Բանակն առաջնորդելու համար մեզ  առյուծ էր պետք․․․

Բանակն առաջնորդելու համար մեզ  առյուծ էր պետք․․․

Վաղը Հայոց Բանակի օրն է։ Վախվորած մի ասեք, հայեր, հպարտ ասեք։ Մի ամաչեք, որ Արցախի Բանակը լուծարվել է, դա ձեր ամոթը չէ։ Մի ամաչեք, որ թուլացել է Հայոց Բանակը, դա ձեր ամոթը չէ։ Հայոց Բանակը մեր հիշողության մեջ հաղթանակների Բանակ է։ 44-օրյա պատերազմի պարտությունը մեր Բանակի, Զինվորի, ժողովրդի պարտությունը չէ։ Ընդունեք դա, հայեր։ Պատմության ոչ մի էջ փակված չի մնում, ամեն ինչ բացվելու է․․․ Ես այսպես եմ ասում, որովհետև մենք բանակ, զինվոր  սիրող ազգ ենք, չնվազեցնեք ձեր սերը Բանակի, զինվորի հանդեպ, նրան երբեք պարտված չհամարեք, նրանք հրաշքներ են գործել։ Բանակն առաջնորդելու համար մեզ  առյուծ էր պետք, որը իր տարածքը ատամներով է պահում․․․ Մենք ունեինք սեփական տարածքը չճանաչող մեկը, որը թույլ տվեց, որ թշնամին պատառոտի մեզ, մեր տարածքները, մեր հողը․․․ 

Բանակի ստեղծման  ողջ օրը լացում էի ուրախությունից, անվտանգության զգացումից։  Դա այն Բանակն էր, որ կերտեց մեր հաղթանակը։ 

Արցախյան առաջին պատերազմի ամենածանր շրջանն էր։ Պատերազմի հորձանուտում էր հայտնվել Սյունիքը։ Կամավորական ջոկատներին սննդով ու ինչով կարողանում էր,  օգնում էր ժողովուրդը՝ մի մարդու նման։ Ամեն օր հրետակոծվում էր Գորիս քաղաքն ու գյուղերը։ Վազգեն Սարգսյանը Սյունիքի պետնախարար ժամանակ ինձ նշանակել էր Սյունիքի տարածքում ռազմական թղթակից։ 1991 թվականին Վազգեն Սարգսյանը նշանակվեց Պաշտպանության նախարար։  Նա այդ ժամանակ  նախարար էր առանց նախարարության։ 1992-ի հունվարի 28-ին, կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:  

Ինչևէ, մինչ Բանակի ստեղծումը սննդի հետ կապված կամավորական ջոկատները տվյալ քաղաքի,  շրջանի, գյուղի հոգածության տակ էին։ Զորքը քաղցած էր, զորքը հագուստի, տաք գուլպաների, վրանների, պակաս ուներ։ Օրախնդիր էր նաև Արցախից այլ շրջաններ ուղարկվող զոհված զինվորների դագաղների հարցը։  Այդ ծանր պարտականության պատասխանատուներից էի և ապահովում էինք Գորիսի Կատարի բարձունքում գտնվող զինվորների օգնության  հարցը։ Այդ ժամանակ Աբովյանի կամավորական ջոկատն էր Կատարի բարձունքում՝ գնդապետ Կիմ Գիլոյանի հրամանատարությամբ։ Եկել էին՝ պահելու Գորիսը։ Իհարկե, տեղացիների օժանդակությամբ։  

Բազմաթիվ հուշեր ունեմ  այդ օրերի հետ կապված, Կիմն  էլ  կարող է վկայել, թե ինչպիսի օգնություն էինք կազմակերպում Գորիսի բարձունքը պահող զինվորների, ջոկատների համար՝ վրաններից սկսած, գուլպաներով ու սննդով վերջացրած։ Ինչևէ, Բանակի ստեղծումից մի 10 օր մեր տուն եկավ Կիմ Գիլոյանը՝  բեռնված։ Նա ինչ որ արկղեր էր բերել՝ սննդի տուփերով լի։ Ուրախությունից փայլում էր․ 

-Հասմո, մենք արդեն Բանակ ունե՜նք։ Մենք կանոնավոր սնունդ ենք ստանում, ապահովված ենք։ Գիտեմ, որ շատերը իրենց հացն են կիսել մեզ հետ, իրենք շատ դեպքերում քաղցած են մնացել, մեզ կերակրել, այս խորհրդանշական բեռը բերել եմ, որ ցնծաք՝ մենք Բանա՜կ ունենք։

Նրա հետ նաև իր զինվորներից մի քանիսն էին։ Գրկել էինք իրար ու լաց լինում։ Հետո նրանք գնացին, իսկ ես ողջ օրը ուրախությունից լացում էի՝ մենք բանա՜կ ունենք․․․