Սոլսբերիի ռեստորանը դատի կտա մոդելին եւ նրա ամուսնուն

Սոլսբերիի ռեստորանը դատի կտա մոդելին եւ նրա ամուսնուն
Բրիտանական Սոլսբերիի Prezzo ռեստորանը հայտարարել է, որ դատի կտա ռուսական ծագմամբ մոդել Աննա Շապիրոյին եւ նրա ամուսնուն՝ Ալեքս Քինգին, ովքեր իբրեւ թե թունավորվել էին ռեստորան այցելելուց հետո՝ հաստատության գործարար համբավին հասված վնասի համար։ Այս մասին հայտնում է The Times-ը, մանրամասնելով, որ հարցն ավելի լուրջ ընթացք կստանա, եթե ապացուցվի, որ թունավորման տեսարանը եղել է բեմականացված։ Պարբերականը հավելում է, որ սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած դեպքից հետո հաստատությունը եւ գործարար համբավի լուրջ վնաս է կրել եւ ֆինանսական։



Նշենք, որ ենթադրյալ թունավորման դեպքից հետո բրիտանական իրավապահներն ու բժիշկները հերքել են, որ հնարավոր է լինի թունավորում «Նովիչոկ» նյարդակաթվածային նյութով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը դիտարկում է թունավորման բեմականացման վարկածը։ Այնուհանդերձ այս դեպքը հասարակության մոտ մտավախություններ է առաջացրել եւ հարվածել ռեստորանի գործունեությանը։ Շապիրոն սակայն պնդել է, որ իրեն փորձել են թունավորել, քանի որ ունի քննադատական վերաբերմունք ռուսական իշխանությունների նկատմամբ։