Այո, և՛ կողմ ենք, և՛ դեմ

Այո, և՛ կողմ ենք, և՛ դեմ
Դաշնակցությունը կրկին իր տարերքի մեջ է՝ կողմ ըլլալով դեմ է, դեմ ըլլալով՝ կողմ։ Դաշնակցականներն այս անգամ էլ նման դիլեմատիկ իրավիճակում են հայտնվել արդեն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ դիրքորոշման հարցում։ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք կողմ կքվեարկեն Ընտրական օրենսգրքի նախագծին, որ հին օրենսգրքով չգնան ընտրությունների։ Բայց և դեմ են այսպես հապճեպ դեկտեմբերին, ընդամենը մեկ ամիս անց ընտրությունների անցկացնելուն։ Նա նաև նշեց, որ իրենց խմբակցությունը այս նախագծում երեք առաջարկ է արել, որը կառավարությունը չի ընդունել ժամկետի սղության պատճառով։ Ուստի, այս առումով Ռուստամյանը դեմ դիրքորոշում հայտնեց, բայց միևնույն է, նախագծին կողմ կքվեարկեն։



«Այսինքն՝ դեկտեմբերը դառել ա մեր գլխավոր նպատա՞կը էս ազգի և պետության։ Ամեն ինչ հարմարացված է դեկտեմբերին։ Քանի որ չեն հասցնում հանձնաժողովները մասնագիտացված ուսուցումով ձևավորրվել, անգամ էդ պահանջն է հանվել։ Քանի որ դեկտեմբերը դրված է գլխավոր հարց, անգամ մենք հանձնաժողովներում չենք պարտադրում, որ անցնեն մասնագիտական ուսուցում։ Այսինքն՝ մենք ի՞նչ որակի ընտրություն ենք ուզում անցկացնել»,-ասաց Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքով՝ այսպես արագ ընտրություններ անցկացնելով խախտվելու են մրցակցային պայմանները, և սրանով իսկապես ական է դրվելու այդ ընտրությունների տակ։ «Սա ձեռնտու չի, կարծում եմ, էն իշխանությանը, որն էսօր ունի վստահություն, որ ինքը մեծամասնություն է ձևավորելու։ Ինչի՞ ա պետք էս ականապատ դաշտով էդ մեծամասնությունը ստանալ, ես չեմ հասկանում»,-ասաց նա։



**Hraparak.am**-ի հարցին՝ ստացվում է, որ և՛ կո՞ղմ են, և՛ դե՞մ, Ռուստամյանն ասաց․ «Այսինքն՝ կողմ ենք լույսին, դեմ ենք խավարին։ Այո, և՛ կողմ ենք, և՛ դեմ»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**