Վայոց Ձորի նոր մարզպետը դժգոհեց նախկին մարզպետից

Վայոց Ձորի նոր մարզպետը դժգոհեց նախկին մարզպետից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առաջարկեց ու կառավարությունը հաստատեց երեք նոր մարզպետների նշանակումը։ Նրանք են՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը։



Տրդատ Սարգսյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսելով իր նշանակման մասին՝ ասաց, որ ծագումով Վայոց Ձորից է, և միշտ Վայոց Ձորի բնակչությունն իր դժգոհություններն էր հայտնում, որ հեղափոխությունը չի հասել Վայոց Ձոր։



«Եվ երբ առաջարկը ստացա մարզպետ լինելու, առանց երկար մտածելու՝ միանգամից համաձայնվել եմ, որպեսզի հեղափոխության շունչը և հեղափոխությունը հասնի Վայոց Ձոր, և բնակիչներն իրենց կյանքի վրա զգան այդ փոփոխությունները»,-ասաց նա։



Այսինքն՝ նախկին մարզպետը թերացե՞լ է այդ հարցում, նորանշանակ մարզպետն ասաց․ «Ես չեմ ճանաչում նախկին մարզպետին, աշխատանքներում չեմ կարծում, որ հասցրել է ինչ-որ բան անել մի քանի ամսվա ընթացքում։ Ինչ-որ առերևույթ բան չենք տեսել մարզպետի կատարածից մարզում»։



Նրա խոսքով՝ իր գալուց հետո հեղափոխությունն արդեն կհասնի արդեն վերաբերմունքի փոփոխությունից․ «Որովհետև ես չեմ պատրաստվում բնակիչներից վերև կանգնել, ես բոլորի հետ հավասար եմ, և փոփոխությունը շփման մեջ արդեն կզգան բնակիչները։ Իսկ բարեկեցությունը, կյանքի բարելավումն արդեն կփորձենք ամիսների ընթացքում ամեն ինչ անել, աշխատել այդ ուղղությամբ»։



**Hraparak.am**-ի հարցին՝ մինչև հիմա չէ՞ր հասել հեղափոխությունը Վայոց Ձոր և ինչո՞ւ չէր հասել, նորանաշանակ մարզպետը չկարողացավ այդ հարցին պատասխանել․ «Այդ հարցին մի քիչ չեմ կարող պատասխանել, երևի կոռեկտ չի»։



**-Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ հեղափոխությունը չի հասել մարզ, և պետք է Դուք բերեք այն։**



-Փորձեցի ասել՝ այն վերաբերմունքը, որ բանկիչները չեն զգացել, նույն մարդիկ են եղել պաշտոնին, մարզպետը եղել էր Հանրապետական, հետո դարձավ ԲՀԿ անդամ, և մարդիկ փոփոխություն էին ուզում։



**-Բայց հեղափոխության կառավարությունն ու վարչապետն էին նրան նշանակել։**



-Հեղափոխության կառավարությունը ձևավորվել էր․․․ կոալիցիոն կառավարում չի եղել, համերաշխության կառավարում էր ձևավորվել, և ԲՀԿ-ին էր տրված տվյալ մարզում մարզպետ նշանակելու քվոտան։



**-Այսինքն՝ դժգո՞հ էր վարչապետը, սխա՞լ որոշում էր։**



-Դե, դժգոհ կամ սխալ որոշում չեմ կարող ասել, բնակիչների խոսքն եմ ասում, թե ինչ են ինձ փոխանցել, որ հեղափոխության շունչը չեն զգացել։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**