Դա այլանդակություն է՝ Վրաստանի վարչապետն իր ստորագրության կեղծման մասին

Դա այլանդակություն է՝ Վրաստանի վարչապետն իր ստորագրության կեղծման մասին
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն անդրադարձել է իր ստորագրության կեղծմանը, արձագանքելով Վրաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, երբ իր անունն ու ստորագրությունը հայտնվել էր ընդդիմադիրներին աջակցողների ցուցակում։  Բանն այն է, որ «Ուժը միասնության մեջ է» դաշինքի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի աջակիցների շարքում հայտնվել էր նաեւ Մամուկա Բախտաձեի ստորագրությունը։ «Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր ուժեր անթույլատրելի այլանդակություններ են անում, ինչպես եւ նախկինում, երբ եղել են իշխանության ղեկին։ Կարող եմ ասել միայն մի բան, դա՝ ստորագրությանս կեղծումը, ստոր այլանդակություն է, լիակատար անպատասխանատվություն։ Նույնիսկ խոսքեր չունեմ, որպեսզի համարժեք որակումներ տամ»,- ասել է Բախտաձեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Վրաստանում հակված են այս միջադեպը համարել որպես սեւ քարոզչության արշավ, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանրակրկիտ կերպով է ուսումնասիրել ստորագրությունները եւ որեւէ հանցավոր բան չի գտել։ Imedi-ի փոխանցմամբ, վարչապետի ստորագրության կեղծման դեպքը քննում է Վրաստանի Գլխավոր դատախազությունը։