Ագրարայինում կպարզեն բուհի կուտակած պարտքի պատճառները

Ագրարայինում կպարզեն բուհի կուտակած պարտքի պատճառները

Գրել էինք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի: Վերջին տարիներին մի քանի դիմորդ ունեցող բուհի ֆինանսական վիճակն ավելի է ծանրացել: Ռեկտորի պարտականությունները կատարող Հ. Զաքոյանը վերջերս է տեղեկացել, որ համալսարանը կուտակել է ավելի քան 340 միլիոն դրամ գույքահարկի պարտք: Պարզել է, որ պարտքի միայն մի մասն է առնչվում իր ղեկավարման ժամանակահատվածին, մեծ մասը կուտակվել է 2021-ից, երբ համալսարանի ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը: Համալսարանը գույք ունի Երեւանում, Կոտայքում, Արագածոտնում, Սյունիքում, Լոռիում եւ Արմավիրում:

Ըստ մեր տեղեկությունների, այս խոշոր պարտքն արտացոլված չի եղել 2021-2024թթ. հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված բյուջեի նախահաշվում ու կատարողականներում, եւ հիմա համապատասխան մարմինները պետք է պարզեն, թե վերոնշյալ ժամանակահատվածում Ուռուտյանի եւ Զաքոյանի (2018 թվականից՝ նախ տնտեսական հարցերի գծով, ապա նաեւ՝ ուսումնական գծով պրոռեկտոր) կողմից հարկային պարտավորությունները չկատարելը, դրանք ֆինանսական փաստաթղթերում չներառելը եղել են սեփակա՞ն նախաձեռնությամբ, թե՞ հոգաբարձուների խորհրդի գիտությամբ:

Մեր հրապարակումից ամիսուկես է անցել, սակայն բուհից վստահեցնում են՝ չեն քննարկել  ֆինանսական խնդրի հարցը։ Ագրարային համալսարանի Ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ , հոգաբարձուների խորհրդի անդամ Գուրգեն Եղիազարյանը Hraparak.am-ին փոխանցեց, որ հարցը քննարկելու համար առաջարկել են Հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրել, «ինչո՞ւ ամիսուկես հետո եւ երբ է նշանակված նիստը», այս հարցերին Եղիազարյանը պատասխան չուներ․ «Անկեղծ ասած ես այդ խնդրի մասին հպանցիկ եմ լսել, սպասում ենք նիստ հրավիրվի, քննարկենք հարցը, արդեն խնդրել ենք նախագահին, որ նիստ հրավիրի, երբ քննարկենք, պատճառների մասին էլ կիմանանք», հարցրեցինք՝ ինչպես է ստացվել, որ  խոշոր պարտքն արտացոլված չի եղել 2021-2024թթ. հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված բյուջեի նախահաշվում ու կատարողականներում, Եղիազարյանը պատասխանեց․ «Ես այդքան տեղյակ չեմ, խորհրդի անդամներին հրավիրում են նիստին, ես էլ գնում-նստում-լսում եմ։ Հիմա այս անգամ էլ պիտի լսեմ՝ ինչպես է եղել, որ հասկանամ»