Կրթված է և դաժան․ ո՞ւմ օգտին էին Դուշանբեի հավաքի տողատակերը

Կրթված է և դաժան․ ո՞ւմ օգտին էին Դուշանբեի հավաքի տողատակերը
ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի կարճատեւ հանդիպումը Դուշանբեում տեղի ունեցավ լարված իրադարձային կոնտեքստում։ Սեպտեմբերի 25-27-ին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրերին, Մինսկի խմբի համանախագահներն առանձին հայտարարությամբ խորը մտահոգություն արտահայտեցին շփման գծում շարունակվող մահվան դեպքերի առնչությամբ եւ կոչ արեցին կողմերին խուսափել ռազմատենչ հռետորաբանությունից ու փոխզիջումների գնալ։ Ադրբեջանն այդ օրերին լայնամասշտաբ զինավարժություններ էր անցկացնում Արցախի սահմանակից շրջաններում։ Այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը հայտարարեց, որ կոչնչացնի «թշնամու ավիացիան, եթե փորձի մոտենալ Ադրբեջանի սահմանին»։



Իսկ Արցախում սեպտեմբերի 22-ին եւ 26-ին երկու զինծառայող զոհվեց, մեկի անունը՝ Արցախ։ Փաշինյանն իր տպավորությունն Ալիեւի հետ հանդիպումից հայտնեց նույն օրը՝ իր ՖԲ էջում. «Առարկայական խոսակցություն ստացվեց, եւ արդյունքում մի քանի կարեւոր կետեր արձանագրեցինք։ Մենք պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն տանք՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում լարումն իջեցնելու վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլերին։ Սա կարեւոր պայմանավորվածություն է»: Սա է, ըստ Փաշինյանի, կարեւոր արդյունքը։



Մինչդեռ հանրությանը Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություններից առավել կարեւոր թվաց Ալիեւի կրթական մակադակի գնահատականը։ «Նորմալ, դրական տպավորություն թողեց, նորմալ զրուցել ենք, կրթված մարդու տպավորություն թողեց»,- ասել է Փաշինյանն Ալիեւի մասին։ Քաղաքական հակառակորդներն անմիջապես Փաշինյանի դեմ հարձակումների առիթ ստացան։ «Այդ նորմալ ու կրթված Ալիեւը Ռամիլ Սաֆարովին հերոսացրեց»,- հիշել է ՀՀԿ խոսնակ Շարմազանովը։ «Փաշինյանը մոռացե՞լ է, որ կրթված մարդը ոնց է Զանգեզուրն ու Երեւանը համարում իրենցը եւ կոչ անում հետ բերել «ադրբեջանական» հողերը: Բա մեկը չկա՞, որ ասի՝ այ պարոն վարչապետ, էս ի՞նչ ես ասում․ ի՞նչ կրթված, ի՞նչ բան, դու ստեղ հեծանիվ չես քշում, ստեղ շատ ավելի լուրջ ա ամեն ինչ»,- հակադարձել է «Ռեֆորմիստների» նախագահ Վահան Բաբայանը։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ կասկածի տակ է դրել Ալիեւի հետ Փաշինյանի ձեռք բերած պայմանավորվածությունները՝ հրադադարի ռեժիմի խախտումների կանխման ուղղությամբ։ «Նախ, որովհետեւ անպատրաստ է եղել այդ հանդիպմանը, առավել եւս՝ ինչ-որ բաներ պայմանավորվելուն։ Որպես դրա հետեւանք՝ հիմա արդեն կարելի է փաստել, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ջրվեցին։ Նույն թեմայի մասին նոր պրոցես է սկսել ու արդեն հասցրել ոչ միայն հրահանգավորել բոլորին, այլեւ գոհ հայտարարել, որ պայմանավորվածություններն աշխատում են, ու անցած գիշեր ամենահանգիստն է եղել սահմանում,- գրել է նա։ - Խոսեցին, պայմանավորվեցին, եկավ։ Բա երանի չէ՞ր ամեն ինչ այդպես հեշտ լիներ»։



**Ի դեմս Ալիեւի, ունենք լուրջ, շատ վտանգավոր թշնամի**



Արցախում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն «ըմբռնումով» են վերաբերվում։ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի գնահատմամբ, պայմանավորվածությունը, որ պետք է քայլեր ձեռնարկել զինադադարի ռեժիմի խախտումները նվազեցնելու ուղղությամբ, քննարկումներն այս հարցերի շուրջ նորմալ են ընկալվել Արցախում։ «Շատ կուզեինք, որպեսզի այդ բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, չնայած միեւնույն ժամանակ նաեւ լավ հասկանում ենք, թե ում հետ գործ ունենք՝ ի դեմս Ադրբեջանի։ Սա մի երկիր է, որն ամենաանսպասելի, ամենաանհարմար պահին կարող է խախտել ցանկացած պայմանավորվածություն՝ ոչ միայն բանավոր, այլեւ գրավոր, եւ հարված հասցնել թիկունքից»։



**-Ինչպիսի՞ն է իրավիճակը շփման գծում, կա՞ն նկատելի փոփոխություններ։**



-Այս շաբաթվա ընթացքում, ըստ Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության, սեպտեմբերի 23-29-ը, եթե չեմ սխալվում, ավելի քան 230 անգամ խախտվել է հրադադարը, մոտ 3 հազար կրակոց է արձակվել։ Ընդհանուր առմամբ, վերահսկելի է իրավիճակը, բայց հակառակորդը չի փոխվել, անկախ իր խոստումներից։



**-Փաշինյանն ասաց Ադրբեջանի առաջնորդի մասին, որ նա նորմալ, կրթված մարդու տպավորություն է թողել։ Այս արտահայտությունն ինչպե՞ս եք գնահատում։**



-Ես այդ հայտարարությունը կբաժանեի երկու մասի։ Այն, որ Ալիեւը կրթված է, լավ կրթություն է ստացել, կարծում եմ՝ հարցականներ չի կարող առաջացնել։ Նա իրոք լավ կրթություն է ստացել։ Գիտեք, երեւի ՄԳԻՄՕ-ում է սովորել, Մոսկվայում, լեզուների է տիրապետում․ սա միանշանակ է։ Գուցե Փաշինյանը բարեհամբույր է գտնվել։ Մյուս կողմից՝ հայատյացությունն Ալիեւի արյան մեջ է, նա վարում է ահաբեկչական քաղաքականություն, եւ մենք գիտենք, թե ինչպես են հերոսացրել այդ ավազակին, մարդասպանին, գլուխ կտրող մնացած զինվորականներին, ինչ փողեր են ծախսել նրանց պարգեւատրելու համար։ Այսինքն՝ կրթված եւ բարեհամբույր լինելը չի նշանակում, որ նա չի կարող լինել դաժան, ատելությամբ լի թշնամի։ Ես կարծում եմ, որ մեր հակառակորդին մենք երբեք չպետք է թերագնահատենք, մենք, ի դեմս Ալիեւի, ունենք լուրջ, շատ վտանգավոր թշնամի։



**-Չե՞ք կարծում, որ Փաշինյանն իր բանակցային պայմանավորվածություններով, նաեւ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթով, երբ խոսեց Արցախը բանակցային կողմ ճանաչելու մասին, չեղարկել է նախկին պայմանավորվածությունները։**



-Ոչ, այդպես գնահատելը ճիշտ չէ, որովհետեւ Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի պայմանավորվածությունները վերաբերում էին սահմանին լարվածությունը թուլացնելու մեխանիզմները մշակելուն ու ներդնելուն։ Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ այդ հարցերը քննարկվել են, դրանց անդրադարձ է կատարվել։ Բացի դրանից, պայմանավորվածություններից հրաժարվելը պետք է նաեւ իրավական, քաղաքական տեսք ստանա, իսկ Փաշինյանն իր հայտարարությունների մեջ, փաստորեն, որեւէ քայլ՝ ուղղված խաղաղության եւ կայունության խարխլմանը, չի արել։ Նա պարզապես պնդում է այն, որ պետք է Արցախը վերականգնի իր կարգավիճակը՝ որպես բանակցային լիարժեք կողմ։ Իհարկե, մենք էլ ենք կողմ դրան եւ, իհարկե, միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ դա լինելու է դժվար եւ երկարատեւ գործընթաց։ Պետք է լցվել համբերությամբ, աշխատել քրտնաջան։ Իհարկե, բանակցություններն ու լիարժեք ձեւաչափերը կարեւոր են, բայց ամենակարեւորն այն է, որ մենք պահպանենք միասնականություն, եւ բանակն իր մարտունակության բարձր աստիճանը կարողանա երաշխավորել նաեւ ապագայում։ Անվտանգությունն է կարեւորը մնացած բոլոր հարցերից։ Նույնիսկ եթե ուշանան բանակցությունները, բանակցային ձեւաչափի վերականգնումը, դա այնպիսի ազդեցություն չի թողնի մեր ապագայի վրա, ինչքան, եթե խարխլվի մեր անվտանգությունը։



**Փաշինյանին ուզում էին ցույց տալ իր տեղը**



Ալիեւի կրթության մասին Փաշինյանի «անթույլատրելի» արտահայտությունն արցախցիներին այնքան չի հուզել, որքան Փաշինյանին Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների ընթրիքի ժամանակ սեղանի ծայրին նստեցնելը։ Քանի որ սեղանն այդ կլոր էր եւ ծայր չուներ, նախկին պատգամավոր, «Մարտական խաչի» ասպետ Վահան Բադասյանը որոշել է, որ դա սեղանի ծայրամասն էր։ «Փաշինյանին ուզում էին ցույց տալ իր տեղը, բոլորից անջատված։ Եթե նույնիսկ ինչ-որ տողատակ եղել է, ապա տողատակն այդ ի օգուտ Նիկոլի էր։ Այնտեղ իրենց երկրները 20-30 տարի կեղեքող լիդերներ էին նստած, մեր Սերժ Սարգսյանի բարեկամներն ու գործընկերներն էին։ Նրանք իրենցից դուրս են դրել Փաշինյանին, որովհետեւ վախենում են, որ իրենց էլ է սպասվում Սերժի ճակատագիրը, բայց ավելի վատ տարբերակով։ Նրանց ժողովուրդները քաղաքակիրթ չեն հայերիս նման եւ Նազարբաեւի, Ալիեւի հետ անպայման հաշվեհարդար են տեսնելու»,- ասում է նախկին պատգամավորը։ Վերջին երեք օրը նա իր ընկերների հետ շփման գծում է անցկացրել։ Վստահեցնում է՝ կրակոցները դադարել են։ «Իհարկե, ես խոսում եմ փոքր՝ մոտ 20 կմ հատվածի մասին։ Մենք մինչեւ առավոտվա չորսն արթուն էինք, սահմանագծից ոչ այնքան հեռու։ Ամեն օր այնտեղ դիրքային կրակոցներ կային, իսկ վերջին երկու-երեք օրը հանգիստ էր»։ Բադասյանը Նիկոլին քննադատում է մեկ այլ հարցում, որ նա անհարկի հանդուրժողականություն է ցուցաբերում «նախկին ռեժիմի» ներկայացուցիչների նկատմամբ, բայց արտաքին քաղաքական հարցերում ողջունում է վարչապետին։ «Արցախի հակամարտության կարգավորման հարցում նա երկու սկզբունք է ազդարարել, որոնք հնչեցին ՄԱԿ-ի ամբիոնից։ Մեկը՝ որ Արցախը լինի բանակցային կողմ։ Երկրորդն էլ՝ որ Հայաստանը երաշխավոր է նրանում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Նա ասաց, որ եթե դուք ուզում եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ուրեմն դուք ուզում եք, որ 20-րդ դարում լինի հայկական երկրորդ ցեղասպանությունը»։ Ալիեւի կրթության մասին Վահան Բադասյանը եւս բարձր կարծիքի է, բայց շեշտում է․ «Ինչքան էլ մարդը կրթված լինի, նա ունի ազգային նկարագիր, որը կրթվածության աստիճանից չի փոխվում»։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**