Երևանում դատավորներին «ասողը» Երևանի դատարանի նախագահն է

Երևանում դատավորներին «ասողը» Երևանի դատարանի նախագահն է
Ուժային կառույցների ղեկավարների խոսակցության սկանդալային գաղտնալսումն ու դրա հրապարակումն ակամա ուշադրություն հրավիրեց դատական համակարգի եւ դատավորների վրա։ Արդեն հայտնի է, որ հեռախոսազրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մատնանշած «դատավոր Հրաչն» իրականում Վաչե Մարգարյանն է, ով բավարարել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։ Մարգարյանը հաջորդ օրը հերքեց խոսակցության այդ մասը՝ ասելով, որ ինքը երբեք չի խոսել ԱԱԾ պետի հետ։ Բայց դա դեռ չի նշանակում, որ Մարգարյանն այս խոսակցության հերոսը չէ։ Մենք տեղեկացանք, որ իրականում ոչ թե Վաչե Մարգարյանն է զանգել Վանեցյանին, այլ Մարգարյանի համար են զանգել։



Բանն այն է, որ Վաչե Մարգարյանն այդ օրերին հայտնվել է անորոշ եւ ահաբեկված վիճակում․ մի կողմից կար քաղաքական հրահանգ՝ «փակել» Քոչարյանին, մյուս կողմից նա պետք է համարձակվեր իսկապես «փակել» երկրի երկրորդ նախագահին։ Համաձայնեք՝ ոչ բոլորը կհամարձակվեին այդ քայլին գնալ։ Ոչ մի դատավոր ինքնուրույն նման որոշում չի կայացնում։ Իսկ ընդունված ավանդույթի համաձայն՝ նրա վերադաս դատարանը կամ իր դատարանի նախագահն է ասում, թե ինչ անի։ Այս պարագայում դատավորը նախ փորձել է ճշտել իր անելիքը դատարանների նոր «վերադասից»՝ Բարձրագույն դատական խորհրդից, եւ դիմել է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին, սակայն Հարությունյանը հրաժարվել է այս հարցում ստանձնել պատասխանատվություն եւ որեւէ կերպ կողմնորոշել դատավորին։ Նա զայրացել է այս փաստից եւ ձեռքերը լվացել՝ հայտարարելով, որ եթե դատավորը չունի բավարար կամք՝ ինքնուրույն որոշում կայացնելու, ուրեմն նա չի կարող դատավոր աշխատել։ Սակայն, մեր տեղեկություններով, առաջին ատյանի դատարանների համար իրական «ասողը»՝ Երեւանի մեկ միասնական դատարան ձեւավորվելու օրվանից ի վեր, այս դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանն է՝ Արման Մկրտումյանի մոտ ընկերը եւ սանիկը, որը զարմանալիորեն վերանշանակվեց այս պաշտոնում, չնայած Մկրտումյանի աստղն արդեն գնում էր մարման։ Հենց Վարդազարյանն էլ փորձել է ճշտել իշխանությունների «բերանի գոլը» եւ բանակցել է նրա հետ։ Նա, ասում են, միշտ էլ կարողացել է ուժայինների եւ իշխանությունների հետ լեզու գտնել։ Ըստ լուրերի, հենց նա էլ խոսել է Վանեցյանի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ Ազգային ժողովում հայտարարեց, որ իրեն զանգում են դատավորներ եւ հարցնում, թե ինչպես վարվել։ Ի դեպ, երբ խոսվում էր Բաղրամյան 26-ից դատավորներին այլեւս զանգեր չանելու մասին, խոսքը ոչ թե ուղիղ իմաստով զանգելուն էր վերաբերում, այլ ենթադրվում էր, որ դատավորներին որեւէ կերպ չեն հրահանգավորում։ Այսինքն՝ նրանք եւս չեն զանգում պաշտոնյաներին եւ հրահանգ աղերսում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**