Քննիչի գո՞րծն էլ մամուլը պետք է անի

Քննիչի գո՞րծն էլ մամուլը պետք է անի
Hraparak.am-ում 27․07․2018թ հրապարակված «Իրավապահները դպրոցի տնօրենի սպանություն են կոծկել» վերնագրով [հոդվածը](https://www.hraparak.am/posts/5b5ab785fa995d06cd0069b6) ընթերցողների շրջանում լայն արձագանք գտավ։ Մարդիկ անընդհատ զանգում են «Հրապարակի» խմաբագրություն և հետաքրքրվում հոդվածում նկարագրված պատմության և իրադարձությունների հետագա ընթացքի մասին։



Վերոնշյալ նյութում նկարագրվող դեպքի տուժող կողմի փաստաբանը քննիչներին հաղորդել է, որ նյութով հետաքրքրվողներ կան, իսկ քննիչն էլ հետաքրքրվողների մասին տեղեկությունները Հրապարակից է խնդրում՝ մտածելով, որ նրանք ինչ- որ կերպ կարող են մասնակցություն ունենալ դեպքին:



ՀՀ ՔԿ Արարատի մարզի քննչական վարչության ավագ քննիչ, երրորդ դասի խորհրդական Ս․ Հայրապետյանը «Հրապարակ» օրաթերթին խնդրում է համապատասխան աշխատակիցներին՝ հավանաբար նկատի ունի լրագրողներին, պարզել և հայտնել նշված հոդվածի մասին հետաքրքրություն ունեցող անձի տվյալները, թե ով է դրսևորել հետաքրքրությունը, ի՞նչ ձևով՝ հեռախոսազանգ, գրավոր հարցում, թե՞ բանավոր հարցում, եթե զանգահարել է, ապա ի՞նչ հեռախոսահամարից, և ո՞ր հեռախոսահամարին է զանգահարել, ինչպես նաև հայտնել այն աշխատակցի տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, բնակության հասցե, ումից հետաքրքրվել է այդ անձը։



Ստացվում է, որ լրատվամիջոցը իր բնականոն աշխատանքի փոխարեն պետք է հետայսու հավաքագրի խմբագրություն զանգահարող յուրաքանչյուր ընթերցողի տվյալները՝ անհրաժեշտության դեպքում դրանք քննչական կոմիտեի քննիչներին տրամադրելու համար՝ այդ կերպ դառնալով Քննչական կոմիտեի բաժանմունք։