Հայաստանի նոր իշխանությունները փորձում են Պուտինի համբերությունը. tsargrad.tv

Հայաստանի նոր իշխանությունները փորձում են Պուտինի համբերությունը. tsargrad.tv
Հանրապետականները Հայաստանում փորձում են փրկել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին բանտարկությունից։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էլ ստիպել է Մոսկվային բացահայտ հայտարարել ունեցած դժգոհությունների մասին։ Այս մասին գրում է tsargrad.tv-ն։



Ըստ հրապարակման, ամենայն հավանականությամբ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հաշվեհարդարը արդեն անխուսափելի պիտի համարվի։ Նախկին իշխող կուսակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել, որպեսզի ազատ արձակի նախկին նախագահին կալանքից։ Հոդվածում հպանցիկ անդրադարձ է արվում 2008 մարտի 1-2-ի դեպքերին եւ նշվում, թե ով է մեղավոր եւ ով արդար, կորոշի դատարանը, սակայն Մոսկվայի հայեցակետը հստակ է՝ Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով եկել է իշխանության այսպես կոչված թավշյա հեղափոխության արդյունքում, սկսել է հաշվեհարդար տեսնել բոլոր նրանց հետ, ովքեր համարվում են Կրեմլի բարեկամները, որոնց շարքին անխոս, դասվում է նաեւ նախագահ Քոչարյանը։



Հոդվածում խոսվում է նաեւ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված քրեական մեղադրանքի մասին եւ բերվում զուգահեռ, թե որքանով է հնարավոր, ասենք, որ Նորվեգիան քրեական հետապնդում սկսի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգի հանդեպ։ «Մոսկվայի արձագանքը ցույց տվեց, որ իրավիճակն արդեն չափազանց հեռուն է գնացել, եւ այստեղ արդեն խոսքը չի վերաբերում ներհայկական գործերին, ինչպես սիրում էին ասել Հայաստանում ապրիլյան հայտնի իրադարձությունների ժամանակ»,- նկատում է պարբերականը եւ շարունակում, որ բանը հասավ այնտեղ, որ գործին խառնվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ուղիղ հայտարարությամբ քննադատելով Երեւանի իշխանություններին։



Հոդվածում կա անդրադարձ նաեւ այն մասին, որ թեեւ Փաշինյանը ամեն կերպ փորձում է փարատել կասկածներն առ այն, որ Երեւանը անցնում է արեւմտյան քաղաքական կուրսի՝ հայտարարելով, որ ՀԱՊԿ անդամակցությունն ու բարեկամությունը Ռուսաստանի հետ նման են «սրբազան կովերի», սակայն այսպես, թե այնպես ավելի ցածր մակարդակում եւ հատկապես սոցցանցային հարթակներում նույնիսկ խոսվում է ռուսական բազան Հայաստանից հանելու մասին։