Խորհրդավոր լռություն․ ինչու՞ չի շնորհավորում Փաշինյանն Ալիևին

Խորհրդավոր լռություն․ ինչու՞ չի շնորհավորում Փաշինյանն Ալիևին

Փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքում ձայների ավելի քան 92 տոկոսով 5-րդ անգամ անընդմեջ նախագահ է ընտրվել Իլհամ Ալիևը։
Նրան շնորհավորողների մեջ, սպասելի էր, թե հատկապես որ երկրների ղեկավարները կլինեն։
Հենց ընտրությունների օրը Ալիևին զանգահարեցին և շնորհավորեցին Ուզբեկստանի և Բելառուսի նախագահները, ապա նրանց միացան Թուրքիայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Իրանի, Իրաքի, Չինաստանի, Սերբիայի նախագահներն ու Հունգարիայի վարչապետը։
Պուտինը նույնպես շնորհավորեց ադրբեջանցի գործընկերոջը, որից ետ չմնաց նաև Վրաստանի նորընտիր վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Տարածաշրջանային առումով բոլոր հարևանները շնորհավորել են Բաքվի բռնապետին, որի վերընտրություն իրականացավ աղաղակող խախտումների, լրագրողների և դիտորդների նկատմամբ բռնաճնշումների, իրական քաղաքական ընդդիմության բոյկոտի, քաղաքական մրցակցության բացակայության պայմաններում, ինչի մասին նշեցին ԵԱՀԿ դիտորդները։
Եվ միայն Ադրբեջանի հետ խաղաղության, հարաբերությունների կարգավորման, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, կոմունիկացիաների բացման ձգտող Հայաստանի իշխանություններն են, որ դեռևս չեն շնորհավորել Իլհամին։

Անկեղծ ասած, Նիկոլ Փաշինյանից ու իր թիմից չէ․ Ալիևին կիրթ համարող և նրա հետ հաշտություն քարոզող վարչապետին ի՞նչն է արգելակում շնորհավորել։ Չէ՞ որ նա սիրում է աշխարհի աչքին բարի, ժողովրդավար երևալ։ Կամ այդ ե՞րբվանից է վախենում ժողովրդի քննադատությունից ու պարսավանքից։ Այդպիսի՞ նվաստացուցիչ քայլեր է արել, այդպիսի՞ անինքնասեր որոշումներ է կայացրել։ Ժողովրդի գլխին 44-օրյա ողբերգական պատերազմ բերած, Արցախը հանձնած․ «Արցախն Ադրբեջանի կազմում» ճանաչած Փաշինյանը, տեսնես, այդ ի՞նչ զսպաշապիկ է հագել։

Սեփական մեղքն ուրիշի վրա բարդելու վարպետ-վարչապետը նույնիսկ շնորհավորանքների և ցավակցությունների խորհրդանիշ նախագահ Վահագն Խաչատուրյանին չի մղում նման քայլի գնալ, ասենք հաշվի առնելով նոմինալ դիրքը։ Շնորհավորանք է, ինչ է եղել, որ ․․․

Մեկ տարի առաջ չէ՞ր, որ Թուրքիային պատուհասած ավերիչ երկրաշարժի ժամանակ «վշտացած» ցավակցեց Էրդողանին, փրկարարներ և օգնություն ուղարկեց այդ երկիր, որտեղ 20-րդ դարասկզբին սրի մատնվեց մեկուկես միլիոն անմեղ հայ։ Մի երկիր, որտեղից չեն դադարում հնչել սպառնալիքներն ու զգուշացումները Հայաստանի հասցեին, մի երկիր, որտեղ գլխավորապես գեներացվեց, մշակվեց և կյանքի կոչվեց 2020 թ․ սեպտեմբերի՝ Արցախի ու արցախցիների, բովանդակ հայ ժողովրդի դեմ արյունալի պատերազմը։

2023 թ․ մայիսի 28-ին չէ՞ր, որ Փաշինյանը լավատեսությամբ և առաջ գնալու համոզմունքով շնորհավորեց Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահ վերընտրվելու կապակցությամբ։
Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հայրենի և միջազգային մասմեդիայի բոլոր հարթակներով թուրք-ադրբեջանական տանդեմն ահաբեկչական համարող Փաշինյանն այդ ե՞րբվանից սկսեց տարանջատել Բաքվին և Անկարային, Ալիևին և Էրդողանին։ 

Թե՞ արևմտյան ուղեգիծ դուրս եկած ՀՀ իշխանությունները դեռ ցուցում-ազդակ չեն ստացել Արևմուտքից, որի արևով սիրում են երդվել պատեհ-անպատեհ։ 

Փաշինյանի պահվածքն, իսկապես, բազում հարցականներ է առաջացնում։