Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ սպառնալիքը՝ ուղղված ՀՀ վարչապետի կողմից, կրում է անօրինական բնույթ

Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ սպառնալիքը՝ ուղղված ՀՀ վարչապետի կողմից, կրում է անօրինական բնույթ
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ի հանրահավաքում հայտարարեց, թե Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը Հայաստանի միայն մեկ բանկում 30 միլիոն դոլար ունի, եւ այդ հաշվի վրա կալանք է դրված, ու պահանջեց, որ նա հրապարակային պարտավորվի՝ «մեկ շաբաթվա ընթացքում 30 միլիոն դոլարը եւ մնացածը հանելու եւ կամավոր վերադարձնելու է պետական բյուջե»։ Սրան ի պատասխան, Սաշիկ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ-ում գործող օրենքները թույլ չեն տալիս բռնագանձել գումարները, եթե չի հաստատվել դրանց անօրինական լինելը։



Սաշիկ Սարգսյանի փաստաբան **Միհրան Պողոսյանը** կարծում է, որ բոլոր ուժային կառույցները համակարգված «հարձակում են գործում» նրա վրա։ «Որովհետեւ էս պահի դրությամբ հասարակությանը, իշխանության ներկայացուցիչներին անհրաժեշտ են հնչեղ բացահայտումներ, կապ չունի, որ տվյալ բացահայտումը վերջում անօրինական կճանաչվի, Եվրոպական դատարանում Հայաստանը պարտություն կկրի»։



Ինչ վերաբերում է 30 միլիոն դոլարին եւ դրա ծագմանը, Միհրան Պողոսյանը նախ հիշեցրեց բանկային գաղտնիքի մասին, որի ապօրինի տիրապետումն ու դրա հրապարակումը քրեորեն պատժելի արարք են։ Իսկ կա՞ այստեղ բանկային գաղտնիքի հրապարակում։ Պողոսյանն ասաց․ «Ես չեմ կարող ասել, թե ՀՀ վարչապետին տվյալ տվյալները որտեղից, ամենայն հավանականությամբ, քննչական մարմինն է ներկայացրել ինչ-ինչ տվյալներ, որը մեզ հասու չէ։ Ես չեմ կարող ասել՝ օբյեկտիվ են տվյալները կամ ամբողջական են, թե ոչ, սակայն այն, որ ՀՀ քաղաքացու վերաբերյալ բանկային գաղտնիքի ապօրինի տիրապետում է տեղի ունեցել եւ հրապարակվել է այդ բանկային գաղտնիքը, դա իր լուրջ հետեւանքներն է ունենալու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա»։



**-Այսինքն՝ չի բացառվում, որ խոսքը ոչ թե 30, այլ, դիցուք, 130 միլիոն դոլարի մասին է։**



-Ես չեմ կարող ասել, որովհետեւ, կրկնում եմ՝ բանկային գաղտնիք է դա համարվում, սակայն պետք է հաշվի առնել, որ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ սպառնալիքը՝ ուղղված ՀՀ վարչապետի կողմից, կրում է անօրինական բնույթ։ Ինչպես գիտենք, Ալեքսանդր Սարգսյանը պաշտոնատար անձ չի հանդիսացել վերջին 6 տարում։ 2012 թվականին դադարել է պաշտոնատար անձ, մասնավորապես՝ ԱԺ պատգամավոր լինելուց, եւ դրանից հետո շարունակել է իր բիզնես գործունեությունը։ Ընդ որում, պետք է նշել, որ Ա․ Սարգսյանը մինչեւ 2003 թվականը նույնպես պաշտոնատար անձ չի հանդիսացել եւ մինչեւ 2003 թվականը նույնպես զբաղվել է հաջող բիզնես գործունեությամբ, ինչի արդյունքում էլ ձեւավորվել է նրա կարողության մեծ մասը։ Ինքն իր հայտարարության մեջ նշել է, որ իրեն պատկանող դրամական միջոցների մեծ մասը բանկային ավանդների վրա օրինական կարգով ավելացած տոկոսագումարն է կազմում։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ այդ ավելացած եկամուտներից ահռելի չափով հարկեր են վճարվել պետբյուջե, ինչն այս պարագայում խոսում է այն մասին, որ ինչ կարողություն էլ որ ունի Ալեքսանդր Սարգսյանը, դրանք օրինական կարգով ձեռք բերված եկամուտներ են։ Առավել եւս, պետբյուջե վերադարձման որեւէ իրավական գործընթաց սահմանված չէ, եւ սա որոշ անձանց քմահաճույքների արդյունքում կատարվելիք ենթադրյալ գործողություն է։



**-Նույնիսկ եթե պետբյուջե վերադարձման ենթակա չեն այդ գումարները, ամեն դեպքում, իրավապահ մարմինները կարո՞ղ են կասկածել, որ այդ գումարներն անօրինական ճանապարհով են ձեռք բերվել, եւ փորձեն ստուգել։**



-Տեսեք, եթե տվյալ գումարներն անօրինական լինեին, ապա դրանք որեւէ բանկային հաշվի չէին լինի։ Այսինքն՝ այն հանգամանքը, որ տվյալ գումարներն առաջացել են մինչ այդ Ալեքսանդր Սարգսյանի բիզնես գործունեությունից, հաստատվել է նաեւ բանկային հաշվում առկա լինելու հանգամանքով։ Հակառակ պարագայում ստացվում է, որ ՀՀ իրավապահ մարմինները ցանկացած անձի փողոցից կարող են հրավիրել իրենց մոտ եւ հարցնել՝ քեզ որտեղի՞ց տվյալ անշարժ գույքը, քեզ որտեղի՞ց նման կարողություն, ինչն օրենքով արգելված է։ Քրեական հետապնդման առարկա է հանդիսանում պաշտոնատար անձի կողմից ապօրինի հարստացումը։ Իսկ ես, ինչպես նշեցի, Ալեքսանդր Սարգսյանը 2012 թվականից պաշտոնատար անձ չի հանդիսանում։



**-Բայց տարիներ ի վեր խոսակցություններ են շրջում, որ Սաշիկ Սարգսյանը, այսպես կոչված, 50/50 «փայ է մտնում» տարբեր բիզնեսներում։ Հիմա եկել է այդ խոսակցությունների հաստատվելու կամ հերքվելու փուլը։**



-Իր հայտարարության մեջ պարոն Սարգսյանը նշեց, որ իրեն պատկանող կարողությունը ձեւավորվել է բացառապես միանձնյա իրեն պատկանող ընկերությունների բիզնես գործունեությունից։ Այսինքն՝ սրանով հերքվում են այն օդում կախված լուրերը, որ Ա․ Սարգսյանն այլ անձանց հետ տիրապետում է որոշակի բիզնես գործունեության։ Ընդ որում, պետք է նշել, որ երբ վարչապետը հայտարարեց, որ տվյալ գումարները պետք է վերադարձվեն բյուջե, մենք էդ պահից սկսած՝ արդեն կարծում ենք, որ ցանկացած ապօրինություն, նույնիսկ եթե անձ հայտնվի, որը որ նշի, թե Ալեքսանդր Սարգսյանն իր նկատմամբ անօրինականություն է արել, էդ ամենը կատարվում է նրա համար, որ վարչապետի հայտարարությունը հիմնավորվի եւ ի կատար ածվի։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**