Մեծամորի ԱԷԿ-ը մնացել է Ադրբեջանի ու Թուրքիայի կոկորդում

Մեծամորի ԱԷԿ-ը մնացել է Ադրբեջանի ու Թուրքիայի կոկորդում

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հնչող մեղադրանքներն ու ագրեսիան ոչ թե նվազեցին, այլ օր-օրի ավելի ռազմատենչ դարձան ու համակարգային բնույթ ստացան։ Դա արտահայտվեց ոչ միայն Արցախը զավթելով, ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ լկտի հավակնություններով, այլեւ Հայաստանի հանքերի, գործարանների, տնտեսվարողների նկատմամբ ոտնձգություններով։ 

Ադրբեջանի ու նրա ավագ եղբայր Թուրքիայի հայտարարություններին հետեւելիս հստակ պատկեր է գծագրվում՝ շատ լավ հաշվարկված ծրագրի ու քայլերի, որի նպատակն է Հայաստանին ամեն ինչով վնասել, զրկել տնտեսական զարգացման բոլոր հնարավորություններից, ոտքի կանգնելու, հզորանալու, բանակը վերականգնելու հեռանկարներից: Հայաստանը վերածել երբեք չզարգացող, ոտքի կանգնելու հնարավորություն չունեցող մի ճահճի։ 

Այս գործընթացի մեջ մեծ մաս են կազմում նաեւ բնապահպանական իբր «մտահոգությունները», հանքերի դեմ ոտնձգությունները։ Իսկ առավել ագրեսիվ ու վտանգավոր է թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակումը Մեծամորի ատոմակայանի վրա, այն փակելու հայտարարություն-պահանջները: Դա «հիմնավորելու» համար ադրբեջանական կողմն անգամ «հանրային պահանջի վրա հիմնված հայտարարություններ» է տարածում, խոսում Արաքսի ջրերի «աղտոտման», ԱԷԿ-ի այլ վտանգների եւ այն փակելու անհրաժեշտության մասին։ Այն պարագայում, որ ՄԱԳԱՏԷ-ն ամեն անգամ ստիպված է լինում հայտարարություն տարածել` արձագանքելով ադրբեջանական զառանցանքներին` որ Մեծամորի ատոմակայանն աշխատում է անխափան ու համապատասխանում է անվտանգության բոլոր նորմերին։
Ադրբեջանական կողմը չի անտեսել նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ Բելգիայում միջուկային էներգետիկային նվիրված գագաթնաժողովի ժամանակ արած հայտարարությունը, որ Մեծամորի ատոմակայանի աշխատանքը երկարաձգվել է մինչեւ 2036 թվականը։ Ալիեւյան, այսպես կոչված, «հասարակական սեկտորը» շտապել է հայտարարությամբ հանդես գալ՝ դիմելով գագաթնաժողովի ղեկավարությանը, որ Հայաստանի ատոմակայանը «վթարային վիճակում է գտնվում եւ գլոբալ վտանգ է սպառնում»։ Նրանց ձայնակցել են նաեւ ալիեւյան, այսպես կոչված, չեռնոբիլցիները, որոնք պահանջել են ԱԷԿ-ն անհապաղ փակել։ Մեծամորի ԱԷԿ-ի «անսարքության ու համաշխարհային վտանգավորության» թեման ադրբեջանցիները փորձում են «տեղավորել» ցանկացած այլ թեմայի մեջ: news.day.az-ում ոմն Ակպեր Հասանով, խոսելով Վրաստանի վարչապետի ու Ալիեւի հանդիպման, դրա ժամանակ հնչած հակահայկական հայտարարությունների մասին, հիշեցնում է, թե որքան «վտանգավոր է աշխարհի համար» ՀՀ ԱԷԿ-ը։ 

Այս գիծն ադրբեջանցիներն անշեղորեն տանում են ոչ միայն ներադրբեջանական տիրույթում գործող լրատվամիջոցներում, այլեւ տարածաշրջանային համբավ ունեցող ԶԼՄ-ներում։ Օրինակ՝  вестник кавказа-լրատվամիջոցը, որը գործում է Ռուսաստանում ու պատկանում է ադրբեջանցի լոբբիստ Իսմայիլ Ագակիշեւին, փորձագետների հետ մի հաղորդում է նկարահանել այն մասին, թե որքան վատն է ՀՀ ԱԷԿ-ը, ու ինչու է այն անհրաժեշտ օր առաջ փակել։ Հաղորդման վերնագրում Մեծամորի ԱԷԿ-ը համեմատում է Չեռնոբիլի հետ։ 

Ստացվում է, որ թշնամին մեր առաջ ոչ միայն տարածքային պահանջներ է դնում, այլեւ միջազգային հարթակում՝ օտար երկրներում մեր էներգետիկ կառույցների, մեր արդյունաբերական ձեռնարկությունների դեմ բացասական կարծիք է ձեւավորում, եւ հատկապես թիրախավորված է մեր ատոմակայանը` փորձում են ներկայացնել, թե այն գլոբալ վտանգ է ներկայացնում այս տարածաշրջանի համար, ուստի այն պետք է փակել։ Ալիեւյան պրոպագանդիստները մեկ այլ «պատճառաբանություն» էլ են դաշտ նետել, որ ատոմակայանի թափոնները լցվում են Արաքս գետն ու «թունավորում» Ադրբեջանի էկոլոգիան: Մի երկրի էկոլոգիա, որը պարզապես գոյություն չունի` նավթի, գազի արդյունահանման եւ բնությունն անխնա օգտագործելու պատճառով: Միջազգային բնապահպանները խոսում են Ադրբեջանում իրականացվող էկոցիդի մասին, իսկ իրենք մեր կողմից բնությունն աղտոտելու կեղծ տեղեկություններ են տարածում: 

Ադրբեջանական CBS հեռուստաալիքով խոսող փորձագետն ահաբեկում է մարդկանց ու տարածաշրջանի երկրներին, որ մեր ԱԷԿ-ը կարող է «ոչնչացնել» ամբողջ տարածաշրջանը, եւ այն աղտոտում է Արաքս գետը։ Էներգետիկ ոլորտում նվազ գիտելիքներ ունեցող եւ անտեղյակ մարդկանց մոտ իսկապես կարող է տպավորություն ստեղծվել, թե ՀՀ ԱԷԿ-ի գործունեությունը վտանգավոր է եւ սպառնում է տարածաշրջանին, ու բացարձակապես կարեւոր չէ, որ այդ քարոզչությունը չունի ոչ մի մասնագիտական, գիտական կամ որեւէ այլ հիմք։ Կարեւորն այն է, որ թշնամին այդ ուղղությամբ ծավալուն, մտածված, նպատակային աշխատանք է տանում։ Նույն տրամաբանության մեջ, նույն ալիքում Ադրբեջանի բնապահպանության նախարարության հանրային խորհրդի անդամը հայտարարում է, որ հայկական ատոմակայանն այս տարածաշրջանի տակ դրված ռումբ է: Բանը հասել է նրան, որ անգամ Իրանին մեղադրում է, թե «թաքցնում է հայկական ատոմակայանի թափոններն Արաքս գետը լցնելու փաստը»։ Իսկ հայկական կողմի արձագանքն այնքան «անողնաշար» է, որ այս բացահայտ ստին ստիպված էր արձագանքել Իրանի բարձրագույն ղեկավարությունը՝ հայտարարելով, թե նման բան չկա, եւ հասկացնելով, որ ադրբեջանցիները պարզապես զառանցում են։ 

Ադրբեջանցիները ձեռնպահ չեն մնում նաեւ ՄԱԳԱՏԷ-ի կողմից իբր թե մեզ առաջադրված պահանջները չկատարելու մասին սուտ տեղեկատվություն տարածելուց։ Առաջին հայացքից դա զառանցանք ու ապատեղեկատվություն է թվում, բայց իր սեւ գործն անում է։ Մեկ ամսվա կտրվածքով գրեթե 300 հրապարակում է արվել ադրբեջանական լրատվամիջոցներում՝ հայկական ԱԷԿ-ը փակելու, դրա՝ տարածաշրջանի համար գլոբալ եւ մահացու վտանգ պարունակելու մասին։ Սարսափելի է պատկերացնել այն աշխատանքի ծավալները, որոնք տարվում են միջազգային կառույցների ու կազմակերպությունների հետ։ 

Իսկ ինչո՞ւ է ՀՀ ԱԷԿ-ը դարձել Ադրբեջանի համար «փորացավ»։ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հայտարարեց, որ ԱԷԿ-ը մեր ինքնիշխանության սիմվոլն է, եւ դա հեռու չէ ճշմարտությունից, իսկ թշնամին հենց մեր ինքնիշխանության նկատմամբ է ոտնձգություններ իրականացնում։ ԱԷԿ-ն ապահովում է ՀՀ-ն էլեկտրաէներգիայով ու մեզ տալիս է էներգետիկ անվտանգություն, անկախություն։ Քանի դեռ մենք ունենք գործող ատոմակայան, ունենք հնարավորություն՝ զարգացնել էներգետիկ ոլորտն ու լինել հնարավորինս անկախ ու ինքնիշխան։ Հենց սրանից է փորձում մեզ զրկել ադրբեջանա-թուրքական տանդեմը՝ էներգետիկ անվտանգությունից ու անկախությունից։ 
Մի պահ փորձենք պատկերացնել․ եթե ատոմակայանը չգործի, եւ մենք կորցնենք ԱԷԿ-ից ստացվող էլեկտրաէներգիան, ինչ հումանիտար աղետի մեջ կհայտնվենք։ Ինչ կլինի, եթե մեր ԱԷԿ-ը փակվի, ու մենք սկսենք էլեկտրաէներգիա գնել Թուրքիայից կամ որեւէ հարեւան երկրից։ Ինչքան կմեծանա մեր կախումն այդ երկրից եւ նրա կամքից․ ուզեցին՝ լույսը տվեցին, չուզեցին՝ անջատեցին։ Հետեւանքները սարսափելի կարող են լինել։ Բավական է հիշել Արցախում բլոկադայի օրերը՝ գազի «վինտիլը» բացում-փակում էին, երբ ուզում էին։

Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ մենք ամերիկյան կողմի առաջարկով քննարկում ենք մոդուլային փոքր ատոմակայանների կառուցման հարցը, որոնց հզորությունը մի քանի անգամ զիջում է Մեծամորի ներկայիս ատոմակայանին, բայց կարող է բավարարել երկրի պահանջները։ Սակայն մոդուլային ատոմակայանները չեն կարող այն ծավալի խնդիր լուծել, ինչպես դա անում է գործող ատոմակայանը։ Արդյոք Փաշինյանի առաջարկած տարբերակը չի՞ բխում արդեն ավանդական դարձած «Ալիեւին չբարկացնենք» թեզից: Հայ հասարակությանը կբավարարեն` իբր ունենք ատոմակայան, բայց այն մեզ էներգետիկ ինքնիշխանություն չի տա։ 

Այնինչ Ռուսաստանն առաջարկում է մեծ հզորությամբ ատոմակայան կառուցելու տարբերակը, որի պարագայում 1 էներգաբլոկի հզորությունը 1200 մեգավատ է լինելու։ Երկրորդ լավ առաջարկը կորեական տարբերակն է. 1 էներգաբլոկի հզորությունը՝ 1400 մեգավատ, իսկ Փաշինյանի կողմից քաղաքական լավ առաջարկ կոչված ամերիկյան փոքր մոդուլյար կամ մոդուլային տարբերակների 1 բլոկի հզորությունը 77 մեգավատ է, որը զիջում է ռուսականին ու կորեականին: Փաստորեն, այս հարցում էլ է Փաշինյանն առաջնորդվում հավաքական Արեւմուտքին գոհացնելու, այլ ոչ թե հայկական շահը սպասարկելու մտայնությամբ։