Պատժվելու են՝ ոչ ոք չի կարող ինձ կանգնեցնել

Պատժվելու են՝ ոչ ոք չի կարող ինձ կանգնեցնել
Երեւանի ավագանու ընտրությունների քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու **Նաիրա Զոհրաբյանը** կրկնում է Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ վստահեցնելով, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դիակ են, եւ իրենք որեւէ կապ չունեն նրանց հետ։



«Սիրելի հայաստանցիներ, մի՛ վախեցեք իրենց ուրվականներից։ Այ, որ ասում են՝ նայեք, չընտրեցիք «Իմ քայլին», Ռոբերտ Քոչարյանը կգա։ Ուզո՞ւմ եք գա Ռոբերտ Քոչարյանը, ժողովուրդն ասում ա՝ չէ, չենք ուզում, դե, ուրեմն, պիտի ընտրեք Հայկ Մարությանին»,- երեկ լրագրողներին հայտարարեց Զոհրաբյանը։ Նկատեցինք, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ ինքը վերադարձել է քաղաքականությւոն, ինչպե՞ս է ստացվում, որ նա քաղաքական դիակ է։ «Դա նրա իրավունքն է… ես ուզում եմ ասել… էդ, որ ասում են՝ հանկարծ չընտրեք Մարությանին, Ռոբերտ Քոչարյանը հետ կգա․ բալիկ ջան, հանկարծ որ չքնես, մեշոկ պապին կգա։ Երեկ կենտրոնում տարբեր ակտիվ երիտասարդներ, բացելով երթուղայինների դռները, ասել են՝ ընտրելով ԲՀԿ-ին, դուք ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանը կարող է գալ, կարող է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ։ Ես ասում եմ՝ ԲՀԿ-ի միջոցով նախկին որեւէ պաշտոնյա, ով իր մեղավորության բաժինն ունի երկիրն այս վիճակին հասցնելու մեջ, ոմ անունը շոշափվում է Մարտի 1-ի գործով, չի գալու քաղաքականություն։ Իմ ասածը դա է։ Մեզ համար իրենք չկան, իրենք կան «Իմ քայլի» մեր գործընկերների համար»։ Իսկ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշի վերադառնալ քաղաքականություն, նրա՞ն էլ կհամարեք քաղաքական դիակ։ Այստեղ Նաիրա Զոհրաբյանին օգնության հասավ իր գործընկեր Պետրոս Ղազարյանը․ «Մենք դիակների մասնագետ չենք, դիմեք անատոմիկին»։



Նաիրա Զոհրաբյանը նաեւ վրդովված է երկրում տիրող ատելության մթնոլորտից։ Նա ասաց, որ իշխանական ֆեյքերն ու նրանց համակիրները հայհոյում են ոչ միայն իրեն, այլեւ իր հանգուցյալ հորը, դստերը, եւ ինքը պատրաստվում է այս հարցերը բարձրացնել միջազգային ատյաններում ու պաշտպանել իր արժանապատվությունը։ Բայց բավականին կոշտ գնահատականներ իրենք էլ են հնչեցնում Հայկ Մարությանի հասցեին, եթե Հայկը դառնա քաղաքապետ, ինչպե՞ս են հետո շփվելու նրա հետ, ինչպե՞ս են աշխատելու «շարքային գաստրալյորի» հետ։



«Եթե Հայկ Մարությանն ընտրվի քաղաքապետ, ես խոտսանում եմ Ձեզ, որ կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին՝ Երեւանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ։ Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, շարունակելու եմ իմ գործը, շարունակելու եմ զբաղվել իմ երկրի, Արցախի խնդիրներով։ Մենք նախահարձակ չենք եղել, Դուք, կարծում եմ, տեսել եք՝ իրենք են սկսել։ Իրենք, ի դեպ, սկսել են շատ արագ մաքրել այդ գրառումները, բայց մենք դրանց մեծ մասի «սքրինշոթերն» ունենք։ Դրանք կոնկրետ անձինք են՝ սփյուռքի նախարարությունում, ԿԳՆ-ում, պետական այլ կառույցներում աշխատող, «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի անդամներ են, «ՔՊ» կուսակցության ակտիվիստներ են, ովքեր քարոզել են ատելություն, անհանդուրժողականություն, ովքեր հնչեցրել են հարբած մուժիկին վայել հայհոյանք կնոջ հասցեին, իմ երեխայի հասցեին, իմ մահացած հոր հասցեին, իմ մոր հասցեին։ Պատասխան են տալու, Վահե ջան»։ Եվ ոչ ոք չի կարող իրեն կանգնեցնել։ «Սա իմ կյանքի հարցն է»,- ասաց նա։



«Ինչպես Նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետ է, նախարար է աշխատում մի քանի նախարարների փոխարեն, դրա համար իմ հարգարժան գործընկերոջ նյարդային հոգեվիճակն ինձ հասկանալի է, եւ ես հորդորում եմ անձանց՝ ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին իր նյարդային, լարված հոգեվիճակի եւ արած որոշ հայտարարությունների համար, լինել ներողամիտ, որովհետեւ շատ դժվար է բոլորի փոխարեն աշխատել եւ շատ դժվար է նաեւ աշխատել սեպտեմբերի 23-ից հետո քաղաքապետ»,- Փաշինյանին կես հեգնեց-կես կարեկցեց Զոհրաբյանը։



**-Ի՞նչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանի կողմի՞ց է այս ամենը ուղղորդվում, ժամանակին ձեր միջեւ որոշակի լարվածություն է եղել։**



-Այո, եղել է, մենք հետո Փաշինյանի հետ խոսել ենք, այդ միջադեպը հարթված է։ Ես հարգում եմ մեր անցած ճանապարհը Նիկոլի հետ, նաեւ՝ «Հայկական ժամանակ»-ում, ես իրեն վերաբերվում եմ մեծագույն հարգանքով, որովհետեւ ինքն իսկապես ուժեղ քաղաքական գործիչ է։ Ես ուզում եմ հավատալ, որ դա չի ուղղորդվել իր կողմից, բայց որ ուղղորդված է իր բազմաթիվ թիմակիցների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, դա միանշանակ է։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**