Կաթողիկոսին Լիբանանից պատշաճ հրավեր չի ուղարկվել

Կաթողիկոսին Լիբանանից պատշաճ հրավեր չի ուղարկվել
Նախապես հայտնի էր, որ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության հետ Լիբանան է մեկնելու նաեւ Գարեգին Բ։ Ասում էին, որ դա նաեւ Փաշինյանի ցանկությունն է՝ որ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի քահանայական ձեռնադրության և օծման 50-ամյակին նվիրված արարողություններին ներկա լինի նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսը, ինչը նաեւ կփարատի այն կասկածները, որ ՀՀ վարչապետն ուզում է Էջմիածնում կարգել Արամ 1-ինին։



Սակայն Գարեգին Բ-ն չի մեկնել Լիբանան։ Մենք տեղեկացանք, որ հրավերը՝ Կիլիկիո կաթողիկոսից «պատշաճ չի եղել»․ նախ, օրեր առաջ նրան կաթողիկոսարանից բանավոր հրավեր են փոխանցել, ապա ստացվել է գրավոր տեքստը, որտեղ հրավիրվել են արարողություններին մասնակցելու ոչ թե անձամբ կաթողիկոսն, այլ նրա «ներկայացուցիչները» եւ Գարեգին Բ-ն որոշել է չմեկնել, որքան էլ վարչապետական ինքնաթիռով մեկնելը հաճելի է եւ խոստումնալից։ Էջմիածնից տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ «Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ» Լիբանան են մեկնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։ Իսկ Նաթան արքեպիսկոպոսը հոկտեմբերի 21-ին Անթիլիասի մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում մատուցված Ս. Պատարագից հետո տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից հղված շնորհավորական ուղերձն է ընթերցել։