Ինչ լիազորություններ ունի Քննիչ հանձնաժողովը

Ինչ լիազորություններ ունի Քննիչ հանձնաժողովը
Այսօր տեղի ունեցավ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը,այն սկսվելուն պես հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն առաջարկեց նիստը հետաձգել, որպեսզի մասնակիցները կարողանան առաջարկություններ ներկայացնել աշխատակարգի սխեմայի վերաբերյալ։



«Պետք է պատասխանել հետեւյալ հարցերին. 1. Աշխատակարգի ինչ ռեժիմ եք առաջարկում։ 2. Հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու 3. Յուրաքանչյուրս առաջարկենք պահանջվող փաստաթղթերի ցանկն ու ինչ մարմնից պետք է պահանջենք, միջազգային կազմակերպություններից մասնագետներ հեւավիրենք թե չէ։ Որ պաշտոնատար անձանց հրավիրենք հանձնաժողովին որ դիրքորոշում հայտնեն»,-ասաց նա:



Հաջորդ նիստը նշանակվեց հաջորդ չորեքշաբթի։ Քննիչ հանձնաժողովի գործունեության սահմանափակումները Եթե ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի հանձնաժողովի նախագահ է դառնում կառավարող խմբակցության ներկայացուցիչը, ապա հանձնաժողովի նախագահի տեղակալի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցությանը, սակայն «ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը, ապա հանձնաժողովի նախագահի տեղակալի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է կառավարող խմբակցությանը»:



Այսինքն, ՀՀԿ-ականներն են որոշելու, թե հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ում թեկնածությունը ներկայացնել՝ ԲՀԿ-ականի, Ելք խմբակցության, թե ՀՅԴ-ականի թեկնածություն։ Օրենքով սահմանված է, որ Քննիչ հանձնաժողովը կարող է իր անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ՝ առանց որոշման, գրավոր դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ պահանջելով իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ։ Ինչպես նաեւ դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրման համար՝ պատվիրելով փորձաքննություններ, եւ ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները, հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ:



Քննիչ հանձնաժողովի պահանջած տեղեկությունները եւ եզրակացությունները պետք է նրան ուղարկվեն գրավոր դիմումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, եթե դիմումի մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ դիմումի հասցեատերը հանձնաժողովի պահանջը կատարելու համար ողջամիտ ժամկետ չի առաջարկում: Պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնաժողովի գրավոր դիմումով նրան են տրամադրվում օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի անդամները դիմումով պահանջվող տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաեւ դրանց գտնվելու վայրում: Հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:Եթե քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը զեկույցի վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովի նիստում զեկույցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով հատուկ կարծիքը:



Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որեւէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաեւ այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:Քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից, հանձնաժողովի գոյության առավելագույն ժամկետը վեց ամիսն է։ Հարկ ենք համարում ընդգծել, որ հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին , այսինքն, եթե կառավարության երեք գործընկերները՝ ՀՅԴ-ն, ՔՊ-ականները եւ ԲՀԿ-ականները բոյկոտեն այս հանձնաժողովը, ապա այն իրականում անգործության կմատնվի։