քանի ժամանակավոր պաշտոնակատար փոխելուց հետո այժմ այս պաշտոնը զբաղեցնում է Հրաչ Աղաբեկյանը։

Մեզ ասացին, որ ՀՈԱԿ-ից այս ընթացքում բավականին թվով մարդիկ են դուրս եկել, եւ ՀՈԱԿ-ը նորմալ անձնակազմ էլ չունի, որ իր գործառույթներն իրականացնի։ Քաղաքապետ Հայկ Մարությանն իր դերասան ընկերներով է լցրել ՀՈԱԿ-ը, որոնք գործից գլուխ չեն հանում։
Մենք փորձեցինք խոսել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Աղաբեկյանի հետ։ Սակայն վերջինս չկարողացավ որեւէ հոդաբաշխ պատասխան տալ մեր հարցերին։ Նա անընդհատ կրկնում էր, որ պետք է դիմել քաղաքապետարանի լրատվական բաժին, որը կպատասխանի մեր հարցերին։ Զգացինք, որ Աղաբեկյանն ուղղակի կոմպետենտ չէ իր պաշտոնին, քանզի նրան այդպես էլ չկարողացանք բացատրել, որ շների վնասազերծմամբ կամ ստերջացմամբ իրենց ՀՈԱԿ-ն է զբաղվում, ոչ թե քաղաքապետարանի լրատվական վարչությունը, որն առանձնապես չի փայլում իր պրոֆեսիոնալ աշխատանքով։ Եվ մենք իրեն ենք զանգել, քանի որ ինքն է այս պահին տվյալ խնդրի պատասխանատուն։

«Դուք վստա՞հ եք, որ մենք քայլ չենք ձեռնարկում»,- մեր հարցին այսպես արձագանքեց Հրաչ Աղաբեկյանը, ապա հորդորեց դիմել քաղաքապետարանի լրատվականին։ Հարցրինք նաեւ՝ ճի՞շտ է, որ իրենց ՀՈԱԿ-ից այս ընթացքում որոշ քանակությամբ աշխատակիցներ են դուրս եկել, Աղաբեկյանն ասաց․ «Քանի որ Դուք գիտեք, որ ես ժամանակավոր պաշտոնակատար եմ, իմ գալուց հետո ես մի դիմում եմ ստացել դուրս գալու, չէ՝ երկու։ Տենց բան չկա, որ շատ աշխատողներ, բան»։
Մյուս բոլոր հարցերի համար նա դարձյալ հորդորեց դիմել լրատվական բաժին․ լրատվականն իրեն կասի՝ ինքը կպատասխանի։ Նաեւ ասաց՝ ինքը երբվանից է աշխատում որպես ԺՊ, նախկինում որտեղ է աշխատել, քանի շուն են ստերջացրել եւ այլն։ Նշենք, որ քաղաքապետարանից ու անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանից այս ընթացքում որեւէ հոդաբաշխ բացատրություն չենք լսել, թե ինչու որեւէ քայլ չեն իրականացնում օրը ցերեկով մարդկանց վրա հարձակումները կանխելու, շների կողմից հոշոտվելու վտանգից մարդկանց զերծ պահելու ուղղությամբ։ Միայն մառազմատիկ պատասխաններ են տալիս, որ շների ներգաղթ կա, իրենք էլ աղբն այնքան լավ են հավաքում, որ աղբամաններում ուտելիք չի մնում շներին, դրա համար էլ գազազում՝ հարձակվում են մարդկանց վրա։ Այ, էս խելքով էլ քաղաք են կառավարում։